Սկսել են աշխատել, հիմա էլ անցումային արդարադատություն կիրականացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի կառավարությունը այս օրերին շատ լուրջ զբաղված է անցումային արդարադատության նախագծի մշակմամբ այն վերջնական տեսքի բերելու համար: Բանն այն է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է այս տարվա ընթացքում արդեն ներկայացնի այն գործիքակազմը, որով գործի կդրվեն անցումային արդարադատության լծակները: Ու,ըստմերտեղեկությունների, իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի առաջիկայում արդեն հստակեցվեն այն անելիքները, որոնք կիրականացնի անցումային արդարադատությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը իշխանության ներկայացուցիչներից տեղեկացավ, որ նպատակ կա առաջիկայում արդեն հստակեցնել անցումային արդարադատության փաստահավաք խմբի շրջանակը: Նշենք, որ փաստահավաք խումբը պետք է զբաղվի 1991-2018 թվականներին Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերի ուսումնասիրությամբ:

Ըստ իշխանության ներկայացուցիչների՝փաստահավաք հանձնաժողովը հավաքելու է 1991 թվականի սեպտեմբերիցտեղի ունեցած ընտրական գործընթացներում, 1991 թվականի սեպտեմբերից հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների, Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումների, սեփականազրկումների դրսեւորումները, ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների դեպքերի մանրամասները: Փաստահավաք հանձնաժողովի գործառույթները ներառելու են նաեւ դատական եւ իրավապահ մարմինների գործունեության ուսումնասիրության մեթոդաբանության մշակումը եւ այդ գործունեությանը գնահատական տալը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ իշխանությունները նպատակ ունեն փաստահավաք խմբում ներառել այնպիսի լուրջ անձանց, որոնք կկարողանան նման տեղեկությունները հավաքել, ուսումնասիրել եւ ներկայացնել իրականությունը: Մեզ հետ մասնավոր զրույցներում նշում էին նաեւ, որ, հնարավոր է, այս գործընթացինորեւէ մասնակցություն չունենան հայրենի օրենսդիրները, քանի որպետք է խմբում լինեն շատ պրոֆեսիոնալ մարդիկ: Նշենք նաեւ, որ նախատեսված է, թե փաստահավաք խումբը պետք է ունենա մոտ 20 անդամ,ու այն աշխատելու է 2 տարի:

Հավելենք, որ դեռեւս մարտի 6-ին ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը Թունիսում մասնակցում էր անցումային արդարադատության վերաբերյալ գիտաժողովին, որտեղից իշխանությունները ցանկանում են տեղեկություն ստանալ դրա կիրառման վերաբերյալ:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի հետ՝ պարզելու համար, թե անցումային արդարադատության հետ կապված օրենքի նախագիծը ինչ փուլում է, ինչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

-Պարո՛ն Գրիգորյան, Դուք Թունիսում էիք գտնվում անցումային արդարադատության վերաբերյալ փորձի փոխանակում իրականացնելու համար. ի՞նչ արդյունք ունեք, արդյոք կարողացա՞ք Ձեզ հուզող հարցերին պատասխաններ գտնել:

-Հանդիպումը կազմակերպել էր անցումային արդարադատության միջազգային մարմինը, որի ժամանակ տարբեր երկրների փորձերն է ներկայացվում, այդ թվում նաեւ՝ Թունիսի փորձը՝ անցումային արդարադատության հետ կապված:

-Եւ ի՞նչ արդյունք ունեք Դուք, արդյոք ներկայացվող փորձը հնարավո՞ր է կիրառել Հայաստանում: Անցումային արդարադատությունը ի՞նչ արդյունք է ունեցել այլ երկներում, ու, ըստ Ձեզ, այն ի՞նչ արդյունք է ունենալու Հայաստանում:

-Նախ՝մենք անցումային արդարադատության նախագիծը կդնենք հանրային քննարկման:Դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությունում դա նախատեսված է, որ այն հանրային քննարկման պետք է դրվի: Երբ դրվի նախագիծը, այդ ժամանակ էլ Դուք կտեսնեք, կծանոթանաք, թե ինչի մասին է խոսքը:

-Մեր տեղեկությունների համաձայն՝ այժմ կանոնակարգվում ենփաստահավաք խմբի աշխատանքները, ձեւավորվում է այն հանձնաժողովը որը հիմնական գործառույթը պետք է իրականացնի անցումային արդարադատության իրականացման համար: Արդյոք այժմ այդ աշխատանքնե՞րն եք իրականացնում:

-Ամեն ինչ մեր ռազմավարությունում ֆիքսված է՝ այն ժամկետները, որի շրջանակներում մենքպետք է ներկայացնենք ամեն ինչ: Փաստահավք խմբի հետ կապված՝մենք նախագիծը կներկայացնենք, կտեղեկանաք, թե ինչի մասին է խոսքը: Ռազմավարության հետ կապված գործողությունները ՀՀ արդարադատության նախարարությունը այժմ անում է: Ես կարող եմ այս պահին այսքանը ասել: Այդ գործողությունների շրջանակներում երբ նախագիծն արդեն պատրաստ լինի, մենք այն կդնենք հանրային քննարկման, որի ժամանակ էլ արդեն բոլորը կծանոթանան:

-Իսկ կա՞ կոնկրետ ժամանակ ֆիքսված, երբ նախարարությունը նախագիծը կդնի շրջանառության մեջ, քանի որ. ըստ մեր տեղեկությունների գրեթե արդեն պատրաստ է ու առաջիկայում այդ հարցում կլինեն հստակեցումներ, կուղարկվի խորհրդարանի հաստատմանը: Դրանք իրակա՞ն տեղեկություններ են:

-Շուտով կունենանք նախագիծը երեւի, հստակ ժամկետներ չեմ կարող ասել:

-Այսինքն՝ առաջիկա ամիսներին կներկայացվի՞:

-Այո, իհարկե: Մեր ներկայացրած ռազմավարության ժամկետներով մենք առաջ ենք շարժվում, մեր աշխատանքներն ենք իրականացնում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս