ԵՐԵՍՈՒՆ ՀՈԳՈՎ ԾԵԾԵԼ ԵՆ ՄԵԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս  փետրվարի 20-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Երեւանի Չայկովսկու փողոցում. մի դեռահաս տղայի ծեծել ու անօգնական վիճակում թողել էին փողոցի կենտրոնում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ծեծված տղան 15-ամյա Նարեկ Նաջարյանն է, որին տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Պատանին այնտեղ  մնացել էր շուրջ 9 օր, որից հետո զարթնել եւ չէր հիշել, թե իր հետ իրականում ինչ էր կատարվել: Երեկ զրուցեցինք Նարեկի հոր` Ռոման Նաջարյանի հետ, որը պատմեց, թե ինչ էր պատահել իրականում, եւ ինչու էր Նարեկը այդ վիճակում հայտնվել:
Նախ մի քանի բառով հիշեցնենք, թե վերը նշված օրը ինչ էր տեղի ունեցել: Պատանին մի խումբ տղաների հետ վիճաբանելուց հետո ծեծի էր ենթարկվել եւ անօգնական վիճակում, արյունլվա ընկած էր փողոցի մեջտեղում: Տեղեկացրել էինք, որ նա սովորում է Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որը բոլորին հայտնի է որպես Աշոտ Բլեյանի դպրոց: Երկար ժամանակ «Ժողովուրդ»-ին չէր հաջողվում զրուցել Նարեկի ծնողների հետ, քանի որ վերջիններս հրաժարվում էին խոսել` մինչեւ «ուշքի կգային»: Երեկ Նարեկի հայրը` Ռոման Նաջարյանը,  ի վերջո համաձայնեց մեզ հետ զրուցել եւ պատմել այդ օրը տեղի ունեցածի մասին:
«Նարեկի ընկերուհուն վիրավորել են, ընկերուհին սկզբում սովորել է այն դպրոցում, որտեղ այդ վիճաբանությունը տեղի է ունեցել, ու Նարեկը գնացել էր դպրոց՝ պարզելու, թե այդ աղջկա հետեւից ինչ են խոսում: Պայմանավորվել են հանդիպել՝ այդ հարցի շուրջ խոսելու համար, բայց իրենք երկար չեն խոսել, միանգամից հարձակվել են Նարեկի վրա: Արդեն պարզել ենք, թե ովքեր են եղել Նարեկի հետ կռվողները, խոսել եմ նրանց ծնողների հետ: Ուղղակի հասկացե՛ք, իրենք անչափահաս են, եւ ես չեմ կարծում, որ կարելի է ընթացք տալ, սենց թե նենց` գործը քննվում է, մնացածն էլ օրենքի սահմաններում թող որոշեն»,-ասաց Նարեկի հայրը:
Ռոման Նաջարյանը հավելեց, որ որդու վիճակը շատ վատ է եղել. «Հիմա նույնիսկ մի քիչ խնդիրներ են մնացել՝ աչքի հետ կապված, բուժումն էլի շարունակվում է, ինքը ծանր գանգուղեղային տրավմա է տարել ու չի էլ հիշում, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Գիտակցության եկել է հիվանդանոցում, ու իր 15-ամյակը լրացավ հիվանդանոցում հայտնվելուց 7 օր հետո, անգամ ինքն այդ օրը չի հիշում: Հիմա կամաց-կամաց վերականգնվում է, բայց ասեմ, որ իրան միանգամից խփել են ու որեւէ բան իր հետ չեն խոսել, հավաքված են եղել ու սպասել Նարեկին»:
Տեղեկացանք նաեւ, որ Նարեկին բութ գործիքով են հարվածել ու հետո սկսել են ձեռքերով խփել, իսկ պատանին գործիքի հարվածից հետո անմիջապես ուշագնաց է եղել: «Հիմա մի հարց կա, քանի որ Նարեկի ուղեղի վրա գեմատոմաներ կային, հիմա էդ հատվածը, որը վնասվել էր, դեռեւս պարզ չէ, թե դա ինչ ֆունկցիաների վրա է ազդում, հետագայում ուսումնասիրությունների արդյունքում պարզ կլինի, թե որ օրգանի վրա է ազդել, իսկապես իր վիճակը վատ էր»,-հավելեց Նարեկի հայրը:
Զրուցեցինք նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանի ծրագրի ղեկավար Մարիետա Սիմոնյանի հետ: Նա նշեց, որ Նարեկը շատ կիրթ ընտանիքից է. «Շատ ընկերասեր, թասիբով տղա է Նարեկը, ուղղակի գնացել է իր ընկերուհու հետ կապված խոսելու, եւ իրեն այդպես վայրենաբար ծեծել էին, հիմա վիճակն արդեն լավ է, փառք Աստծո, հիմա էլի նույն ակտիվ Նարեկն է»:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ 15-ամյա Նարեկն իր ցուցմունքում հայտնել է, որ Երեւանի թիվ 3 դպրոցի մոտ միայնակ հանդիպել է նույն դպրոցի սան Գրիգոր Արտեմի Տերյանի ու շուրջ 30 երիտասարդ տղաների հետ: Ծավալված կռվի ընթացքում Տերյանի  հարվածից Նարեկն ուշագնաց է եղել ու այլեւս ոչ մի բան չի հիշում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ, պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս