ԾԵԾՎԱԾ ՏՂԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Երեւանի Չայկովսկու փողոցում: Մի դեռահասի ծեծել էին եւ անօգնական վիճակում թողել փողոցի մեջտեղում: Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 15-ամյա Նարեկ Նաջարյանին «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Պարզվում է` վերջինս իր ընկերուհու պատիվը պահելու պատճառով է նման իրավիճակում հայտնվել:
Հիշեցնենք, որ մենք տեղեկացրել էինք, թե վերը նշված օրը մի խումբ տղաների հետ վիճաբանելուց հետո մի պատանի արյունլվիկ վիճակում ընկած էր փողոցի մեջտեղում:  Տեղեկացրել էինք նաեւ, որ պատանին 15-ամյա  Նարեկ Նաջարյանն  է, որը սովորում է  Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Նարեկին երկար ժամանակ օգնություն էին ցույց տալիս այդ տարածքի անցորդները, մինչեւ դեպքի վայր հասավ շտապօգնությունը:
«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` Նարեկը վիճաբանել է նույն դպրոցում սովորող  14-ամյա Ռուբիկ Գաբոյանի հետ, որի ուժգին հարվածից էլ այդ վիճակում է հայտնվել: Վերջիններս վիճաբանել են իրենց դպրոցում սովորող մի աղջկա պատճառով, որը Նարեկ Նաջարյանի ընկերուհին է:  Սակայն Ռուբիկը ժխտում է, որ ինքն է վիճաբանել 15-ամյա տղայի հետ եւ դաժանաբար ծեծել նրան: Մեր տեղեկություններով` Ռուբիկի հայրը գիտի, որ որդին է այդ ամենի հեղինակը, եւ խոստացել է իր ձեռքով որդուն տանել ոստիկանություն:
Նշենք նաեւ, որ ծեծված պատանուն տեղափոխել էին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց: 15-ամյա Նարեկ Նաջարյանը փակ գանգուղեղային տրավմա էր ստացել եւ ի վիճակի չէր եղել ոստիկանությանը հաղորդագրություն տալ, թե իրականում ինչ է կատարվել, եւ ովքեր են եղել իրեն ծեծողները:
Երեկ զրուցեցինք հիվանդանոցի փոխտնօրեն Լեւոն Գրիգորյանի հետ` պարզելու համար, թե Նարեկն ինչ առողջական խնդիրներ ունի. «Աչքի հատվածում լավ հարված էր ստացել` պատռվել էր, կարել ենք, հիմա էլ ուռածություն կա, որը պետք է լավանա, որպեսզի նրան դուրս գրենք: Հիմա մի քիչ տեսողության հետ խնդիրներ ունի, քանի որ հարվածը ուժեղ է եղել, արյունազեղում է տեղի ունեցել, բայց վտանգավոր ոչ մի բան չկա: Նշեմ, որ կուրացման վտանգ չկա, սկզբում վերակենդանացման բաժանմունքում էր, հիմա բաժին են տեղափոխել»:
Զրուցեցինք նաեւ Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ` պարզելու` արդյոք տեղյակ է, թե իր սաները ինչու են  հայտնվել այդ վիճակում, եւ ինչն է եղել այդ ծեծկռտուքի պատճառը: Պարոն Բլեյանն ասաց, որ իրենց դեռեւս ոչինչ հստակ հայտնի չէ. «Այժմ Նարեկը գտնվում է հիվանդանոցում, շատ լավ, հոգատար ծնողներ ունի, ինքն էլ շատ աշխույժ, ակտիվ եւ մարզված տղա է: Գործը գտնվում է Կենտրոնի ոստիկանության բաժնում, մնացածը ենթադրությունների ոլորտից է: Ոստիկանությունից մեզ չեն այցելել, իսկ ծնողներն էլ չեն ցանկանում այդ թեմայով խոսել, կենտրոնացած են Նարեկի առողջության վրա»:
Թե ովքեր են եղել Նարեկ Նաջարյանի հետ, եւ ովքեր են մասնակցել վիճաբանությանը, Բլեյանը դժվարացավ նշել, ասաց, որ նման տեղեկություն դեռեւս չունեն: «Նարեկին դեռեւս խոսեցնել չենք կարող, մենք էլ ունենք մտավախություն, կասկած, որ Նարեկն այստեղից մենակ չի գնացել: Պարզ է, որ ծեծողները մեր կրթահամալիրից չեն, ենթադրում ենք, թե ովքեր են եղել մյուս կողմում: Սակայն  նշեմ, որ դրանք բոլորը ենթադրության վրա են: Ծեծողներն այլ դպրոցից են եղել, ես վստահ կարող եմ ասել, դա բացառվում է, որ այս դպրոցից լինեն: Ասում են` համացանցում կարդացել է, որ իր ընկերուհուն նեղացրել են: Նարեկի ընկերուհին` Աննան,  մեր սանն է, 11-րդ դասարանում է սովորում, նա մեր դպրոց է տեղափոխվել թիվ 3 դպրոցից: Նա  միայն լաց է լինում եւ ասում,  որ տեղյակ չէ, թե իրականում ինչ է կատարվել»,-նշեց կրթահամալիրի ղեկավարը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցից փետրվարի 20-ին՝ 16:05-ին, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ մի պատանի է տեղափոխվել: Ներկայումս հետաքննությունը շարունակվում է, եւ ամեն ինչ արվում է Նարեկ Նաջարյանին ծեծողին հայտնաբերելու ուղղությամբ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս