Արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ անձնագրային բազմաթիվ բաժանմունքներում քաոսային վիճակ է: Բանն այն է, որ մարդիկ օրերով ու շաբաթներով հերթագրվում են ու սպասում իրենց նոր՝ կենսաչափական անձնագրերին եւ նույնականացման քարտերին: ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի անձնագրային բաժանմունքում նման իրավիճակ արձանագրեց նաեւ «Ժողովուրդ»-ը:
Նշենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից քաղաքացին կարող է իր` ժամկետը լրացած անձնագիրը փոխարինել 2 փաստաթղթով՝ նույնականացման քարտով եւ կենսաչափական անձնագրով: Նույնականացման քարտն ինքնությունը հաստատող փաստաղթուղթ է, օգտագործվում է միայն Հայաստանի տարածքում: Իսկ կենսաչափական անձնագրի պետական տուրքը 25 հազար դրամ է, եւ այն հեշտացնում է դեսպանատներում մուտքի արտոնագրեր ստանալը, սահմանային կետեր անցնելը: Փաստաթղթերը տրամադրվում են 15 աշխատանքային օրվա ընթացքում եւ 10 տարի ժամկետով:
Վարդենիսի անձնագրային բաժանմունքում սպասող քաղաքացիները, որոնց մեծ մասը ծերեր էին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացան՝ նշելով, որ ժամկետանց անձնագրի պատճառով չեն կարողանում թոշակ ստանալ եւ իրենց մյուս կարեւոր հարցերը կարգավորել:
Նրանցից մի քանիսը ժամկետանց անձնագրով նույնիսկ ամիսներ, տարիներ շարունակ թոշակ են ստացել: Ի դեպ, քաղաքացիներ կան, ովքեր հաշմանդամ են ու տանից դուրս չեն կարող գալ, ինչի պատճառով էլ չեն կարողանում գնալ անձնագրային բաժանմունք եւ լուսանկարվել:
Անելանելի վիճակում հայտնված քաղաքացիները ստիպված անձնագրային բաժանմունքից պահանջում են 9-րդ ձեւ կոչվող փաստաթուղթը, որով կկարողանան ե՛ւ թոշակ ստանալ, ե՛ւ իրենց մյուս հարցերը կարգավորել: Արդյունքում գոյացել են մեծ հերթեր եւ մարդիկ իրենց գործերը մի կողմ թողած` օրերով սպասում են, թե երբ են ստանալու իրենց նույնականացման քարտը կամ անձնագիրը: Վարդենիսի բաժանմունքում «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց նաեւ, որ բավարար նստարաններ չկային, իսկ ծերերը հիմնականում կանգնած էին սպասում:
Քաղաքացիներից մեկը՝ Հակոբը, «Ժողովուրդ»-ին զայրացած պատմեց, որ Ռուսաստանի Դաշնություն մեկնելու իր ավիատոմսը վաղուց գնված է: Նա անձնագրի ժամկետը երկարացնելու համար դեռեւս փետրվարի 14-ին է դիմել, բայց մինչեւ հիմա այն չի ստացել: «Տասը անգամ եկել- գնացել եմ: Փետրվարի 14-ին դիմել եմ եւ մինչեւ հիմա չկա: Ասում են՝ թող գնա, պասպորտ չկա: Իսկ իմ ընտանիքը ՌԴ-ում է: Եկել եմ երկարացնեմ ու գնամ: Հիմա չգիտեմ, թե ինչ անեմ»,- վրդովվեց քաղաքացին:
«Ժողովուրդ»-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության մամլո խոսնակ Արամայիս Շահբեկյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ քաղաքացին ամիսներ շարունակ ժամկետանց անձնագրով թոշակ է ստացել: «2011-ից հետո համակարգում մեծ փոփոխություններ են արվել, բայց մեր թոշակառուները 500 հազարից ավելի են: Չի բացառվում, որ այս ընթացքում մեկ կամ երկու նման դեպք լինի:
Սա համակարգային խնդիր չէ: Եվ բացառվում է, որ մի տարածաշրջանում այս խնդրի հետ կապված բազմաթիվ ահազանգեր լինեն»,-վստահեցրեց Շահբեկյանը:
Նրա խոսքով՝ երբ քաղաքացին ժամկետը լրացած անձնագրով մոտենում է, բայց ունի սոցիալական քարտ, որի թիվը համապատասխանում է թոշակների համար տրամադրված ցուցակում գրված թվին, ապա նա կարող է թոշակ ստանալ: «Կան քաղաքացիներ, ովքեր ունեն «ծակած» անձնագիր, դրանով չեն կարող թոշակ ստանալ, բայց այս դեպքում քաղաքացին կարող է անձնագրային բաժանմունքից ներկայացնել 9-րդ ձեւ կոչվող թուղթը: Սա է պատճառը, որ անձնագրային բաժանմունքներում նման հերթեր են գոյանում: Եվ այս գործընթացը դեռ որոշակի ժամանակահատված կշարունակվի, մինչեւ քաղաքացիները նույնականացման քարտեր ձեռք կբերեն եւ տեղեկատվական բազայի մեջ կփոխվեն տվյալները»,-լրացրեց մեր զրուցակիցը:
Իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Գեւորգ Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Եթե քաղաքացին ժամկետանց անձնագրով է մոտենում, ապա բոլոր աշխատակիցներն էլ քաղաքացիներին զգուշացնում եւ ուղղորդում են երկարաձգել անձնագրի ժամկետը։ Մեր աշխատակիցը պարտադիր ստուգում է, որ անձնագրի մեջ գրված անունն ու ազգանունը համապատասխանեն թոշակի ցուցակում գրվածի հետ, ինչպես նաեւ անձնագրի սերիան»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՈՐՊԵՍԶԻ ՖԻԼԱ-Ն ՉՊԱՏԺԻ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարի պետական բյուջեից 220 միլիոն դրամ է հատկացվել ըմբշամարտի, 165 միլիոն՝ ծանրամարտի, 110 միլիոն՝ բռնցքամարտի ֆեդերացիաներին։ Ընդ որում, ըմբշամարտի ֆեդերացիային հատկացվող գումարը կիսվում է հունահռոմեական եւ ազատ ոճերի միջեւ։
Օրերս ԱՄՆ-ում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ երկրորդ կազմով հանդես եկած մեր ազգային հավաքականը զբաղեցրեց վերջին՝ 10-րդ հորիզոնականը։ Բնական հարց է ծագում՝ ի՞նչ կարիք կար երկրորդ կազմով հասնել ԱՄՆ եւ զբաղեցնել վերջին հորիզոնականը։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, քանի որ մարտի 30-ին Եվրոպայի առաջնությունն է, իսկ ԱՄՆ-ից վերադառնալը պահանջում է 12-ժամյա թռիչք, կլիմայափոխություն, այլ բարդություններ, ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն ու ֆեդերացիան նպատակահարմար են գտել, որպեսզի երկրորդ թիմը մեկնի ԱՄՆ։ Իսկ չմասնակցել չէին կարող, որովհետեւ թիմ չներկայացնելու դեպքում ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԼԱ-ն, պատժամիջոցներ է կիրառում, տուգանում է։ Արդյոք պետբյուջեից գումարը ժամանակին հատկացվո՞ւմ է, բավարարո՞ւմ է բոլոր ծախսերը հոգալուն. մեր այս հարցին ի պատասխան` ֆեդերացիայի փոխնախագահը նշեց. «Ամեն եռամսյակ հատկացվում է, եռամսյակի վերջին հաշվետվություն ենք ներկայացնում։ Բյուջեի հատկացրած գումարն իրավունք ունենք ծախսել միայն ուսումնամարզական հավաքների, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին մասնակցելու համար, որն էլի ինչ-որ տեղ չի բավարարում։ Եվ ֆեդերացիան ինքն է հոգում այդ պակասի, ինչպես նաեւ մարզիկների աշխատավարձի, պարգեւավճարների հարցը։ Ընդ որում, այդ գումարը երկու-երեք անգամ բյուջեից հատկացվող գումարից շատ է»։ Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը «Տաշիր գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանն է։
Քանի որ ամեն դեպքում Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն-ՀԱՕԿ հակամարտությունը պահպանվում է, հետաքրքիր էր իմանալ, թե ինչ հարաբերություններ ունի ֆեդերացիան այդ երկու կառույցների հետ։ «Նորմալ հարաբերություններ են. ամեն մարդ իր գործով է զբաղված, ամեն խնդրով էլ համագործակցում ենք»,- նշեց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է հավաքականների առաջիկա ծրագրերին, ապա ազատ եւ հունահռոմեական ոճի ազգային հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, որին առաջինները կմեկնեն մարտի 30-ին, իսկ երկրորդները՝ ապրիլի 3-ին։ Դրանից հետո՝ արդեն սեպտեմբերին, Տաշքենդում կայանալու է աշխարհի առաջնությունը։ Իսկ պատանիները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, որը նաեւ պատանեկան օլիմպիական խաղերի համար վարկանիշային է համարվում։ Դա պարզ կլինի արդեն մայիսին։
Ռ. ԹԱԹՈՅԱՆ
ՄԱՐԶԵՐ
ԹԱՂՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մարտի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում վերջին հրաժեշտը տվեցին 89-ամյա Լուսյա Բարսեղյանին: Տարեց կնոջ վերջին կամքն էր ամուսնու՝ շատ տարիներ առաջ կյանքից հեռացած Մարտին Բարսեղյանի կողքին թաղվելը: Եվ այդ կամքը կատարելու համար հարազատները նրա մարմինը Ֆրանսիայի Լիոն քաղաքից օդանավով հասցրել են Երեւան, այնտեղից էլ 200 կմ՝ սահմանամերձ Կողբ: Լուսյա Բարսեղյանը մեկ շաբաթ առաջ էր մահացել, պարզապես Փարիզից Երեւան թռչող առաջին ինքնաթիռում սառնարանային համակարգ չի եղել, այդ պատճառով էլ հնարավոր չէր կնոջ դին դրանով տեղափոխել: Լավ է, որ Լուսյայի զավակները Մոսկվայում, Ֆրանսիայում եւ այլուր, բարեկեցիկ են եւ կարողացել են իրականացնել հայրենի հողում վերջին հանգրվանը գտնելու վերաբերյալ կնոջ կամքը: Անցած 23 տարում Հայաստանից մեծ թվով բնակիչներ են արտագաղթել: Արտերկրում տարբեր պատահարների եւ հիվանդությունների պատճառով նախկին հայաստանցիների մահվան դեպքերը բազմաթիվ են: Արտասահմանում մահացածների մի մասին թաղման նպատակով Հայաստան են տեղափոխում: Մնացածներին տեղում են հուղարկավորում, որպեսզի այդտեղ բնակվող հարազատները կարողանան հաճախ այցի գնալ մահացածի շիրմին: Ուշագրավ է մի բան: Արտերկրի հայերը շատ դեպքերում դրսում հաջողության հասնելով՝ բացի հարազատների շքեղ շիրմաքարերից, որոշ դեպքերում՝ նաեւ հայրենի բնակավայրում եկեղեցի կառուցելուց, Հայաստանում բիզնես գործունեություն չեն ծավալում, ձեռնարկություններ չեն հիմնում: Նրանք իրենց հարազատներից, այլ աղբյուրներից իրազեկ են Հայաստանում բիզնես ստեղծելու եւ այն կորցնելու վտանգների մասին: Մինչ Հայաստանի կառավարությունը աշխարհի դոնոր երկրներից եւ կազմակերպություններից վարկեր է հայցում, արտերկրի գործարար հայերը հեռու են մնում Հայաստանում ներդրումներ կատարելուց: Միայն հարազատների թաղումներ, շքեղ գերեզմաններ, Վարդավառին եւ Ամանորին թանկ մեքենաներով ծննդավայրեր կատարվող այցելություններ: Սա էլ յուրահատուկ «Արի տուն» ծրագիր է:
ԿՏՐՈՆՆԵՐ ՉԿԱՆ
«Ժողովուրդ»-ը տավուշցի վարորդներից բազմաթիվ բողոքներ է ստացել այն մասին, որ Տավուշի մարզի բանկերում տեխզննման կտրոններ չկան: Նշենք, որ տեխզննման կտրոնները տրամադրում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Խնդրի շուրջ դիմեցինք Ֆինանսների նախարարություն, որի վարկերի վարչության պետ Արայիկ Եսայանը մեզ հետ զրույցում ներկայացրեց հետեւյալ պարզաբանումը: Ըստ նրա՝ խնդիրը 2 պատճառ ունի՝ մեծ, շատ մասնաճյուղեր ունեցող բանկերի գլխամասերն իրենց մասնաճյուղերին ճիշտ չեն բաշխում տեխզննման կտրոնները, եւ երկրորդ՝ դրանք պահանջվածից քիչ քանակով են տպագրվել: Մարտի 7-ին Ա. Եսայանը մեզ հայտնեց, որ մեկ շաբաթից կտրոնների նոր խմբաքանակ կտպագրվի եւ հարցը կլուծվի: Անցել է ավելի քան 10 օր, սակայն Նոյեմբերյան քաղաքում գործող բանկային մասնաճյուղերից տեղեկացանք, որ տեխզննման կտրոնները դեռ չեն ստացվել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ