Մարմաշենցիները չեն վճարելու հավելյալ 50 դրամը և կերթևեկեն 100 դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ ամիս է՝ Շիրակի մարզի Մարմաշեն-Գյումրի ուղղությունը սպասարկող երթուղու ուղեվարձը թանկացել է՝ 100 դրամից դառնալով 150 դրամ, ինչը հարուցել է մարմաշենցիների զայրույթը:

Մարմաշենցիների խոսքերով՝ շատ գյուղեր կան, որոնք Գյումրիից նույնքան հեռավորության վրա են գտնվում, որքան Մարմաշենը, բայց նրանց համար փոխադրավարձը 100 դրամ է:

Մարմաշենի համայնքապետ Աշոտ Եղոյանը կիսում է համագյուղացիների վրդովմունքը` ընդգծելով, որ ուղեվարձի 50 տոկոս թանկացումը մեծ հարված է մարմաշենցու գրպանին: Գյումրիից 20 կմ հեռավորության վրա գտնվող Մարմաշենից օրական չորս տասնյակից ավել դպրոցական, ուսանող եւ աշխատող է մեկնում մարզկենտրոն:

«ժողովուրդը» փորձեց պարզել տրանսպորտի ուղեվարձի անակնկալ թանկացման պատճառը: Տեղեկացանք, որ շուրջ մեկ տասնամյակ երթուղին սպասարկել է «Ասատրյանների ընտանիք» ՍՊԸ-ն: Ընկերության տնօրենը մարմաշենցի է, ով, ընդառաջ գնալով համագյուղացիների խնդրանքներին, ուղեվարձը չի թանկացրել: Իրավիճակը փոխվել է 2014 թվականի գարնանից, երբ հիշյալ ընկերությունը սնանկ է ճանաչվել ու լուծարվել, որից հետո երթուղին սպասարկելու իրավունք է ստացել «Մուշ-Արմեն» ընկերությունը՝ շահելով մրցույթը 150 դրամ փոխադրավարձով:

Շիրակի մարզի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից հայտնեցին, որ Մարմաշեն-Գյումրի ուղեվարձը միշտ էլ եղել է 150 դրամ, այլ բան է, որ նախկին գծատերը բարեգործությամբ է զբաղվել: Իսկ, ահա, ներկա տիրոջը՝ «Մուշ-Արմեն» ընկերությանն ամենեւին էլ չի անհանգստացնում գյուղացիների զայրույթը: Ընկերությունից փոխանցեցին, որ ուղեվարձը նվազեցնելու մտադրություն չունեն, քանի որ տրանսպորտային միջոցների պահպանման, շահագործման եւ վառելիքի ծախսերը շատ են:

Ստեղծված իրավիճակը փորձում է մեղմել Մարմաշենի համայնքապետարանը՝ խնդիրը կարգավորելով սեփական միջոցներով: Հունվար-փետրվար ամսին, երբ հաստատվի համայնքի նոր բյուջեն, երթուղին սպասարկելու ծախսերի որոշ մասը գյուղապետարանը կվերցնի իր վրա:

Իսկ մինչ այդ մարմաշենցիները վստահեցնում են, որ չեն վճարելու հավելյալ 50 դրամը եւ շարունակելու են երթեւեկել 100 դրամով:

Արեւիկ Հակոբյան
Գյումրի




Լրահոս