«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ օրեր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներին չհաջողվեց «անցկացնել» Կառավարության ուղարկած երկու նախագծերը, ինչը ոչ իշխանական ուժերը ծափերով ողջունեցին: Դրանցից առաջինն աղմկահարույց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն էր, որի քվեարկության արդյունքներն այսպիսին էին՝ 61 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ: Քվորման բացակայության պատճառով օրենքի նախագիծը չընդունվեց. ընդհանուր քվեարկողների թիվը 66-ից պակաս չէր կարող լինել:
Իսկ մյուս օրինագիծը «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն էր վերաբերում: Այս նախագծին էլ քվեարկեցին 57 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ: Նիստից հետո ՀՀԿ-ականներից շատերը դժգոհում էին, որ իրենց քվեարկության կոճակները չեն աշխատել, եւ իրենք փորձել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին տեղեկացնել այդ մասին` ձեռք բարձրացնելով, սակայն Սահակյանն ուշադրություն չի դարձրել: Եվ չնայած պատգամավորների հավաստիացումներին` տպավորություն էր, որ այդ նախագծերը ՀՀԿ-ականների սրտով չէին, ինչի արդյունքում էլ դրանց քվեարկությունը տապալվեց ԱԺ նախագահի ձեռամբ:
Չքվեարկած պատգամավորների թվում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Մանվել Բադեյանը, Համլետ Հարությունյանը, Վրեժ Մարկոսյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ալեքսան Պետրոսյանը, Նահապետ Գևորգյանն ու Վահրամ Մկրտչյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու են ՀՀԿ-ականները «բոյկոտել» ՀՀ Կառավարության ուղարկած նախագծերը` չմասնակցելով քվեարկությանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-Պարո՛ն Հարությունյան, Դուք դե՞մ էիք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերին: Ինչո՞ւ չմասնակցեցիք քվեարկությանը:
-Ես բոլոր նախագծերի քվեարկությանը մասնակցել եմ, իսկ մյուսը տեխնիկական խնդրի պատճառով է եղել, որ չեմ մասնակցել: Ու ոչ միայն իմ, այլեւ մեր շարքի մի քանի պատգամավորների քվեարկության կոճակը չի աշխատել, իսկ մնացածին մասնակցել եմ:
-Այսինքն՝ նախագիծը Ձեր «սրտո՞վ» էր, Դուք մասնակցելու էի՞ք քվերակությանը ու կո՞ղմ էիք քվեարկելու, եթե չլիներ Ձեր նշած տեխնիկական խնդիրը:
-Այո՛, կողմ պետք է քվեարկեի, որովհետեւ կարգապահություն է, ինձնից չի կախված, դուր է գալիս, թե դուր չի գալիս, կուսակցական կարգապահությանը պետք է ենթարկվել:
-Միայն այն բանի համար, որ խմբակցությունում որոշում էր կայացվել կողմ քվեարկել նախագծի՞ն, անգամ անկախ Ձեր անձնական դիրքորոշումի՞ց:
-Այո՛, բայց նախագծում ի՞նչն էր խնդիրը, հանրապետականում բոյկոտ չի եղել, ուղղակի տեխնիկական պատճառներով է եղել, բոլոր պատգամավորներն էլ բացատրությունը տվել են:
-Իսկ խմբակցությունում ընդունե՞լ են չքվեարկած պատգամավորների պատճառաբանությունները:
-Մենք խմբակցությունում նման հարց չենք քննարկել:
-Գուցե խմբակցության ղեկավարը «պատժի՞» այն պատգամավորներին, որոնք չեն քվեարկել նախագծին:
-Նման բան գոյություն չունի, ինչ պատժի մասին է խոսքը, օրենք-կանոնակարգով նման բան չի նախատեսում: Պատգամավորին նկատողություն տալ, գրավոր-բանավոր, մեր կանոնադրության օրենքի մեջ նման բան չկա: Իզուր են նման խոսակցությունները: Նման դեպքեր էլի են եղել, ես քանի տարվա պատգամավոր եմ, ու նման բաներ էլի են գրանցվել, դա պատահականություն էր, ինչո՞ւ եք այդքան մեծ ուշադրություն դարձնում դրա վրա:
Խոսքը նրա մասին է, որ ես չեմ բոյկոտել, ուղղակի խնդիրը տեխնիկական է եղել ու վերջ: Ես կարող եմ իմ տեղը պատասխանել, մյուսների փոխարեն ես չեմ կարող պատասխան տալ: Ես ոչ բոյկոտել եմ, ոչ էլ դեմ եմ քվեարկել, ուղղակի հաճախ չես էլ նկատում, կոճակը սեղմում ես, տաղավարին չես նայում, այնքան են նման բաներ եղել: Հաճախ են պատգամավորները ձեռք բարձրացնում ու ասում, որ կոճակը չի աշխատում: Իսկ այդ պահին ես տախտակին չեմ էլ նայել, ու այդպես է ստացվել: Դա միտումնավորությամբ չի եղել, ովքեր դեմ կամ ձեռնպահ են քվեարկել, իրենք կարող են բացատրություն տալ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ
-Պարո՛ն Բադեյան, ինչո՞ւ նախօերին կառավարության ներկայացրած նախագծերին չեք քվեարկել:
-Ընդամենն առողջական խնդիր եմ ունեցել:
-Իսկ նախագծերին կո՞ղմ էիք քվեարկելու:
-Հաջորդ անգամ իմ քվեարկությունով կարտահայտեմ:
-Խմբակցությունից նկատողություն ստացե՞լ եք, որ քվեարկությանը չեք մասնակցել:
-Ո՛չ, ես հիվանդության պատճառով չեմ քվեարկել, ի՞նչ նկատողություն: Այդպիսի հասկացություն առհասարակ չկա:
Հ. Գ. ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը եւս վստահեցրեց, թե ինքը քվեարկել է. «Անձնական տվյալներին քվեարկել եմ, բայց ես Ձեր հարցերին կես ժամից կպատասխանեմ, կզանգահարեմ»: Պատգամավորը, սակայն, այդպես էլ չզանգահարեց: Իսկ չքվեարկած մյուս պատգամավորները մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ