ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆԻՄԱՍՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» կողմից առաջիկայում ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը կողմ է, բայց կներկայացնի նաեւ իր վերապահումները:

-Պարոն Քոքոբելյան, ԱԺ 4 ոչ իշխանական ուժերն արդեն հայտարարել են, որ ապրիլին կայանալիք քառօրյայի ժամանակ անվստահություն են հայտնելու ՀՀ կառավարությանը: Դուք «Ժողովուրդ» -ի հետ զրույցում հայտարարել էիք, որ եթե նշված ուժերը կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես չգան, ապա Դուք եք ձեռնամուխ լինելու այդ գործընթացին: Որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը, Դուք միանալո՞ւ եք այդ նախաձեռնությանը:
-Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր տեսնում են, թե ինչպիսի մարտահրավերների առաջ է կանգնած ՀՀ-ն (չեմ ցանկանում այդ վիճակը նկարագրել, քանի որ բոլորը դրա մասին գիտեն), անհրաժեշտ են համարում, առնվազն կառավարության փոփոխությունը: Նախ եւ առաջ կառավարության հրաժարականը պետք է բերի փոփոխությունների, այս կառավարությունը եւ ԱԺ մեծամասնությունը, որը գտնում է, որ ՀՀ-ն պետք է մտնի Մաքսային միության կազմի մեջ, բնականաբար ինձ համար ընդունելի չէ: Բայց միակ պատճառը դա չէ, քանի որ այսօր ավելի կենսական խնդիրներ գոյություն ունեն, որոնց լուծումն այս կառավարությունն ի զորու չէ տալ: Այսինքն՝ այդ ամենից բխում է, որ մենք կողմնակից ենք ՀՀ կառավարության հրաժարականին: Բայց այսօր նշված ուժերի կողմից ներկայացված պահանջում ինձ համար եւս կա անորոշություն: Այսօր, կարծես թե, ՀՀ կառավարության հրաժարականը դարձել է ուղղակի ընդդիմադիր քաղաքական գործունեության բաղկացուցիչ մասը, բայց կրկնում եմ՝ պետք է ավելի կոնկրետ գործել: Կես կատակ-կես լուրջ նշեմ, որ եթե այսպես շարունակվի, լրագրողներն ու հ/կ-ներն ավելի շուտ կկարողանան ինչ-որ բանի հասնել, քան այս ձեւաչափով կառավարության հրաժարականի մասին խոսողները:
-Իսկ Դուք, որպես ԱԴԿ ղեկավար, ի՞նչ ձեւաչափով եք Ձեր մասնակցությունն ունենալու, կոնկրետ ի՞նչ եք անելու:
-Ես, բնականաբար, քվեարկելու եմ կառավարության հրաժարականի համար, բայց միեւնույն ժամանակ, երբ կգա այդ օրը, ես կներկայացնեմ իմ մոտեցումները, թե, ի վերջո, մենք ինչ ենք ուզում ստանալ: Եթե մենք ռեալ բան կստանանք՝ շատ լավ, եթե ոչ՝ ապա պետք է տղամարդավարի ասել, որ, ցավոք սրտի, այդ ամենը եւս մեկ անգամ կտանի փոշիացման ու հույսերի անկման: Հուսանք, որ այդպիսին չի լինելու այս ամենի ավարտը:
-ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանն այս ընթացքում հանդիպումներ է ունենում կուսակցությունների ղեկավարների հետ, Դուք՝ լինելով ԱԴԿ ղեկավար,հանդիպման առաջարկ ստացել եք ԲՀԿ-ից:
-Իրենք այս ընթացքում քննարկումներ են անում, ու կարծում եմ, որ ճիշտ են անում: Նրանք դա անում են այն կուսակցությունների հետ, որոնք կիսում են իրենց ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին մոտեցումները: Ես կարծում եմ, որ ԱԴԿ-ի եւ մյուս քաղաքական ուժերի միջեւ քննարկվող արտաքին եւ ներքին հարցերը իրականում տարբերվում են: Ու այդ առումով ես լուրջ խնդիր եմ տեսնում: Ես չեմ թաքցնում, որ առանց արտաքին գերակա ուղղությունների` հնարավոր չէ ներքին քաղաքականություն վարել: Կարծում եմ՝ դա առաջնային խնդիր է:
-Բայց գլխավորն այսօր համարվում է ՀՀ կառավարության հրաժարականի հարցը, որը միավորել է 4 ուժերին: Գուցե Դո՞ւք էլ հանուն դրա զիջումների գնաք:
-ԲՀԿ-ն այդ առումով, կարծում եմ, ճիշտ քաղաքական մարտավարություն է ընտրել, մենք որեւիցե խնդիր չունենք հանդիպելու կամ չհանդիպելու:
-Իսկ եթե Գ. Ծառուկյանի կողմից հրավեր լինի, կմերժե՞ք:
-Ես անիմաստ եմ համարում մեր մասով որեւիցե քննարկում: Այս իրավիճակն անտանելի է, այլ հարցերով քննարկում հնարավոր է, բայց արտաքին քաղաքականության հետ կապված մենք մեր մոտեցումներն ունենք, ու ցավում եմ, որ մեր մոտեցումներին չեն հետեւում մեր գործընկերները, մյուս քաղաքական ուժերը, կամ էլ` շատ ընտրովի մոտեցում են ցուցաբերում: Մեր քաղաքացիների արտահոսքը Ռուսաստանի Դաշնություն ակնհայտորեն մեծ արագությամբ տեղի է ունենում, իսկ եթե մենք մեր ձեռքերը ծալած նստենք, որոշ ժամանակ հետո կհասկանանք, որ ՀՀ քաղաքացիներն արդեն ոչ ՀՀ քաղաքացիներ են: Պարզ է, որ ՌԴ-ն իր համար շատ ճիշտ խնդիր է լուծում, իսկ մենք ինչ ենք անում, որ այդ խնդիրն ի օգուտ ՀՀ-ի լուծվի, կարծես թե ոչինչ: Բայց եթե ժողովրդի պայմանները ՀՀ-ում դառնան բարեկեցիկ, մարդիկ չեն արտագաղթի:

 

 

 

ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՕԳՆԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ ՈՒՂԵԿՑՈՒՄ

ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը Ազգային ժողովում մշտապես շրջում է երկու երիտասարդների ուղեկցությամբ: ԱԺ շենքում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել դեմքի կարեւոր արտահայտությամբ արագ-արագ Բաբայանի հետեւից գնացող այդ երկու երիտասարդներին, եւ այնպիսի տպավորություն է, որ պատգամավորը վախենում է տեղից տեղ գնալ ու անպայման շջում է նրանց ուղեկցությամբ: Կամ էլ, գուցե, ԱԺ-ում մարդկանց ուղեկցությամբ շրջելը երիտասարդ պատգամավորը համարում է «պրեստիժ»:

Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ պատգամավորից պարզել, թե ովքեր են այդ երկու երիտասարդները եւ ինչո՞ւ են նրան մշտապես ուղեկցում ԱԺ շենքում:
-Պարոն Բաբայան, ովքե՞ր են Ձեզ ուղեկցում ԱԺ-ում:
-Իմ օգնականներն են:
-Իսկ ինչո՞ւ են Ձեր օգնականները մշտապես Ձեզ ուղեկցում ԱԺ-ում:
-Որովեհետւ իրենք իմ ընկերներն են:
-Ընկերներին ինչո՞ւ եք բերել Ազգային ժողով: Ձեզ ուղեկցելո՞ւ համար:
-Իմ ընկերներն են, իմ օգնականները:
-Այնպիսի տպավորություն է, որ նրանք Ձեր թիկնապահներն են, քանի որ ուր էլ գնաք, պարտադիր Ձեր հետեւից գալիս են:
-Ոչ, ես թիկնապահներ չունեմ, իսկ ինչու պետք է ես թիկնապահներ ունենամ։ Իրենք իմ օգնականներն են ու նաեւ իմ ընկերները: Իրենք հաստիքով ԱԺ պատգամավորի օգնականներ են, աշխատում են Ազգային ժողովում:
-Բայց օգնականներն աշխատասենյակներ ունեն ու պետք է որ այնտեղ լինեն, այլ ոչ թե ամենուր ուղեկցեն Աժ պատգամավորին:
-Իսկ կանոնակարգ օրենքով արգելվա՞ծ է ԱԺ տարածքում շրջել օգնականների ուղեկցությամբ:
-Ինչ-որ բանից վախենո՞ւմ եք, Ձեր անվտանգության հետ կապված ինչ-որ խնդիր կա՞, որ Ձեր օգնականներն անընդհատ Ձեզ ուղեկցում են ԱԺ-ում:
-Իհարկե ոչ, բայց միշտ չէ, որ ես իմ օգնականների ուղեկցությամբ եմ շրջում, հնարավոր է՝ պատահաբար տեսել եք: Բայց եթե անգամ իմ օգնականների հետ եմ շրջում, ինչպես դուք եք ասում, դրա մեջ աննորմալ բան չկա: Աժ այլ մարդ մուտք չի գործում ու շրջում: Իմ օրինական, հաստիքով օգնականներն են ու իմ ընկերները:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԱՐՏՈՆՅԱԼԸ
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երեկ ԱԺ դահլիճ ելումուտ էր անում ոչ թե կարմիր, այլ` կանաչ ֆոյեի դռնով: Ու սա այն դեպքում, երբ կառավարության անդամների մուտքն ԱԺ դահլիճ նախատեսված է կարմիր ֆոյեի առաջին դռնով: Բայց վարչապետի սանիկ նախարարը երեկ որոշել էր չենթարկվել այս կանոնին ու դա անում էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ:

 

ՆՈՐ ԻՄԻՋՈՎ
Իշխանությունները տեղական ինքնակառավարման մարմինների վրա նոր պլան են դրել` պարբերաբար թարմացնել Սերժ Սարգսյանի լուսանկարը: Ընդ որում, Ս.Սարգսյանի դիմանկարները գյուղապետերը ստիպված են գնել, այն էլ` համայնքային բյուջեի միջոցներով: Երեկ այս մասին հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում: Փաստորեն, իշխանությունները հոգացել են, որ Կորեայում երիտասարդացման կուրս անցնելուց հետո Ս.Սարգսյանը հանրությանը ներկայանա նոր տեսքով:

 

ԱՆԿԵՂԾ ՈՒ ԲԱՑ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը օրերս իր ափսոսանքն էր հայտնել Ղրիմի հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Սերժ Սարգսյանի արտահայտած կարծիքի համար, ըստ որի՝ հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»: Ու սա այն դեպքում, երբ նույն դեսպանը ոչ վաղ անցյալում գովեստի խոսքեր էր շռայլում ՀՀ իշխանությունների հասցեին, վերջերս էլ` հրապարակավ պաշտպանեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը ՀՀ-ում:
Այս առթիվ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից հայտնեցին. «Միացյալ Նահանգները տարիներ շարունակ Հայաստանի հետ ունեցել է աշխատանքային արդյունավետ հարաբերություններ, եւ մենք ակնկալում ենք, որ ապագայում էլ այդ հարաբերությունները կշարունակվեն: Մենք միմյանց հետ խոսում ենք անկեղծ ու բաց եւ մատնանշում ենք ինչպես դրական, այնպես էլ բացասական զարգացումները կառուցողական տեսանկյունից: Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

 

ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՆ
«Տոնուս» շինարարական ընկերության կողմից տուժած ավելի քան 160 բնակարանատերերից մի քանիսը վաղը մտադիր են հանդիպել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հետ: Նշենք, որ տուժած քաղաքացիները դեռ սպասում են Սերժ Սարգսյանի պատասխանին: «Տոնուս»-ից տուժած քաղաքացի Զոյա Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած ասաց. «Այս հարցի հետ կապված տասը օր էին խնդրել մեզանից՝ պատասխան տալու համար, բայց արդեն ժամկետը լրացել է: Խոստանալը քիչ է, պետք է նաեւ այն իրագործել: Հովսեփյանը պետք է նախ զանգի, որ մենք գնանք: Բայց եթե չզանգեց, ապա մենք ինքներս ենք գնալու: Ինչ ուզում է, թող լինի»:

 




Լրահոս