Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 19-ին ՀՀ Կառավարության երեկվա որոշմամբ՝ Չինաստանի կառավարության կողմից որպես նվիրաբերություն Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին հատկացվեց մոտ 143 մլն դրամ: Այս գումարով ընկերությունը պետք է դիզելային վառելանյութով աշխատող ավտոբուսների շարժիչները փոխարինի սեղմված բնական գազով աշխատող շարժիչներով: Նաեւ այդ գումարով ավտոբուսների մաքսազերծման ծախսը պետք է վճարվի:

Այս փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա Երեւանում գործող հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագնի վրա: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի հետ:

-Պարո՛ն Նավասարդյան, ավտոբուսների շարժիչների փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա ուղեվարձի սակագնի վրա:

-Ես նման տեղեկատվություն չեմ կարող տալ, որովհետեւ դեռ չգիտեմ, թե դա ինչ արդյունք կտա: Խոսքը 73 ավտոբուսի մասին է: Իսկ ուղեվարձի սակագնի մասով կա ստեղծված հանձնաժողով, որն էլ ուսումնասիրում է այս հարցը: Այս պահին ուղեվարձի սակագնի բարձրանալու մասին դեռեւս խոսակցություն չկա:

-Իսկ այս պահին Երեւանում քանի՞ նման ավտոբուս կա, որոնք ունեն շարժիչների փոփոխության կարիք:

-Ընդամենը 73 ավտոբուսի համար է այդ գումարը հատկացվում, եւ շարժիչ ներկրվում: Մյուսները դեռ դիզելային վառելանյութով են աշխատելու: Այս պահին մյուս ավտոբուսների շարժիչների փոփոխության մասով նախ գումար է պետք:

-Ի՞նչ եք կարծում՝ այս փոփոխությամբ կկրճատվե՞ն ընկերության ծախսերը. ի վերջո, գազն ավելի էժան է, քան դիզելը:

-Չեմ կարող ասել: Ուղեւորավարձերի սակագները որոշող հանձնաժողովը կարող է ասել՝ կկրճատվե՞ն, թե՞ ոչ:

-Պարո՛ն Եղիազարյան, ի՞նչ սպասենք այս փոփոխությունից:

-Այդ ձեռնարկությունը (նկատի ունի «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ն-Ս.Հ.) քիչ էր մնում փակվեր, քանի որ չեն կարողանում այս պայմաններում աշխատել: Որքան էլ որ Երեւանի քաղաքապետարանը նվիրատվություն կատարի, միեւնույն է՝ ոչինչ չի փոխվում. ծայրը ծայրին չի կարողանում հասցնել: Գուցե ընկերության ծախսերը կրճատվեն:

-Այնուամենայնիվ, ուղեւորավարձի սակագինը չի՞ բարձրանալու:

-Մի՛ սպասեք ոչ մի բանի: Չի նշանակում, որ սրանից հետո սակագնի իջեցում կլինի: Դեռեւս նախորդ տարի դուրս է գրվել մոտ 70 տրանսպորտային միջոց, որոնց ծառայության ժամկետը լրացել է, իսկ այս տարի՝ 80, բայց սրան զուգահեռ այն չի համալրվել: Դուրս են գրվել այն մեքենաները, որոնք շահագործելու իրավունք չունեն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս