Անտարբերություն կա վաղվա օրվա նկատմամբ. Լուսինե Երնջակյան (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կամերային թատրոնի բեմադրիչ, ռեժիսոր Լուսինե Երնջակյանը մեր երկրում ստեղծված իրավիճակի դեմ պայքարում է թատրոնում: Նա պայքարի իր զենքն ունի, որը կիրառում է ինչ-որ բան փոխելու հարցում մարդկանց ոգեւորելու համար՝ պատրաստ լինելով հարկ եղած դեպքում կանգնել նրանց կողքին: Ի դեպ, Լուսինեն «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ կամերային թատրոնում պատրաստվում է նոր ներկայացում, որն ինքնին սիրո խոստովանություն է մեր մայրաքաղաքին:

-Կամերային թատրոնը կարողանում է խոսել այսօր մեզ հուզող հարցերի շուրջ, փորձում է առաջարկել ելքեր: Դուք ստացել եք նաեւ ինտերակտիվ թատրոն հասկացությունը, այնպես որ ժողովրդի արձագանքն այսօրվա խնդիրներին պետք է որ ծանոթ լինի Ձեզ. ինչպիսի՞ն է այն:

-Մեր թատրոնն աշխատում է նույնականացման սիստեմով, որը լիովին արդարացրել է իրեն: Հանդիսատեսը մեծ բավականություն է ստանում այդ ակտիվ մասնակցությունից, մտնում է խաղի մեջ: Ժողովուրդը միշտ ունի ասելիք, մեկը՝ հումորով, մյուսը՝ ավելի լուրջ մոտեցմամբ:

-Ձեր հոր՝ Արա Երնջակյանի ձեռագիրը կրկնելու մտավախություն երբեւէ ունեցե՞լ եք:

-Երբեք հորիցս հատուկ տարբերվելու կամ նրան կրկնօրինակելու խնդիր իմ առջեւ չեմ դրել: Այնպես ստացվեց, որ իմ առաջին երկու ներկայացումներն իրենց ձեւով հայրիկի ձեռագրից շատ տարբեր ստացվեցին. դա մարդիկ էլ էին նկատել: Վերջ ի վերջո, նման հարցեր բարձրացնում են թատերագետները, իսկ հանդիսատեսի համար միեւնույն է. նա, պարզապես, ուզում է լավ ներկայացում դիտել:

-«Ի զեն» ներկայացման ավարտին, երբ հնչում են Նժդեհի խոսքերը, հանդիսատեսի աչքերին հաճախ կարելի է արցունքներ նկատել. ի՞նչ եք կարծում՝ կոնկրետ այս պարագայում ի՞նչն է հուզում մարդկանց:

-Մենք ծիծաղի միջոցով մարդուն բերում-հասցնում ենք այն կետին, որ նա սկսում է խորհել, թե ազգովի ուր ենք գնում, եւ եթե այսպես շարունակենք ապրել, ինչ կլինի: Իսկ խնդրի լուծման տարբերակը ոչ թե ձեռքերը ծալած նստելն է, այլ զենք ու զրահ վերցնելը՝ փոխաբերական իմաստով:

-Իսկ Դուք ի՞նչ զենքով եք տանում Ձեր պայքարը:

-Մեր պայքարի տեղը թատրոնն է: Մենք կարող ենք պայքարելու, ինչ-որ բան փոխելու հարցում ոգեւորել մարդկանց, եթե դրվի այդ մարդկանց կողքին կանգնելու հարցը, անպայման կանենք դա:

lusin

-«Ալբանիա+» ներկայացման շրջանակում որպես ելք մեր երկրում, քաղաքում ստեղծված իրավիճակից նշվում է արտագաղթը բացառելու կարեւորությունը. եթե չհեռանալ, ապա ի՞նչ անել:

-Պետք է կարողանաս քո քաղաքը շենացնել, ոչ թե ուրիշինը. սա է խնդիրը: Եթե սիրում ես քո քաղաքը, դու կգտնես այդ ելքը: Փախչելով մենք կհասնենք նրան, որ երեւանցիները կպակասեն, քաղաքը կլցվի արտասահամանցիներով, ու Երեւանը կթողնենք նրանց:

13_1

 

-Երեւանցիների աչքերը բացելու, նրանց սթափեցնելու փորձեր արվում են նաեւ «Անտեր Ground» ներկայացման շրջանակում: Այդ ի՞նչ վտանգներ են կախված Երեւանի գլխին, եւ Ձեզ՝ որպես երեւանցու, ամենաշատը ո՞ր խնդիրն է մտահոգում:

-Ամենամեծ խնդիրն անտարբերությունն է քաղաքի նկատմամբ: Շինարարն, օրինակ, կառուցում է շենքը եւ երկու կոպեկ ավել աշխատելու համար անորակ գործ է անում, այսինքն՝ անտարբերություն կա վաղվա օրվա նկատմամբ: Եթե այսպես շարունակենք, մեր երեխաներն արդեն չեն ունենա գեղեցիկ քաղաք, այլ կունենան ինչ-որ փլատակներ: Ի դեպ, մեր թատրոնում հիմա աշխատում ենք նոր ներկայացման վրա, որն ինքնին սիրո խոստովանություն է Երեւանին:

-Պետական հովանավորությունից գո՞հ եք:

-(Ծիծաղում է): Նույնիսկ ամենահարուստ երկրում պետությունը, ինչպես հարկն է, չի հովանավորում թատրոնին, ուր մնաց մեզ մոտ: Մենք, իհարկե, որոշ չափով ֆինանսավորվում ենք, բայց դա չի հերիքում: Մենք տոմսերի վաճառքից գոյացած գումարը ներդնում ենք հաջորդ ներկայացման մեջ, որպեսզի թատրոնը շարունակի իր աշխատանքը:

1343138460_6874324_ts1343138748

-Գիտենք, որ երբ բեմադրում էիք «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը, որտեղ խաղում է նաեւ Ձեր ամուսինը՝ Արշալույս Հարությունյանը, Դուք նոր-նոր էիք սիրահարվել: Ներկայացման՝ 7 տարուց ավել բեմում մնալու ֆենոմենը պայմանավորված է սիրո՞վ:

-Այո՛, ֆենոմենը սերն է (ժպտում է): Մենք այս տեխնոլոգիական դարում կենդանի շփում, ջերմ զգացմունքներ կարողացանք տալ հանդիսատեսին, մարդկանց ստիպեցինք գնահատել իրենց կողքիններին: Իրականում երկուսս էլ շատ սկզբունքային ենք եւ հաճախ ստեղծագործական վեճեր ենք ունենում, սակայն դրանք միշտ պրոդուկտիվ են: Հուսով եմ՝ բեմադրիչ-դերասան ամուսնական կապը լավ է ազդում աշխատանքի վրա :

Աննա Բաբաջանյան




Լրահոս