Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ԵՏՄ բոլոր երկրների սահմաններով ներմուծված ապրանքներից գանձվող մաքսատուրքերը հավաքվելու են մեկ միասնական գանձարանում, ապա բաշխվելու են ԵՏՄ անդամ երկրների միջեւ: ԵՏՄ պայմանագրում սահմանված է, թե ընդհանուր դրամարկղում անդամ երկրներից յուրաքանչյուրին որքան մասնաբաժին է հատկացված: Ըստ այդմ, Հայաստանի չափաբաժինը կազմում է 1,13 տոկոս, Բելառուսինը` 1,15 տոկոս, Ղազախստանինը` 7,25 տոկոս, Ռուսաստանինը` 86,97: Այս բաշխման արդյունքում հնարավոր է՝ Հայաստանի մաքսային եկամուտներն ավելանան մի քանի տասնյակ դոլարով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը համոզմունք հայտնեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ոչ միայն Հայաստանի մաքսային եկամուտներն է ավելացնելու, այլեւ լայն տնտեսական հորիզոններ է բացելու մեր երկրի համար: Տնտեսագետը, սակայն, կարծիք հայտնեց, որ ժամանակից շուտ ոգեւորվել էլ պետք չէ. 2015 թվականի փետրվարից նոր կարելի է օգուտները հաշվարկել:
-Պարո՛ն Բոստանջյան, Ձեր կանխատեսումներով Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունից հետո մեր երկրի մաքսային եկամուտները կարո՞ղ են ավելանալ:
-Դա հենց այդպես էլ պետք է լինի: Որպես կանոն ցանկացած միությունում ընդգրկվելն օգտակար է լինում հատկապես մեզ նման երկրների համար: Այս պարագայում Հայաստանը կգտնվի ավելի նախընտրելի իրավիճակում, եւ սա, բնականաբար, մեծ հայտնագործություն չէ: Ես վստահ եմ ու համոզված:
– Բայց չէ՞ որ ԵՏՄ-ի պայմանագրում ներառված հաշվարկները նախորդ տարվա թվերի հիման վրա են:
-2013 թվականի կտրվածքով մենք չենք կարող որեւէ հաշվարկ իրականացնել, որովհետեւ իրականում մենք այդ ժամանակ ԵՏՄ-ի կազմում չենք գտնվել: 2015 թվականից նոր կարող ենք հստակ հաշվարկների մասին խոսել, կոնկրետ թվեր ներկայացնել: Այս ընթացքում պարզապես գնահատականներ են հնչել: Մեզ համար բոլոր դրական սպասումներն ավելի հստակ կլինեն, երբ Հայաստանը դառնա այդ միության լիարժեք անդամ: Մենք կարող ենք չկասկածել, որ Հայաստանի մաքսային եկամուտներն ավելանալու են:
Որոշակի ապրանքատեսակների արտադրության համար Հայաստանի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ ունեցել է պոտենցիալ մեծ հնարավորություններ եւ հիմա դադարել է այդ արտադրությունները կազմակերպել, սակայն ԵՏՄ-ի սահմաններում գտնվելու պայմաններում նոր հնարավորություններ կստեղծվեն, եւ այդ արտադրությունները կարող են վերականգնվել:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ