«ԵՍ ՉԵՄ ՏԵՍՆՈՂԸ, ՏԵՍՆՈՂՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՐՑՆԵՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում «Փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այսինքն՝ խորհրդարանը հաստատեց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն այսուհետ լինելու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կազմում: Նախարարությունների միավորումից հետո այն կոչվելու է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն:

24 ժամվա ընթացքում օրենքն ուժի մեջ կմտնի, որից հետո արդեն 10 օրյա ժամկետում Սերժ Սարգսյանը կնշանակի նորաստեղծ նախարարության ղեկավարին: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ միավորվող նախարարությունների ղեկավար է նշանակվելու Արմեն Երիցյանը:
Նշենք, որ երեկ օրենքին քվերակել են 70 կողմ, 6 դեմ եւ 30 ձեռնպահ: Օրենքին դեմ են քվեարկել ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեղավար Հեղինե Բիշարյանը, անդամներ Հովհաննես Մարգարյանը, Իշխան Խաչատրյանը, Լեւոն Դոխոլյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները հիմնականում ձեռնպահ են քվեարկել:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է նա պատկերացնում երկու նախարարությունների միավորված աշխատանքը:
-Պարո՛ն Տերտերյան, խորհրդարանն արդեն հաստատել է ՀՀ Կառավարության կառուցվածքի մասին նախագիծ-օրենքը, որով միավորվում են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները: Տեսակետ կա, որ անհամատեղելի գերատեսչությունների միավորում է տեղի ունեցել, համամիտ ե՞ք, Ձեր գնահատմամբ` արդյո՞ք նշված երկու կառույցները կկարողանան արդյունավետ գործել համատեղ:
-Ոլորտի առումով եթե նկատի ունեք, ապա ասեմ, որ դա հարաբերական է, տարբերություններ էլ ունեն, նմանություններ էլ ունեն: Իսկ եթե բովանդակության առումով նկատի ունեք, ապա արտակարգ իրավիճակների կանոնադրական խնդիրներից մի մեծ մասն էլ առնչվում է որոշակի ծրագրերի հետ, որոնք իրականացնում են… Կամ ասենք՝ կարող են իրականացնել տարածքային կառավարման նախարարության համակարգում: Այսինքն՝ արտակարգ իրավիճակների կառավարման համակարգն այս վերջին տարիներին, համենայնդեպս, գնում է դեպի ապակենտրոնացում՝ եռաստիճան՝ համայնքներում որոշակի գործառույթներ, մարզերում եւ ազգային մակարդակում: Էլ չեմ ասում վերջին ռազմավարությունը, որը ներկայացրել էր նախարարությունը, դա է՛լ ավելի է վկայում դրա մասին: Իսկ ինչ է աղետների ռիսկերի կառավարումը, դրա կանխարգելումը, կանխատեսումը, իրավիճակային լուծումները, դրանք բոլորը տարածքային զարգացման ծրագրեր են: Այսինքն՝ որպեսզի սողանք չլինի, համապատասխան ծրագիր պետք է իրականացվի եւ այլն: Ուստի այս ամենը հաշվի առնելով՝ իրենք միասին կարող են աշխատել:
-Բայց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ այդ նույն տրամաբանությամբ կարելի է միավորել նաեւ ՀՀ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունները:
-Եթե կառավարման գործառույթների արդյունավետությունը, նպատակահարմարությունը համապատասխանեն, իհարկե, տեսական առումով կարելի է մի նախարարության մեջ ամեն ինչ էլ դնել: Բայց, ի վերջո, այսօր Կառավարությունը մի մարմին է, որը տարբեր ճյուղեր ունի, այլ բան է, թե ինչքանով են նպատակահարմար այդ միավորումները: Սահմանային դեպքեր կան, որոնք պետք է անտրամաբանական չլինեն կամ գոնե բանական լինեն: Հանրությունը միշտ ասում է, որ պետք է լինեն ավելի կուռ կառուցվածքներ, հիմա սա նման մի քայլ է, որը պետք է բերի աշխատանքների ավելի արդյունավետ իրականացման: Կբերի, թե ոչ… ես կարծում եմ, որ կբերի: Համենայնդեպս պետք է ամեն ինչ անել, որ բերի: Որեւէ նախարարություն պետք է միացվեր… որոշ ժամանակ առաջ իրար միացվեցին նաեւ պետական եկամուտների կոմիտեն եւ ՀՀ ֆինանսերի նախարարությունը: Ի վերջո, մենք նաեւ չպետք է մոռանանք, որ ժամանակին փրկարար ծառայությունը, արտակարգ իրավիճակների վարչությունը եղել են մեր նախարարության համակարգում. իրենք այնտեղ են ձեւավորվել:
-Նշվում է, որ նորաստեղծ նախարարությունը ղեկավարելու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Դուք նրա հետ ցանկանո՞ւմ եք աշխատել, արդյո՞ք նա այն նախարարն է, ով կկարողանա ղեկավարել երկու գերատեսչությունները:
-Ձեզ հետ էլ եմ տեսնում իմ աշխատանքը, պարոն Երիցյանի հետ էլ եմ տեսնում աշխատանքը, բոլորի հետ էլ տեսնում եմ: Այսինքն՝ դա իմ տեսնելով չէ, իսկ եթե մարդկային առումով եք ասում, ապա ասեմ, որ ամեն ինչ նորմալ է, որեւէ պրոբլեմ չկա, աշխատելու առումով որեւէ խնդիր չեմ տեսնում: Իսկ մնացած բաներն իմ իրավասության մեջ չեն մտնում:
-Իսկ Դուք ինքներդ Ձեզ տեսնո՞ւմ եք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հետ աշխատելիս, ըստ Ձեզ՝ Դուք լինելո՞ւ եք նոր նախարարության կազմում:
-Ես չեմ տեսնողը, տեսնողներին պետք է հարցնեք, իսկ ինչ վերաբերում է բովանդակային աշխատանքին, իհարկե, պատրաստ եմ աշխատել:
-Հույս չունե՞ք, որ նոր նախարարությունում կնշանակվեք:
-Ես ոչ միայն հույս ունեմ, այլեւ շատ բաներում վստահ եմ, բայց այն, ինչն իմ իրավասության շրջանակներում է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 
ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԳՈՀ ԷՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստում քննարկվեց սահմանամերձ համայնքներին արտոնություն տալու մասին Կառավարության ներկայացրած օրինագիծը: Ի տարբերություն նախորդ` առաջին ընթերցմանը, երեկվա քննարկումն անցավ խաղաղ մթնոլորտում: Այս անգամ Կառավարությունը հաշվի էր առել ընդդիմադիր պատգամավորների առաջարկները եւ օրինագծում ներառել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների գազի, ջրի, էլեկտրաէներգիայի վարձերը փոխհատուցելու հարցը:

Հիշեցնենք, որ մինչ այդ քվեարկության էր դրվել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մշակած «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը: 40 կողմ, 3 դեմ եւ 50 ձեռնպահ ձայներով օրենքի նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ: Օրենքի նախագծով նախատեսվում էր մի շարք արտոնություններ տալ սահմանամերձ համայնքների բնակիչներին, 50 տոկոսով վճարել նրանց հոսանքի, ջրի եւ այլ կոմունալ վճարները:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ երեկ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում որեւէ դժգոհություն չհայտնեց սահմանամերձ համայնքներին արտոնություն տալու Կառավարության ներկայացրած օրինագծի վերաբերյալ: Պարզվեց` օրինագիծն ընդհանուր առմամբ բավարարում է Փաշինյանի ցանկությունները, բայց նա ամեն դեպքում ուներ մի քանի դիտարկումներ: Պատգամավորն իր ելույթում մասնավորապես նշեց. «Նախագծի վերջնական գնահատականը կախված է այն բանից, թե ինչ չափաքանակներ կսահմանի Կառավարությունը, կլինե՞ն դրանք շոշափելի»: Փաշինյանը հարցրեց, թե ինչպե՞ս են ընտրվել Կառավարության սահմանած աջակցության չափաքանակները: Ի պատասխան նախագծի հիմնական զեկուցող, տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն առանձնակի շնորհակալություն հայտնեց Փաշինյանին՝ նախագծի աշխատանքային խմբի հետ քննարկմանն ակտիվ մասնակցելու համար, եւ վստահեցրեց, թե Կառավարությունը փորձառություն ունի, ուստի չափը, քանակը եւ կարգը կլինեն հավուր պատշաճի:
Փաշինյանը երեկ մեկ այլ առաջարկ էլ արեց: Նա նշեց, որ անհրաժեշտ է նախորդ տարվանից ՀՀ-ում գործող դպրոցական երեխաներին սննդով ապահովելու փորձնական ծրագիրը, որն այս տարի ավելի քան չորս անգամ ընդլայնվելու է, իրականացնել նաեւ սահմանամերձ համայնքներում: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դա կարելի է անել առանց ծախսերն ավելացնելու` բյուջեում ընդամենը մի քանի ծրագրերի վերահաշվարկ անելու միջոցով: Վաչե Տերտերյանը խոստացավ առաջարկը ներկայացնել պատկան մարմիններին:
Իսկ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն էլ հայտարարեց, թե ՀՀ Կառավարությունը փորձում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական դոտացիաները համահարթեցնել: Փոխնախարարի ներկայացմամբ` 300-ից ոչ ավել բնակիչ ունեցող համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը չպետք է պակաս լինի հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում եկամտահարկի, հողի հարկի եւ գույքահարկի փաստացի մուտքերի հանրագումարի 25 տոկոսից: Պ.Սաֆարյանը վստահեցրեց, որ օրենքի փոփոխությունը պայմանավորված չէ համայնքների խոշորացմամբ կամ այլ գործոններով:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ
ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԵՌՅԱԿԻ ՀԵՏ Է
«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը երեք ոչ իշխանական ուժերի հաջորդ հանրահավաքին կլինի ամբիոնում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կարապետյանն ասաց, որ համաժողովրդական շարժմանը պետք է միանան բոլոր կուսակցությունները: «Եռյակի ներկայացուցիչների հետ դեռեւս հանդիպում չեմ ունեցել, հատուկ պայմանավորվածություն դեռ չունենք»,- ասաց Տիգրան Կարապետիչը: Ըստ նրա՝ դեռ պարզ չէ՝ հաջորդ համապետական հանրահավաքի ընթացքում, երբ ինքը լինի հարթակում, ելույթ կունենա, թե ոչ: «Չկա հստակ պայմանավորվածություն, չեմ կարող ասել, այսինքն` հստակ ծրագիր էլ դեռ չկա: Մի բան է հաստատ, որ ես եռյակի կողքին եմ, ու նրանք, եթե ընդունեցին իմ մեկնած ձեռքը, ուրեմն իշխանական չեն»,- կարեւորեց Տիգրան Կարապետիչը:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ՀՈ ՉԷ՞
Թուրք դիվանագետ, Ադրբեջանում, Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան Ունալ Չեւիքոզը «Hurriyet Daily News»-ում տպագրած իր հոդվածում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: Նախկին դեսպանի խոսքով՝ քանի դեռ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված չեն, Կովկասում կայունության հաստատման համար լուրջ դժվարություններ են լինելու: Նա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները որակել է որպես «եռակողմ խառնաշփոթ»:
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս ձեւակերպումներում որեւէ պաշտոնական տեսակետ չկա: «Պատահական չէ, որ հենց պաշտոնաթող մարդն է նման հայտարարություններով հանդես գալիս: Իրականում նա ճիշտ բան է ասում, բայց, դե, հաստատ պաշտոնական տեսակետ չէ»,-ասաց թուրքագետը:

 

ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վերջին ամիսներին գողության կրկնվող դեպքեր են արձանագրվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաեւ՝ Արծվանիստ համայնքում: Գողությունները կատարվել են մթերային խանութներից: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ հուլիսի 25-ին Արծվանսիտ գյուղում գտնվող մթերային խանութը գրեթե ամբողջությամբ թալանել էին, ինչի հետեւանքով խանութի սեփականատերը ստիպված էր եղել շուրջ մեկ ամիս խանութը փակել:
Օրերս գողության կասկածանքով ձերբակալվել է գյուղի բնակիչ Արման Ստանբուլցյանը: Իսկ, ահա, նոյեմբերի 1-ին հանցագործներն ամբողջությամբ թալանել են Վարդենիս քաղաքի մթերային խանութներից մեկը:
Ըստ Վարդենիսում շրջանառվող լուրերի՝ գողության կասկածանքով բերման է ենթարկել Արգիշտի Բուդոյանը, որն աշխատում է Սոթքի ոսկու հանքում որպես մեխանիզատոր: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցի տեղեկությունները` նշելով, որ քննություն է ընթանում:




Լրահոս