Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՌԴ կառավարական պատվիրակության ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՌԴ կառավարական պատվիրակության ներկայացուցիչներին, որի կազմում էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, ՌԴ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Կոնոնուչենկոն, ՌԴ ֆինանսների և տնտեսական զարգացման նախարարությունների պատասխանատուներ։

Ջերմորեն ողջունելով գործընկերներին՝ Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» հնգամյա և «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» երեքամյա ծրագրերի արդյունքում արձանագրված հաջողությունները և ուրախությամբ փաստել, որ դրանք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ իրականացվող այն հաջողված ծրագրերից են, որոնք պահանջարկված են հենց բնակչության կողմից։

Փոխնախարարը նաև հավելել է, որ ծրագրերն իրենց տնտեսական բաղադրիչով լայն հնարավորություններ են ընձեռնում մուլտիպլիկատիվ ազդեցություն հաղորդել գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական մի շարք կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, որոնք միտված կլինեն տարածաշրջաններում հավելյալ եկամուտի ստեղծման միջոցով կայունության ամրապնդմանը։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ շուրջ մեկուկես տարվա ամենօրյա աշխատանքի շնորհիվ արդեն իսկ արձանագրվել են դրական արդյունքներ, որոնք իրենց ծավալվող և հընթացս զարգացող կարողություններով ապահովելու են բնակավայրերի սոցիալ-տնտեսական միջավայրի կայունացումն ու տուրիզմի զարգացումը։

ՌԴ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Կոնոնուչենկոն իր և պատվիրակության անունից ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է Հայաստանի Հանրապետության հետ, որպես առանցքային գործընկեր, զարգացնել միջտարածաշրջանային համագործակցության տարբեր ձևաչափեր։ Սերգեյ Կոնոնուչենկոն նույնպես կարևորել է ծրագրերի մուլտիպլիկատիվ ազդեցությունը և ընդգծել դրանց կատարելագործման,սահմանամերձ գյուղական համայնքների բնակչության կենասամակարդակի և եկամուտների բաձրացման հրամայականը։

Ի թիվս այլ հարցերի, հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքները, գնահատել դրանց արդյունավետությունը, դիտարկել ծրագրերի աշխարհագրությունը ընդլայնելու և գյուղական տուրիզմի զարգացման ներուժն այլ բնակավայրերի հեռանկարային ուղղություններում ներդնելու, ինչպես նաև երկու երկրների միջև միջտարածաշրջանային տուրիզմի խթանման հնարավորությունները։




Լրահոս