ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի ստացել, ու երբ ստանա, նոր պաշտոնապես կտեղեկացնի իր դիրքորոշման մասին:
-Պարո՛ն Գեղամյան, տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը որոշել է Ձեզ նշանակել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, որը շուրջ 6 ամիս է՝ ղեկավար չունի: Դուք այդ հարցը երբեւէ քննարկե՞լ եք Սերժ Սարգսյանի հետ:
-Ես այդ հարցին քանիցս անդրադարձել եմ, բարի եղեք՝ Ձեր կոլեգաների անդրադարձներին ծանոթացե՛ք:
-Բայց Դուք համաձա՞յն եք ղեկավարել ԱԱԽ-ն:
-Երբ առաջարկը կլինի, ես պաշտոնապես կհայտարարեմ: Հաջորդ Ձեր հարցը:
-Ինչքանո՞վ է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը համապատասխանում Ձեր պատկերացումներին, արդյո՞ք կկարողանաք ղեկավարել այդ մարմինը:
-Այդ հարցին պատասխանելու համար նախ ես պետք է իմանամ, թե Դուք ինչ պատկերացումներ ունեք այդ կառույցի մասին, որպեսզի հստակ պատասխանեմ, բայց քանի որ զրկված եմ այդ հնարավորությունից, ես չեմ կարող պատասխանել Ձեր հարցին: Ազգային անվտանգության խորհրդի անելիքների մասին կարելի է դասախոսությունների շարք կարդալ, ըստ էության՝ մեկ շաբաթվա, ուղղակի ո՛չ Դուք, եւ ո՛չ ես այդ ժամանակը չունենք:
-Շուրջ 6 ամիս է՝ ԱԱԽ-ն քարտուղար չունի, եւ կարծիքներ կան, որ այնքան էլ պիտանի կառույց չէ: Անելիք կա՞, կարծում եք:
-Ես շատ ուրախ եմ, որ այդ հարցերը Ձեզ այդքան խորությամբ հուզում է:
-Իմ հարցը վերաբերում է…
-Ես հասկանում եմ, թե Ձեր հարցն ինչին է վերաբերվում, ես էլ ասում եմ, եթե խորությամբ տիրապետեիք այս ստրուկտուրային, նման աշխատանքներին, ապա նման հարց չէիք տա: Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման խնդիրները համալիր խնդիրներ են, այդ կառույցն այդ խնդիրները սպասարկող միջոցներից մեկն է, ուստի Ձեր հարցը ի սկզբանե հասցեատիրոջն ուղղված չէ:
-Վերջին ժամանակահատվածում ԱԱԽ-ն մշտապես քննադատությունների «կիզակետում» է եղել իր ոչ ռեալ գործունեության պատճառով, քննադատվել է նաեւ այն պաշտոնյան, որը ղեկավարում էր ԱԱԽ-ն…
-Ո՞ւմ կողմից, եթե հստակեցնեք՝ ում կողմից է եղել, նոր մեր զրույցն առարկայական կլինի: Քննադատություն ասվածը վերացական բան է, երբեմն առանձին անհատների կամ կազմակերպությունների կողմից քննադատական խոսքը պետք է ընկալել որպես կոմպլիմենտ, իսկ երբեմն էլ հակառակը՝ դրական գնահատականը՝ որպես խիստ եւ մտահոգիչ քննադատություն: Անպայմանորեն կարդացե՛ք 12 գրքերիցս գոնե 3-ը՝ 3 վերջին գրքերը: Այնտեղ կան անդրադարձներ Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցերին անմիջականորեն վերաբերող պատասխաններ:
-Պարո՛ն Գեղամյան, իսկ Դուք ԱԱԽ նախկին քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին արժանի փոխարինող համարո՞ւմ եք Ձեզ:
-Կրկին Ձեզ խնդրում եմ՝ անհատականացնել պետք չի: Ես անվտանագության խորհրդի աշխատանքներին մանրամասնորեն ծանոթ չեմ, առավել եւս՝ աշխատակազմի աշխատանքներին, ուստի իմ կողմից կոռեկտ չի, որ ես որեւէ կերպ արձագանքեմ նման բովանդակության հարցերին:
-Եթե նշանակվեք ԱԱԽ քարտուղար, ի՞նչ կփոխեք այդ կառույցում առաջին հերթին:
-Կարդացե՛ք իմ հեղինակած 12 գրքերից վերջին 3-ը, մի քիչ ծավալում են, բայց այնտեղ Դուք Ձեր հարցի պատասխանը կգտնեք:
-Փաստորեն ՀՀ-ի ազգային անվտանգությունը Ձեր ուշադրության կենտրոնում է միշտ եղել…
-Ո՛չ, ընդհանուր առմամբ աշխարհաքաղաքական այն զարգացումների, որի մեջ ներքաշված է մեր տարածաշրջանը եւ մասնավորապես Հայաստանի Հանրապետությունը: Դրանք պարզապես իմ հրապարակային ելույթներն են, հրապարակային հարցազրույցներն են, հեռուստաելույթներն են, ինչու չէ նաեւ՝ ամենաբարձր ատյաններում հնչեցված խոսքի վավերացումն է թղթի վրա:
-Իսկ վերջին Ձեր գրած գրքերն արդյո՞ք կապ ունեն ԱԱԽ-ի պաշտոնում Ձեր հավանական նշանակման քննարկումների հետ:
-Ես 1995 թվականից իմ բոլոր ելույթները թղթի եմ տալիս, իսկ կարծում եմ 95 թվականին նման հարցեր օրակարգում չկային, ուստի այս տարիների ընթացքում իմ աշխարհահայացքային ամփոփումները տեղակայված են այդ գրքերում: Հաշվի առնելով այն ամենը, որին արժանացել են իմ հոդվածները, կարելի է ասել, որ դրանք պահանջված են, նաեւ պահանջված են այն պարզ պատճառով, որ այսօր ամենահեղինակավոր կազմակերպությունները, երբ լուրջ քննարկումներ է լինում՝ քաղաքական, փորձագիտական, հրավեր են ուղարկում, որպեսզի ես մասնակցեմ դրանց:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԼՅՈՒԴՈՎԻԿՈՍ 14-ՐԴԸ` ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԱԽԱՏԻՊ
Երեկ Ազգային ժողովում Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը բարկացավ: Պատճառը նույն կուսակցության մեկ այլ պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցադրումն էր: Վերջինս ասել էր, թե կենաց են ասում մայրերի մասին, մեծարում, բայց հղիները ստիպված ԱԺ դարպասների մոտ բողոքում են: Հակոբ Հակոբյանը վրդովեց, թե հարցերից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրենք հղիներից գումար են վերցնում. «Այնպիսի հարցադրումներ եղան, թե մայրերի փողերը կտրում եք, սեղաններին խմում եք: Խնդրում եմ, թող մեկը վեր կենա, ելույթով ասի, թե հղի եւ ծննդաբերող ում փողն է կտրվում»:
Հակոբ Հակոբյանի ելույթին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Տպավորությունն այն է, որ մեր դիմաց կանգնած է Լյուդովիկոս 14-րդը, ով ասում էր` պետությունը ես եմ: Ամբողջ սոցիալական ոլորտի հերն անիծեցիք: Պատգամավորները հարց են տալիս լրիվ այլ թեմայով, դուք լրիվ այլ բան եք ասում: Ըստ ձեզ` այս փոփոխությունները կբարելավե՞ն ժողովրդագրությունը: Արդյոք կարողացե՞լ եք համոզել հանրությանը, որ առաջընթացի տեսանկյունից ձեր բերած փոփոխություններն արդարացված են»: Արծվիկ Մինասյանի բնորոշմամբ՝ այս օրինագիծը հակաժողովրդագրական ու հակասոցիալական է:
Ի պատասխան ՀՅԴ-ական պատգամավորի ձեւակերպումներին` Հակոբ Հակոբյանը հեգնեց, թե իր կարդացած բոլոր գրքերն Արծվիկ Մինասյանի սկզբունքների վրա են հիմնված եղել որպես «սոցիալական արդարության դոկտրինայի հայր»: ՀՀԿ-ականն ասաց. «Դուք եւ Ձեզ նման մի քանի ցուցակային պատգամավոր, որոնք գալիս են ամբիոնի մոտ ու խոսում համամասնական ընտրակարգից, ինձ կարող եք մեղադրել որպես իշխանության պատգամավոր, բայց այս հարցում ինձ մեղադրելն անհասկանալի է»:
Արծվիկ Մինասյանը զարմացավ, թե ինչ կապ ունեին այդտեղ համամասնական ցուցակները. «Ընդամենը բացատրություն տվեք, թե ինչ եք ներկայացնում: Ձեզ մեղադրում եմ ոչ թե որպես մեծամասնական պատգամավոր, այլ որպես մարտունեցի, որն ինքն էլ դեմ է այս նախագծին: Դուք էլ ու Ձեր կառավարությունն էլ կուտակային համակարգի հայրն եք»:
Հակոբ Հակոբյանը հպարտությամբ նշեց, որ իր մարտունեցի լինելուց երբեք վատ չի զգացել, սակայն վիրավորված է կուտակային կենսաթոշակային համակարգին բան ասելու համար: Ըստ նրա՝ դա միակ ճիշտ ուղին էր. «Ինչ վերաբերում է իմ ծննդավայրին, դա այնքան ակնհայտ է, էլ չասած: Ես երբեք չեմ տխրել, երբեք չեմ վիրավորվել իմ ծննդավայրից: Հակառակը՝ շատ էլ ուրախ եմ: Ով որ չունի, թող նա մտածի: Մեր խնդիրը, կապված օրենսդրական նախաձեռնության հետ, ակնհայտ է: Մենք առաջարկում ենք 30 հազար չաշխատող կնոջ օգնել, դա կլինի խթան ծննդաբերությունների աճի համար»:
Այս բանավեճին արձագանքեց նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Ժողովրդի մասին կարելի է մտածել, բայց ժողովրդին շահարկման առարկա չի կարելի դարձնել: Ժողովրդին սիրում են հոգեպես, արյամբ, ներքին զգացումներով»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ժամանակին ԱԺ օրակարգ էր ուզում մտցնել «Բազմակնության մասին» օրենքը, որով ցանկանում էր Հայաստանում ծնելիության աճը խթանել:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
100 ԿՈՂՄՈՎ
ՀՀ ԱԺ-ն երեկ Կառավարության կողմից ներկայացված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծն ընդունեց միաձայն` 100 կողմ, դեմ կամ ձեռնպահ չկար: Սա այն հազվադեպ նախագծերից էր, որն իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների կողմից արժանացավ հավանության եւ առաջին ընթերցմամբ ընդունվեց առանց առարկությունների: Իսկ ինչ վերաբերում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությանը, դրան կողմ քվեարկեցին 94 պատգամավոր, 3-ը՝ դեմ, 1-ը՝ ձեռնպահ: Օրենքին դեմ են քվեարկել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն ու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ավետիսյանն էլ ձեռնպահ է քվեարկել: Մնացած պատգամավորները, այդ թվում՝ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից եւ ՕԵԿ-ից, կողմ են քվեարկել:
ԾՆՈՒՆԴԻ ԵՆ
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրիկի՝ Ռոզա Ծառուկյանի ծննդյան օրն է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գ. Ծառուկյանը մոր ծնունդը նշելու է իրեն պատկանող «Փարավոն» ռեստորանում: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության բոլոր անդամները հրավիրված են իրենց առաջնորդի մայրիկի տարեդարձին:
Ի դեպ, վերջին շրջանում ԱԺ արտահերթ նիստերին ԲՀԿ-ից հատուկենտ պատգամավորներ են մասնակցում: Իսկ մասնակցությունն էլ զուտ «ներկա» «գրվելու», քվեարկելու համար է: Լրագրողների հարցերին էլ պարզապես խուսափում են պատասխանել:
ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ
Այսօր նախատեսված է Աժ ոչ իշխանական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու «Ժառանգություն» խմբակցությունների հանդիպումը խորհրդարանում: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հաստատեց եւ ո՛չ էլ հերքեց մեր տեղեկությունը: Ըստ լուրերի՝ եռյակում քննարկելու են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացրած «Համաժողովրդական շարժման հռչակագիր» անունը կրող նախաձեռնությունը:
ԿԳԱ ԿԱՍԻ
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը երեկ Armlur.am-ի հետ զրույցում ասել է, որ իր ղեկավարը տասը օր է, ինչ հանրապետությունում չէ: Նրա խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան վերադառնալուց հետո կարտահայտի իր կարծիքը երկրում տիրող քաղաքական գործընթացների եւ այլ կարեւոր հարցերի վերաբերյալ: Նա նաեւ ասել է, որ այս օրերին, երբ Քոչարյանը Հայաստանում չէ, ինքը ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել ճշտելու նրա դիրքորոշումը քաղաքական գործընթացների կամ եռյակի գործունեության մասին: