ԵՏՄ-ԻՆ ՓԱՍՏԵՐՈՎ ՔՆՆԱԴԱՏԵՔ, ՈՉ ԹԵ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 14-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը սահմանադրական ճանաչեց: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընթերցեց 44 էջից բաղկացած որոշում, համաձայն որի` ԵՏՄ պայմանագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը: Սահմանադրական ճանաչվելուց հետո պայմանագրի հաջորդ «հանգրվանը» ՀՀ Ազգային ժողովն է:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ԵՏՄ-ին անդամակցելը չի կարող սպառնալ Հայասատանի ազգային սուվերենությանը:
-Պարո՛ն Կարապետյան, բազմաթիվ փորձագետներ բացասական վերաբերմունք են արտահայտում Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ: ՍԴ-ն էլ այդ պայմանագիրը սահմանադրական ճանաչեց: Ձեր դիտարկմամբ` ի՞նչ կտա այս անդամակցությունը Հայաստանին:
-Առաջինը, թերեւս, այն է, որ մեծ շուկա է ստեղծում մեզ համար: Ճիշտ է` ԵՏՄ-ում հիմա ամենալավ տնտեսական վիճակը չէ, բայց պետք է ասենք, որ այստեղ է կենտրոնացված ամենամեծ շուկան: Չմոռանանք, որ համախառն ներքին արդյունքի աճով, ընդհանուր հնարավորություններով այն բավականին շահեկան տեղ է զբաղեցնում: Երկրորդ` այս կառույցը եւ Ռուսաստանը միակն են, որոնք հնարավորություն են ընձեռում ինվենստիցիաների քանակի աճի համար: Նշենք, որ այլ երկրների ինվեստիցիոն քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ բավականաչափ ցածր մակարդակի վրա է: Արտաքին առեւտուրը 3 միլիարդ է կազմում:
-Այսինքն` մենք բազմաթիվ թելերով կապված ենք հենց Ռուսաստանի՞ հետ:
-Մենք օրգանապես կապված ենք Ռուսատանի տնտեսության եւ տնտեսական համակարգի հետ: Թե՛ որպես աշխատուժի շուկա, թե՛ որպես ապրանքների շուկա լավագույն հանգրվանը հանդիսանում է Ռուսաստանը: Սրա մեջ է ճշմարտությունը: Հանվելու են այն արգելքները, որոնք դրված են առեւտրի, մարդկանց վրա: Սա դրսում ապրող մարդկանց իրենց կյանքը հեշտացնելու հնարավորություն է տալու:
-Փաստորեն, ԵՏՄ-ն իդեալական պայմաննե՞ր է ստեղծելու անդամ երկրների եւ մասնավորապես` Հայաստանի համար:
-Միակ դժվարությունը, որ այսօր կա, երկու մասից է բաղկացած: Մեկն այն է, որ արտագաղթի տոկոսը կարող է աճել: Տնտեսական միությունները հարաճուն են: Այդպես է նաեւ Եվրամիության դեպքում: Ես շատ կուզենայի, որ այս ընթացքը շատ կարճ տեւեր եւ Ռուսաստանի տնտեսությունը կրկին աճ արձանագրեր, որպեսզի մենք էլ կարողանայինք իմ թվարկած հատկություններից օգտվել: Երկրորդ կարեւորագույն խնդիրը անվտանգության երաշխիքների խնդիրն է: Հայաստանը չի կարող անվտանգության խնդիրները լուծել իր ներսում, իսկ մնացած խնդիրները՝ դրսում: Աշխարհում նման վիճակ չկա, եւ ոչ մի պետություն էլ չի կարող դրան դիմակայել:
Ի վերջո, 21-րդ դարը տնտեսության դար է:
-Պարո՛ն Կարապետյան, տեսակետ կա, համաձայն որի` ԵՏՄ-ին անդամակցությունը մեր ազգային սուվերենության հիմքերը կխարխլի:
-Հետաքրքիր է` որտե՞ղ է կորում մեր ազգային սուվերենությունը: Այսինքն՝ մենք, որպես պետություն, ջնջվո՞ւմ ենք: Մեր դրոշը կորցնո՞ւմ ենք: Գնում, մեկին միանում ենք եւ դառնում վիլայե՞թ: Այսինքն՝ Ղազախստանը, Ռուսաստանը, Բելոռուսը, միանալով այդ պայմանագրին, կորցրե՞լ են իրենց սուվերենությունը: Ինքնուրույնությունը ի չի՞ք է դարձել: Այդ ամենն իրականում նման է միֆի: Եթե որեւէ մեկն ասի, թե հատկապես ո՞ր հատվածում է կորում մեր ազգային սուվերենությունը, այդ դեպքում ես կհասկանամ: Բայց իրականում մեր սուվերենությունը չի կորում:
Որոշումները կայացվելու են բարձրագույն մարմնում, բարձրագույն խորհրդում, որտեղ բոլորն ունեն մեկ ձայն, որտեղ վետոյի իրավունք է կիրառվում: Եթե Եվրամիությանը միանայինք, չէ՞ր կորելու այդ սուվերենությունը: Մի բան էլ ասեմ: Դուք գիտե՞ք մի միություն, որտեղի անդամները ոչինչ չեն զիջել: Այսինքն` եթե մտնենք այդ կազմի մեջ, միգուցե մի բան էլ զիջենք: Բա միության իմաստն էլ ո՞րն է: Դարերից եկող ճշմարտություն է: Բոլոր միություններն էլ նման բան են ենթադրում: Այլ կերպ չի էլ կարող լինել:
Միայն դատարկ խոսելով չէ: Պետք է բոլոր տեսակետները հիմնավորված լինեն: Օրինակ՝ մեր դատական վարույթի հնարավորություննե՞րն ենք կորցնելու:
-ԵՏՄ դատարանի գոյությունն է՞լ չի կարող սահմանափակել ՀՀ Սահմանադրական դատարանի գործունեությունը:
-ԵՏՄ դատարանը չի կարող սահմանափակել ՀՀ Սահմանադրական դատարանի գործունեությունը: Նույնիսկ Լոնդոնի Արբիտրաժային դատարանը, որտեղ բոլոր միջազգային վեճերը տնտեսական լուծում են ստանում, դիմողները, որպես սուբյեկտներ, արբիտրաժային օրենքների հիման վրա դատեր են անում: Հիմա էլ ԱՊՀ-ում կա Արբիտրաժային դատարան: Մենք դեռեւս ԱՊՀ կազմում լինելու ժամանակ էլ ունեինք նման իրավիճակ: Սուբյեկտները որեւէ խնդրի դեպքում դիմում էին Արբիտրաժային դատարանին: Աշխարհում շատ կան նման բաներ, այնպես չէ, որ մեկը մյուսի գոյությանը ինչ-որ կերպ խոչընդոտելու է: ՀՀ Սահմանադրական դատարանը չի կարող ստորադասվել երբեւէ:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՂԵՎԱՐՁԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ՞

Երեկ ՀՀ Կառավարության երեկվա որոշմամբ՝ Չինաստանի կառավարության կողմից որպես նվիրաբերություն Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին հատկացվեց մոտ 143 մլն դրամ: Այս գումարով ընկերությունը պետք է դիզելային վառելանյութով աշխատող ավտոբուսների շարժիչները փոխարինի սեղմված բնական գազով աշխատող շարժիչներով: Նաեւ այդ գումարով ավտոբուսների մաքսազերծման ծախսը պետք է վճարվի:

Այս փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա Երեւանում գործող հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագնի վրա: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի հետ:
-Պարո՛ն Նավասարդյան, ավտոբուսների շարժիչների փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա ուղեվարձի սակագնի վրա:
-Ես նման տեղեկատվություն չեմ կարող տալ, որովհետեւ դեռ չգիտեմ, թե դա ինչ արդյունք կտա: Խոսքը 73 ավտոբուսի մասին է: Իսկ ուղեվարձի սակագնի մասով կա ստեղծված հանձնաժողով, որն էլ ուսումնասիրում է այս հարցը: Այս պահին ուղեվարձի սակագնի բարձրանալու մասին դեռեւս խոսակցություն չկա:
-Իսկ այս պահին Երեւանում քանի՞ նման ավտոբուս կա, որոնք ունեն շարժիչների փոփոխության կարիք:
-Ընդամենը 73 ավտոբուսի համար է այդ գումարը հատկացվում, եւ շարժիչ ներկրվում: Մյուսները դեռ դիզելային վառելանյութով են աշխատելու: Այս պահին մյուս ավտոբուսների շարժիչների փոփոխության մասով նախ գումար է պետք:
-Ի՞նչ եք կարծում՝ այս փոփոխությամբ կկրճատվե՞ն ընկերության ծախսերը. ի վերջո, գազն ավելի էժան է, քան դիզելը:
-Չեմ կարող ասել: Ուղեւորավարձերի սակագները որոշող հանձնաժողովը կարող է ասել՝ կկրճատվե՞ն, թե՞ ոչ:

-Պարո՛ն Եղիազարյան, ի՞նչ սպասենք այս փոփոխությունից:
-Այդ ձեռնարկությունը (նկատի ունի «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ն-Ս.Հ.) քիչ էր մնում փակվեր, քանի որ չեն կարողանում այս պայմաններում աշխատել: Որքան էլ որ Երեւանի քաղաքապետարանը նվիրատվություն կատարի, միեւնույն է՝ ոչինչ չի փոխվում. ծայրը ծայրին չի կարողանում հասցնել: Գուցե ընկերության ծախսերը կրճատվեն:
-Այնուամենայնիվ, ուղեւորավարձի սակագինը չի՞ բարձրանալու:
-Մի՛ սպասեք ոչ մի բանի: Չի նշանակում, որ սրանից հետո սակագնի իջեցում կլինի: Դեռեւս նախորդ տարի դուրս է գրվել մոտ 70 տրանսպորտային միջոց, որոնց ծառայության ժամկետը լրացել է, իսկ այս տարի՝ 80, բայց սրան զուգահեռ այն չի համալրվել: Դուրս են գրվել այն մեքենաները, որոնք շահագործելու իրավունք չունեն:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՍԽԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Բորիկ Կոստանյանը խորհրդային տարիներին բնակվել է Բյուրեղավանում, որպես բժիշկ աշխատել Երեւանի տարբեր բուժհիմնարկներում: 1989թ. վերջին հատուկ տնտեսական ծրագրերի կոմիտեի կողմից, որպես բժիշկ-կոնսուլտանտ, ուղարկվել է Շահումյանի շրջան: 1991թ. մարտի 25-ին՝ վիրավորներին մարտադաշտից դուրս բերելու ժամանակ, արկի պայթյունից ծանր վիրավորվել է, կոնտուզիա ստացել, դարձել հաշմանդամ:

1991-ին ամուսնալուծվելով՝ առանց գրացվելու բնակություն է հաստատել հայրենի Սարիգյուղում, չամուսնացած քրոջ՝ Ամալյայի հետ, վերջինիս ժառանգած հայրական տանը: Բ. Կոստանյանը Գետաշենից 300 փախստականների սննդի եւ հագուստի աջակցություն է տրամադրել, բուժօգնություն՝ Ոսկեպարում վիրավորվածներին: Նա մեզ ցույց տվեց Ադրբեջանից փախստականներին տոննաներով շաքարավազի, հազարավոր տուփ պահածոների բաշխման վերաբերյալ փաստաթղթեր: 1991թ. Նոյեմբերյանի շրջանային «Ծիածան» թերթը դրվատանքով է գրել Բ. Կոստանյանի բարեգործությունների մասին: Վերջինս ուլտրաձայնային հետազոտության սարքով հարյուրավոր մարդկանց զննել է, ստացված հասույթը՝ 42 հազար ռուբլի, փոխանցել Նոյեմբերյանի «Օջախ» բարեգործական կազմակերպությանը:
2006թ. Բ. Կոստանյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով, 2012-ին՝ ՊՆ «ՀՀ զինված ուժերի 20-ամյակը», 2014-ին՝ «Ծովակալ Իսակով» մեդալներով: Ստացած վերքերից տարիների ընթացքում նրա առողջությունը վատթարացել է: 2005թ. նա ճանաչվել է 3-րդ խմբի զինվորական հաշմանդամ, 2007-ին՝ ցմահ 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ: 2008 թ. որպես 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ՝ դիմել է բնակարան ստանալու համար: Կոստանյանը համոզված է՝ դա պատճառ է դարձել, որ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովն օրենքի խախտումով 2011թ. հոկտեմբերի 24-ին «իջեցնի» իր հաշմանդամության խումբը՝ ճանաչելով որպես ընդհանուր հիմունքներով 3-րդ խմբի հաշմանդամ: Նա հանձնաժողովի այդ որոշումը բողոքարկել է վարչական դատարան: Դատական գործընթացը տեւել է 2 տարի 8 ամիս: 2014թ. փետրվարի 17-ից Բ. Կոստանյանը վերստին ցմահ 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ է:
Սակայն այս ամենի հետեւանքով ունեցած ծանր ապրումներից նա հիվանդացել է շաքարախտով, ստացել սրտամկանի կաթված, տառապում է ընկնավորությամբ, նաեւ վատացել են լսողությունը եւ տեսողությունը: Այդ պատճառով 2013թ. մարտի 20-ին նա զրկվել է Սարիգյուղի դպրոցում ուսուցչի աշխատանքից: Որպես 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ՝ նա 68.800 դրամ թոշակ էր ստանում, որպես 3-րդ խմբի հաշմանդամ՝ 28 հազար: Կորցրած առողջությունը վերականգնելու, դեղորայք գնելու համար նա 4 անգամ վարկ է վերցրել: Սկզբում պարտաճանաչ մարել է վարկային պարտավարությունները, սակայն ուսուցչի աշխատանքը կորցնելով՝ հայտնվել է դժվարին վիճակում:
Այժմ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, ընդդեմ 65-ամյա Բորիկ Կոստանյանի, գումարի բռնագանձման պահանջով քննվում է 4 գործ՝ 2-ը «Արեգակ» վարկային կազմակերպության, մեկական՝ «Արդշինինվեստբանկ» եւ «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկերի հայցերով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս