ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ ԹԵ՞ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը եւ իշխանությունների` այս թեմայի վերաբերյալ արտահայտված բոլոր գործիչները միաբերան պատճառաբանում են մեր հանրապետության անվտանգությունն ապահովելու մղումով: Չնայած՝ ուղղակի չի ասվում, բայց ԵՏՄ-ի միանալու կոնտեքստում բոլորը «Հայաստանի անվտանգություն» ասելով՝ նկատի ունեն հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդիրը:

ՀԱԿ կուսակցության առաջնրոդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ իշխանական եռյակի՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ոչ միայն արդարացրեց Սերժ Սարգսյանի` ԵՏՄ-ին միանալու որոշումը, ավելին՝ հակառակ կարծիք ունեցողներին անվանեց ջղաձգվողներ: ՀՀ առաջին նախագահը նույնիսկ հայտարարեց. «Մի՞թե ոմանց համար դժվար է հասկանալ, որ Հայաստանին Ուկրաինայի կորուստների թեկուզ տասներորդ մասի բաժին ընկնելու պարագայում մեր երկիրը պարզապես կվերանա աշխարհի քարտեզից»:
Իսկ ԵՏՄ անդամակցումն ինչպե՞ս է ապահովելու Հայաստանի անվտանգությունը, կամ այլ կերպ հարցը ձեւակերպենք՝ ԵՏՄ անդամակցումը Հայաստանի անվտանգության ապահովման գործում ի՞նչ նոր գործոն է ավելացնելու, որն այժմ մենք չունենք: Այս հարցի պատասխանը մինչ օրս չի հնչել ո՛չ պաշտոնյաների եւ ո՛չ էլ նրանց քայլերն արդարացնող ոչ իշխանականների շուրթերից:
Փոխարենը ունենք մի իրավիճակ, որտեղ այլեւս իրողություն է դարձել այն հանգամանքը, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի առաջ ընթանալու հետ զուգահեռ Ադրբեջանի գործողությունները ԼՂՀ-ի եւ Հայաստանի հետ սահմաններին գնալով դառնում են ավելի սանձարձակ եւ լկտի:
Նախիջեւանի սահմանի դիրքերը սովորաբար համարվում են հայ-ադրբեջանական դիրքերի ամենահանգիստ հատվածը: Զինադադարից հետո Նախիջեւանի սահմանին լուրջ, մարդկային զոհերով միջադեպեր գրեթե չէին եղել: Սակայն այս տարի հունիսի 5-ին հայ հանրությանը ցնցեց Նախիջեւանի սահմանի Երասխի հատվածից ստացված լուրը՝ հակառակորդի կազմակերպած դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհվել էին ՀՀ զինված ուժերի երկու զինծառայողներ: Նկատենք, որ դրանից ընդամենը մեկ շաբաթ առաջ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի էր ունեցել ԵՏՄ-ի կազմավորման պաշտոնական արարողությունը, որին ՌԴ-ի եւ Բելառուսի նախագահներից բացի՝ մասնակցել էր նաեւ Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ ադրբեջանական կողմի` վերջին առնվազն 15 տարիների կտրվածքով աննախադեպ սադրանքը տեղի ունեցավ Հայաստանի ավտանգությունն ավելի ամրապնդելուն ուղղված գործընթացից հետո:
Հունիսին Հայաստանի պաշտոնյաներն առիթը բաց չէին թողնում հայտարարելու համար, որ ԵՏՄ-ի անդամակցումն այլեւս օրերի հարց է, նույնիսկ կոնկրետ ժամկետ էր նշվում` հուլիսի 15: Այն ժամանակ, երբ Հայաստանի պաշտոնյաները զբաղված էին ԵՏՄ-ի անդամակցության փաստաթղթերը պատրաստելով, հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը հերթական լկտի սադրանքը կազմակերպեց: ՀՀ ՊՆ-ի պաշտոնական տվյալներով` հուլիսի 28-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում ԼՂՀ-ի հայ-ադրբեջանական սահմանին 13 ընդհարում էր տեղի ունեցել, որոնց արդյունքում կրկին զինվորներ տուժեցին:
Հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը ստորագրեց ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը: Ներկայումս արդեն ավարտական փուլին է մոտենում այդ փաստաթղթի վավերացման գործընթացը: Նման պայմաններում Ադրբեջանը հերթական լկտի, զինադադարի կնքումից ի վեր նախադեպը չունեցող սադրանքն իրականացրեց` նոյեմբերի 12-ին կործանեց ԼՂՀ ԶՈՒ պատկանող ուղղաթիռը, ինչի արդյունքում, նախնական տվյալներով, զոհվեցին ուղղաթիռի անձնակազմի երեք անդամները: Ադրբեջանն այնքան սանձարձակ է զգում իրեն, որ մինչ օրս ԼՂՀ զինված ուժերին եւ միջազգային կառույցներին թույլ չի տալիս մոտենալ ուղղաթիռի կործանման վայրին եւ դիակները դուրս բերել:
Զուգադիպությո՞ւն է սա, թե՞ միտում, դժվար է ասել, բայց փաստը ցույց է տալիս, որ ԵՏՄ-ին անդամագրվելուն ուղղված մեր յուրաքանչյուր քայլ ուղղորդվում է սահմանային լարվածությամբ: Ու Հայաստանում բոլորն արդարացի դժգոհում են այն փաստից, որ միջազգային հանրությունը չի կարողանում ադրբեջանական կողմին ստիպել, որ ուղղաթիռի օդաչուների դիերը վերադարձնի հայկական կողմին:
Բայց, մյուս կողմից, հարց է ծագում, իսկ ինչո՞ւ պետք է միջազգային կառույցները Հայաստանի համար ճնշեն Ադրբեջանին, որն, ի դեպ, աշխարհաքաղաքական զարգացումներում, Հայաստանի համեմատ, ավելի չեզոք դիրք է գրավել: Միջազգային կառույցները հրապարակային չեն արտահայտվում, բայց նրանց մոտեցումը կարելի է նաեւ հետեւյալ կերպ հասկանալ՝ ընտրել եք Ռուսաստանի Դաշնության հետ ինտեգրացիայի ճանապարհը, թող ՌԴ-ն էլ ձեր անվտանգությունն ապահովի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԱՌԱՆՑ ՑԵՄԵՆՏԻ ՈՒ ԳԱՋԻ
Հայաստանում այս տարի նախորդ տարվա համեմատ ցեմենտի արտադրությունը նվազել է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2014 թվականի առաջին ինն ամիսներին 295 հազար 700 տոննա ցեմենտ է արտադրվել: Անցած տարվա նույն ժամանակահատվածում արտադրված է եղել 325 հազար տոննա ցեմենտ: Այսինքն՝ ցեմենտի արտադրության ոլորտում գրանցվել է 9 տոկոսի անկում: Գաջի արտադրության թվերն ավելի ողբերգական վիճակում են: 2014 թվականի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 16 մլն 309 հազար տոննա գաջ: Սա այն դեպքում, երբ 2013 թվականի նույն ժամանակահատվածում արտադրված է եղել 22 մլն 639 հազար տոննա: Այս ոլորտում նախորդ տարվա համեմատ անկումը կազմել է 28 տոկոս:
«Միկա ցեմենտի գործարանի» վերագործարկման բոլոր փորձերը ոչ միայն այս տարի, այլեւ նախորդ տարի այդպես էլ հաջողություն չունեցան, գործարանը ներկայումս պարապուրդի է մատնված: Սա, թերեւս, պայմանավորված է այն հանգամանքով, որ շինարարության ծավալները գնալով նվազում են, ինչը հանգեցնում է ցեմենտի պահանջարկի անկմանը: Շինարարության ոլորտում անկումը շարունակվում է արդեն մոտ երեք տարի: ԱՎԾ-ի տվյալներով՝ այս տարվա ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է շինարարության մոտ 3 տոկոս անկում: ԱՎԾ-ի երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ 2011-ին շինարարության ծավալը կազմել է 504 միլիարդ 800 միլիոն դրամ, 2012-ին՝ 479 միլիարդ 400 միլիոն, իսկ 2013-ին` 453 միլիարդ 400 միլիոն:

 

ԿՈՂՄ Է
ԱԺ ՀՀԿ խմբակցության նորաթուխ անդամ Վահրամ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը ՀՀ-ի ԵՏՄ-ին միանալու պայմանագրին կողմ է քվեարկելու:
-Իսկ ինչո՞ւ եք նման որոշում կայացրել:
-Նորություն չեմ ասի, կասեմ այն, ինչ կա: Մեծ շուկա է բացվում հայկական արտադրողի համար, կարծում եմ, որ դա միայն դրական կանդրադառնա մեր տնտեսության վրա, ինչի համար էլ ես կողմ եմ:
-Այսինքն՝ ըստ Ձեզ՝ պայմանագրի վավերացումից հետո տնտեսական ա՞ճ է լինելու:
-Այո՛, այն ընկերությունները, որոնք ունեն արտադրանք, ու Հայաստանում շուկա չկա, իրենք կարտահանեն, գյուղմթերքներն են դրանք, արդյունաբերական ապրանքներ են եւ այլն:
-Իսկ նույն տեսակետը կիսո՞ւմ է նաեւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, որը Ձեր քաղաքական կնքահայրն է: Նա ե՞ւս կողմ է:
-Դա իրեն հարցրեք, ես բիզնեսով չեմ զբաղվում ու չեմ կարող ասել: Ես կարծում եմ, որ այն ընկերությունները, որոնք ՀՀ-ում արտադրողներ են, իրենց համար լավ է լինելու: Ես կողմ եմ:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՍՐԲԱԳՐԵԼՈՒ ՓՈՐՁ
«Դա լրագրողական խաղ էր, որով փորձում էին հարվածել ե՛ւ ինձ, ե՛ւ վարչապետին»: Անդրադառնալով Կառավարության վերջին նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանի՝ Արման Սահակյանին արված նկատողությանը՝ երեկ նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հիշեցնենք, որ Կառավարության վերջին նիստում վարչապետը նկատողություն էր արել Ար.Սահակյանին, որից հետո նա հայտարարել էր, թե վարչապետն իր վրա ձայնը չէր բարձրացրել, հակառակ դեպքում` համարժեք պատասխան կտար: «Կապել են որդուս հետ, իբր թե վեճ է եղել, ինչ-որ վատ խոսակցություններ են եղել: Հավատացնում եմ ձեզ, որ նման բան չկա: Երկրորդն էլ՝ դուք սովորություն եք դարձրել չեղած բանից սենսացիա սարքեք: Վարչապետն իմ շատ լավ բարեկամն է, ընկերը, մենք միասին նույն թիմում ենք: Սկսել եմ չհետեւել նման բովանդակությամբ նյութերին»,-ընդգծել է Աժ նախագահը: Փաստորեն ստացվում է՝ լրագրողներն են ստիպել Հովիկ Աբրահամյանին ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին դիմել «արա»-ով, իսկ Սահակյանն էլ՝ հայտարարել, թե հարկ եղած դեպքում վարչապետը հակադարձը կստանար:

 

ԴԺԲԱԽՏ ՆԱԽԱՐԱՐԸ
«Ես այդ երջանկությունը չունեմ՝ հետեւելու «եռյակի» նիստերին, բայց ծանոթ եմ նրանց մոտեցմանը: Կարող եմ ասել, որ Հայաստանի քաղաքական մշակույթում չի արմատավորվում գործելաոճը, երբ համագործակցությունը, համատեղ աշխատանքը չեն դիտարկվի որպես քաղաքական դիրքորոշման կապակցությամբ հետընթաց»,-անդրադառնալով եռյակի դիրքորոշմանը՝ երեկ ասել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

 

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀՈՒՅՍԻՆ
ՀՀ ՊՆ նախարար Ս. Օհանյանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կործանված ուղղաթիռի անձնակազմի 3 անդամների դիակները հայկական կողմին վերադարձնելու այլ ելք չի տեսնում, քան դիվանագիտական ճանապարհը, այն է՝ բանակցությունների եւ միջազգային հանրության ճնշման ազդեցությամբ Ադրբեջանի սանձարձակ պահվածքը մեղմելը: Այս մասին նախարարը հայտարարել է երեկ, Եռաբլուրում՝ հավելելով, որ զոհված օդաչուների ընտանիքների հետ ինքն անձամբ է հանդիպել՝ նրանց հոգեբանորեն աջակցելու նպատակով:

 

ԱՊԱՐԴՅՈՒՆ
Մինսկի խումբը փորձում է մտնել Ադրբեջանի կողմից կործանված ուղղաթիռի վայր, սակայն դա դեռեւս չի հաջողվել: Այս մասին երեկ նշել է ԵԱՀԿ-ի Վիեննայի քարտուղարության ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ներկայացուցիչ Տորստեյն Շտոտիկը: «Շարունակվում են աշխատանքները ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ: Ես կարող եմ մտահոգություն հայտնել, որ դեռեւս հնարավորություն չի ընձեռվել մուտք գործել ուղղաթիռի խոցման վայրը, եւ ուզում եմ նշել, որ ԵԱՀԿ-ի քարտուղարի ներկայացուցիչն է գտնվում դեպքի վայրում»,-ընդգծել է նա:

 

ՄԱՆՐ-ՄԱՆՐ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչներին: «Ո՛չ հաջողությունը, ո՛չ էլ հաղթանակն առանց չարչարանքի չեն տրվում: Այդ հաղթանակին հասնելու ճանապահին յուրաքանչյուր քաղաքական ուժ իր մասնաբաժինը պետք է ունենա: Կողքից դիտելով, թե Ծառուկյանը, Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ կանեն, սխալ մոտեցում է: Սա վերաբերում է նաեւ արտախորհրդարանական ուժերին»,-նշել է Գ. Ծառուկյանը:

 

ԴԻՄԵԼ Է
ՀՀ ՄԻՊ Կ. Անդրեասյանը նամակ է հղել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին` հայտնելով իր մտահոգությունը հայկական ուղղաթիռի անձնակազմի դիակների տեղափոխման հարցով. «Խոցված ուղղաթիռի անձնակազմին օրեր շարունակ կրակի տակ պահելը ոչ միայն լիովին հակասում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված նորմերին, մասնավորապես Ժնեւի կոնվենցիայի դրույթներին, այլեւ ոտնահարում է տարրական բարոյականության ու խղճի սկզբունքներն իսկ: Կոչ եմ անում Ձեզ անմասն չմնալ եւ նպաստել ուղղաթիռի անձնակազմի՝ հայկական կողմին վերադարձմանը, ինչպես նաեւ՝ միջադեպի համակողմանի, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննության անցկացմանը»:

 




Լրահոս