ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԸ ՀՈԳՈՎ ԴԵՄ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «դարակազմիկ» իրադարձություն տեղի ունեցավ: Հանրապետական խմբակցությունը չկարողացավ քվեարկությամբ ընդունել Կառավարության ներկայացրած երկու նախագծերը: Այս ամենն այնքան անսպասելի էր, որ դահլիճում ընդդիմադիրների կողմից նույնիսկ ծափեր հնչեցին:

Խորհրդարանն առաջինը քվեարկության դրեց Կառավարության կողմից ներկայացրած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Մինչ քվեարկությունը, ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, թե օրենքը բավական կարեւոր է ու խնդրահարույց, եւ 20 րոպե ընդմիջում խնդրեց` խմբակցություններում հարցը քննարկելու համար:
Արդեն ընդմիջումից հետո վարման կարգով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը եւ նշեց. «Հաշվի առնելով, որ պետությունում տեղեկատվական եւ իրավական անվտանգության խնդիրների ապահովության կարողությունը ցածր մակարդակի վրա է, եւ հնարավոր է` ստեղծվի բացարձակ անպաշտպան միջավայր, ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը»: Քվեարկությանը չմասնակցեցին նաեւ մյուս ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, եւ օրինագիծը չընդունվեց` 61 կողմ, 2 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Այնուհետեւ քվեարկության դրվեց «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս անգամ էլ, մինչ քվեարկությունը, վարման կարգով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, թե այս օրենքը թալանում է մարդկանց, եւ կոչ արեց առհասարակ չմասնակցել քվեարկությանը:
Արդյունքում` քվեարկությանը մասնակցեց միայն ՀՀԿ-ն, իսկ օրինագիծն էլ մերժվեց 57 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հետաքրքիրն այն է, որ դեմ քվեարկած միակ պատգամավորը ՀՀԿ-ական Գարեգին Նուշիկյանն էր: Փաստորեն նա դեմ դուրս եկավ իր հարազատ խմբակցության դիրքորոշմանը: Մեր այն հարցին, թե ինչու Դուք դեմ քվեարկեցիք, Նուշիկյանը պատասխանեց. «Տենց ուզեցի, տենց քվեարկեցի: Մենք կուսակցության ներսում որեւէ պայմանավորվածություն չունեինք, թե ինչպես պետք է քվեարկենք, հետո էլ դեմ էի»: Պատգամավորն ընդգծեց, թե անհանգստություն չունի, որ ՀՀԿ վերնախավն իրեն կարող է նկատողություն անել: «Հո մանկապարտեզում չե՞նք: Ինչո՞ւ պետք է նախատեն: Մենակ ես չեմ, որ դեմ կամ կողմ է քվեարկել: Եզակի երեւույթ չէ: Հոգով էնքան բանի ենք դեմ»,-հայտարարեց Գարեգին Նուշիկյանը: Նկատենք՝ սա առաջին դեպքը չէ, որ Գարեգին Նուշիկյանն իր քվեարկությամբ առանձնանում է մյուս ՀՀԿ-ականներից: Նման դեպք էր տեղի ունեցել նաեւ տարեսկզբին: Փետրվարին խորհրդարանը քվեարկության էր դրել ոչ իշխանական չորս ուժերի կողմից ներկայացրած գազամատակարարման ոլորտն ուսումնասիրելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությունը: Այդ ժամանակ էլ Նուշիկյանը ձեռնպահ էր քվեարկել:
Ինչպես երեւում է, ՀՀԿ-ական պատգամավորն առանձնապես մտահոգված չէ, որ իր քայլը կարող է հանրապետական վերնախավի մոտ դժգոհություն առաջացնել:
Երեկվա քվեարկությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Այս օրենքի հետ կապված քաղաքական որոշում չի եղել: Կարող եք նայել` քաղաքական որոշումներից հետո դեմ քվեարկողներ եղել են, թե ոչ: Բայց կան օրենքներ, որոնց հետ կապված քաղաքական որոշում չենք կայացնում եւ քննարկման փուլ ենք ծավալում», – նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ նախկինում իշխող հանրապետական կուսակցությունն այսքան թեթեւ չէր վերաբերում քվեարկությունների տապալմանը եւ այն նույնիսկ «թասիբի» հարց էր համարում: Ինչ է փոխվել այժմ…

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՇԱՀԳԱԼԴՅԱՆՆԵՐԻՑ ՊՐԾՈՒՄ ՉՈՒՆԵՆ ԿՈՏԱՅՔՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում դեկտեմբերի 14-ին տեղի կունենա քաղաքապետի ընտրություն: Այս պահին առաջադրված թեկնածուները երկուսն են՝ ներկայիս քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ով Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է, եւ Արտավազդ Ալեքսանյանը՝ «Կար-Կոր» ՍՊԸ-ի հերթափոխի պետը: Լուրեր են պտտվում, որ Ալեքսանյանին Շահգալդյանն է համոզել առաջադրի իր թեկնածությունը, որպեսզի գոնե ձեւական ընտրություն ապահովվի:

Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Չարենցավանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հակոբ Շահգալդյանի հետ:
-Պարո՛ն Շահգալդյան, ճանաչո՞ւմ եք Ալեքսանյանին: Լուրեր են պտտվում, որ նա Ձեր կնոջ հորեղբոր որդին է:
-Ես նման մտերիմ չունեմ: Ես իրենից ոչ մի ինֆորմացիա չունեմ:
-Ալեքսանյանին չե՞ք ճանաչում:
-Նա ամիսներ առաջ եկավ ինձ մոտ. աշխատանք էր փնտրում, ինձանից խնդրեց, որ իրեն աշխատանքով ապահովեմ: Ես էլ չկարողացա: Քանի որ երիտասարդ է, ցանկանում է փորձել, որպեսզի համոզի կամ ցույց տա, թե ինքն ինչ ռեյտինգ ունի քաղաքում:
-Ի՞նչ աշխատանք էր պահանջում:
-Ես չգիտեմ, ինքն աշխատանք էր պահանջում, ես էլ ասեցի, որ այս պահին աշխատանք չկա:
-Ձեր հայրն ի՞նչ կերպ է միջամտում նախընտրական գործընթացին:
-Ի՞նչ միջամտություն պետք է ունենա: Ի՞նչ կարող է անել վարչապետի խորհրդականը: Չէ՞ որ դեռ նախորդ ընտրություններին նա մարզպետ էր, բայց ես կրկին մրցակից ունեի: Այն ժամանակ ասում էին՝ հայրը մարզպետ է, մարզում լծակներն օգտագործում է: Իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ մարզպե՞տն ավելի մեծ լծակներ կունենա, թե՞ խորհրդականը: Ես ուրախ կլինեի, որ այդպես լիներ, բայց այդպես չէ:
-Չարենցավանցիները զայրացած են, քանի որ կարծում են, որ քաղաքը չի զարգանում: Բացի այս՝ նրանք վրդովված են նաեւ, որ Դուք ամեն անգամ վերընտրվում եք՝ հնարավորություն չտալով այլոց՝ դրսեւորվելու:
-Մի մասը դժգոհ կլինի, մյուս մասը՝ ոչ: Դե որ չանեի ոչ մի բան, չէին ընտրի ինձ: Հիմա էլ հայրս մարզպետ չէ, որ ասեն՝ դրա համար է առաջադրվել: Ինձ կուսակցությունն է առաջադրել: Թող որեւէ մեկն առաջադրեր իր թեկնածությունը: Ինչո՞ւ չեն առաջադրվում: Ինձանից այսօր վախեցող մարդ կա՞:
-Քարոզարշավը սկսվելու է նոյեմբերի 26-ին, ինչպե՞ս եք համոզելու բնակիչներին, որ Ձեզ ընտրեն:
-Ես համոզելու խնդիր չունեմ: Իմ ութը տարվա աշխատանքը կհամոզի:
-Իսկ Կոտայքի ներկայիս մարզպետ Արամ Հարությունյանի հետ համագործակցո՞ւմ եք: Վատ չե՞ք զգում, որ Ձեր հայրիկի աթոռն է զբաղեցնում:
-Այո՛, ես բոլորի հետ էլ լավ աշխատում եմ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԳԱԶԱՏԱՐ ԿԱ, ԳԱԶ ՉԿԱ

Հայաստանին տրված վարկային միջոցներով ՀՀ Կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2007 թվականից սկսած գազաֆիկացվել են Տավուշի մարզի Աչաջուր, Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր, Չինարի համայնքները: 2012 թվականից գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան եւ Ջուջեւան համայնքներում:
Այդ նպատակով տրամադրվել է 675 միլիոն դրամ, կառուցվել է 74.6 կմ ընդհանուր երկարությամբ գազախողովակաշար: Վերոհիշյալ 6 սահմանամերձ գյուղերից խորհրդային տարիներին միայն Ոսկեպարն է եղել գազաֆիկացված եւ օգտվել բնական գազից: Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող ադրբեջանական Աշաղի Աքսիբարա գյուղը սնուցող գազատարն անցնում էր Ոսկեպարի տարածքով: Դրա համար էլ Ոսկեպարի բնակիչներն անցյալ դարի 80-ական թվականներին Ադրբեջանի տարածքից ձգվող գազատարից անվճար էին օգտվում:
Իսկ մնացյալ անտառամերձ համայնքները գազաֆիկացված չէին, ուստի անտառի վրա մարդկային ճնշումը մեծ էր, տարիներ շարունակ մեծ ծավալի հատումներ են արվել: Ներկայումս այդ համայնքներում գազաֆիկացման աշխատանքներն ավարտված են: Ջուջեւան համայնքում գազատար խողովակն անցկացված է, սակայն ներքին ցանցը դեռ կառուցված չէ: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ համայնքների ղեկավարները չգիտեն, թե երբ կգործարկվեն գազատարները, եւ երբ իրենք կկարողանան օգտվել կապույտ վառելիքից:
Սահմանամերձ Ոսկեվանում 2014թ. հունիսի 1-ին մեծ հանդիսավորությամբ, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, բացվեց մանկապարտեզ, որի կառուցման համար ծախսվել է 117 միլիոն դրամ:
Ոսկեվան համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանն ասաց, որ նորակառույց գեղեցիկ շենքը պետք է ջեռուցեն բնական գազով, եթե փայտ այրող վառարաններ տեղադրեն, շենքի ներսը կվնասվի: Գյուղապետի խոսքերով` մանկապարտեզում առայժմ էլեկտրական տաքացուցիչներ են տեղադրել, սակայն ձմռան ցրտին այդ տաքացուցիչներով ջեռուցման խնդիրը չի լուծվի, ուստի ստիպված կլինեն փայտ այրող վառարաններ տեղադրել:
Մեր տեղեկություններով` սահմանամերձ գյուղերում կառուցված գազատար ցանցերը չգործարկելու պատճառն այն է, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի` ԻՖԱԴ-ի կողմից Հայաստանի տարբեր մարզերի համայնքներում կառուցված գազատար ցանցերը դեռ չեն հանձնվել գազի շահագործման ձեռնարկությանը: Այդ կազմակերպությունը դրանք պետք է հանձնի համայնքապետարաններին, որոնք էլ իրենց հերթին պետք է անհատույց օգտագործման հանձնեն «Գազպրոմ-Արմենիա» ՓԲ ընկերությանը:
Առայժմ այդ հանձնում-ընդունումը չի կայացել, եւ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքները ձմռան շեմին նորից մնացել են անտառի հույսին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս