Արմեն Աշոտյանը Ռումինիայի կրթության նախարարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին մասնակցելու նպատակով Ռումինիայում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար  Արմեն Աշոտյանն  այսօր հանդիպեց Ռումինիայի ազգային կրթության նախարար Ռեմուս Պրիկոպիեին. այս մասին armlur.am-ը տեղեկացավ Կրթության և գիտության նախարարությունից:

Հանդիպման մեկնարկին նախարար Պրիկոպիեն շնորհակալութուն հայտնեց Արմեն Աշոտյանին հրավերն ընդունելու եւ Բուխարեստ ժամանելու համար, ինչպես նաեւ իր գոհունակությունը հայտնեց կրթության ոլորտում երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացի  համար՝ առանձնակի կարեւորելով հայ համայնքի դերն այս գործում:

Պատասխան խոսքում Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց ռումինացի գործընկերոջն ընդունելության համար եւ խոսեց  կրթության եւ գիտության ոլորտներում  հայ-ռումինական համագործակցության մասին: Նախարարն առանձնակի շեշտեց այդ հարաբերությունների խորացմանը նպաստող Բուխարեստի համալսարանում բացված հայոց լեզվի կենտրոնի, Կլյուժ-Նապոկա քաղաքի համալսարանում բացված հայագիտական ինստիտուտի, ինչպես նաեւ արեւմտահայերեն եւ արեւելահայերեն տպագրվող գրականության դերն այդ գործում:

Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, իսկ հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանը հրավիրեց Ռեմուս Պրիկոպիեին մասնակցելու 2015թ. ին Երեւանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին, ինչն  ընդունվեց  Ռումինիայի  ազգային կրթության նախարարի կողմից:




Լրահոս