Հանրաճանաչ ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, որի վրա վերջերս կենտրոնացել էր հասարակության ուշադրությունը, պատմել է իր հետագա ծրագրերի մասին:
Քացկեղից բուժվելուց հետո վերականգնողական կուրս անցնող Ժաննան ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է իրեն նվիրաբերել որդու՝ փոքրիկ Պլատոնի դաստիարակության գործին: 1 տարեկան 6 ամսական տղան, մոր խոսքով, նորմալ և կենսունակ երեխա է: Երգչուհին չի բացառում, որ հենց տղայի շնորհիվ է իրեն հաջողվել հաղթահարել հիվանդությունը:
Չնայած այն բանին, որ Ժաննան որոշել է իր ժամանակի մեծ մասը տրամադրել որդուն, նա չի պատրաստվում հրաժարվել նաև շոու-բիզնեսից: Երգչուհին նշել է, որ դեռ չգիտի` երբ կգա հանրության առջև հանդես գալու բաղձալի ժամանակը, սակայն նա չի կասկածում, որ այդ ժամանակը գալու է:
Վերջերս տեղեկատվություն էր հայտնվել, որ Ռուսաստան վերադառնալուց առաջ Ժաննան որոշ ժամանակ գտնվել է Չինաստանում: Ենթադրվում է, որ անտեղ նա բուժում է անցել վերջին ժամանակներս ի հայտ եկած գերժամանակակից սարքավորումների միջոցով, որոնք հնարավոր են դարձնում ազդեցություն գործել քաղցկեղային բջիջների վրա: