ԱՄՆ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զորավարժությունների ժամանակ խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի դիակները դեռ մնում են ամայի տարածությունում: Ադրբեջանական կողմի արձակած կրակոցների պատճառով անհնար է մոտենալ եւ դուրս բերել անկենդան մարմինները:

Այս օրերին միջազգային տարբեր կառույցներ, այդ թվում եւ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու համանախագահող երկրների ներկայացուցիչները, տարաբնույթ հայտարարություններ են անում դեպքի առնչությամբ: Իհարկե, սկզբում ընդհանուր՝ երկկողմ լարվածությունը թուլացնելու մասին հայտարարություններ էին արվում՝ ոչինչ չասող: Ու երբ նկատվեց, որ Ադրբեջանն առանձնապես չի արձագանքում դրանց, ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն կոնկրետ գործողությունների մասին խոսեց: «Խորապես մտահոգված ենք, որ ադրբեջանական ուժերի կողմից կործանված ռազմական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք չի ստեղծվել»: Միջնորդները նշում են, որ հայկական ուղղաթիռի բեկորներն ընկած են շփման գծի չեզոք հատվածի խիտ ականապատ տարածքում: «Կոչ ենք անում կողմերին դադարեցնել կրակահերթերը դեպքի վայրի մերձակայքում եւ նպաստել շրջակա տարածքի ականազերծմանը»,- գրել էին համանախագահները:
Սակայն Ադրբեջանը դեռ չի ցանկանում զիջել: Ավելին՝ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 19-ի հայտարարության մեջ «չեզոք տարածք» արտահայտության օգտագործումն անընդունելի է: Ըստ ԱՊԱ գործակալության՝ Հաջիեւն ասել է, թե Հայաստանի զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռը ոչնչացվել է «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի Հանրապետության Աղդամի շրջանի տարածքում»: Իսկ դրանից առաջ համանախագահների հայտարարությանն անդրադարձել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով. «Դեպքի վայրում կրակը դադարեցնելու եւ տարածքն ականազերծելու միջնորդների կոչերը հիմքեր չունեն եւ ծառայում են հայկական կողմի շահերին: Դա իրականություն կդառնա միայն մեկ դեպքում. եթե ՀՀ զինված ուժերը ամբողջությամբ եւ անվերապահորեն դուրս բերվեն օկուպացված տարածքներից»:
Սրան զուգահեռ՝ նախօրեին ուշագրավ դիտարկում էր արել Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ թվիթերի իր բլոգում գրելով, թե «չեզոք գոտի» հասկացություն գոյություն չունի: Ասել է թե՝ ԱՄՆ ներկայացուցիչը կարծում է, որ այդ տարածքը կա՛մ Ադրբեջանինն է, կա՛մ Հայաստանինը, սակայն որեւէ հստակեցում չէր արել: Ու քանի որ նույն գրության մեջ չէր դատապարտել ուղղաթիռի գնդակոծումը, նշանակում է, որ ԱՄՆ ներկայացուցիչը հակված է կարծելու, որ զորավարժությունները տեղի են ունեցել ադրբեջանական տարածքում, դրա համար էլ Ադրբեջանը գնդակոծել է ուղղաթիռը:
Համաձայնեք՝ արյան վրա քաղաքական շահեր ձեւակերպելն ու սպասարկելը, առավել եւս Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը միանալու համար պատժելու տեսակետից, բարոյական չէ: Նույնիսկ քաղաքականության մեջ արյունը չի շահարկվում. չգրված կանոններ կան: Այս դեպքում գործ ունենք երեք պրոֆեսիոնալ օդաչուների հետ, որոնք սպանվել են խաղաղ զորավարժությունների ժամանակ, ու նրանց մարմիններն էլ չկան, հնարավոր չէ արժանապատիվ ձեւով հողին հանձնել:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը փորձեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներից պարզել, թե առարկայական ինչ օգնություն են մտադիր ցուցաբերել օդաչուների մարմինները վերադարձնելու ուղղությամբ: ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին եւ ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին «Ժողովուրդ»-ը այսպիսի հարց էր ուղղել. «Ինչպես գիտենք՝ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններից մեկն է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ միասին: Իհարկե, Դուք տեղյակ եք նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից հայկական ինքնաթիռի կործանման մասին: Խնդրում ենք պատասխանել՝ ինչպիսի՞ գործողություն կամ օժանդակություն է ցուցաբերում Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-պետություն, զոհված օդաչուների դիակների վերադարձման առնչությամբ»:
Ի պատասխան՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ահա այսպիսի գրություն է ուղարկել. «Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ֆրանսիան, հումանիտար տեսանկյունից, ցանկանում է, որ Հայաստանին հանձնվեն կործանված ուղղաթիռի երեք օդաչուների աճյունները: Ֆրանսիան ամեն ինչ կանի՝ այդ վերադարձը հնարավոր դարձնելու համար»:
Իսկ ԱՄՆ դեսպանատնից մեզ փոխանցեցին ահա այս պատասխանը. «Որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները կոչ է անում կողմերին գործադրել բոլոր ջանքերը այս անհետաձգելի մարդասիրական խնդիրը լուծելու ուղղությամբ: Տուժածների մարմինների դուրսբերումը համար մեկ առաջնահերթությունն է եւ պետք է լինի նաեւ կողմերի հիմնական մտահոգությունը նոյեմբերի 12-ի ողբերգությունից հետո: Այս միջադեպը տխուր հիշեցում է խնդիրը խաղաղ կարգավորելու անհրաժեշտության մասին»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ապա դեսպանատնից խոստացել են հարցին պատասխանել մյուս շաբաթ:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՏՂԵՐՔՈՎ ԳՆՈՒՄ ԵՆ ՓԱՐԻԶ
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը կմեկնի Փարիզ: Տեղեկացրել էինք նաեւ, որ Գալուստ Սահակյանը Փարիզ է մեկնելու կնոջ՝ Ժաննա Աղաբաբյանի հետ: Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Փարիզ գործուղվող պատվիրակության կազմում լինելու են ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀԿ խմբակցության անդամներ Արա Բաբլոյանը եւ Կարեն Ավագյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ժողովուրդ»-ը նախկինում տեղեկացրել էր, որ պատվիրակության կազմում տեղ զբաղեցնելու համար ՀՀԿ խմբակցության կանանց միջեւ «անողոք» պայքար է ծավալվել: Արդյունքում՝ Գալուստ Սահակյանը որոշել էր կանանցից ոչ մեկին չընդգրկել պատվիրակության կազմում:

 

ՀՀԿ-ՈՒՄ ԿՌԻՎ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գարեգին Նուշիկյանի հանդեպ նրա իսկ խմբակցությունում դժգոհության ալիք է հասունանում: ՀՀԿ-ականների բացասական վերաբերմունքը Նուշիկյանի նկատմամբ պայմանավորված է ԱԺ նոյեմբերի 20-ի նիստում «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների քվեարկության ժամանակ դեմ քվեարկելու փաստով: Բանն այն է, որ ՀՀԿ-ականները որոշած են եղել տապալել այդ նախագծը` այդ ամենը ներկայացնելով որպես տեխնիկայի անսարքության արդյունք: Սակայն Նուշիկյանը, ի տարբերություն մյուսների, ոչ թե ձեւ է արել, որ իր «կոճակը» չի աշխատում, այլ վերցրել ու դեմ է քվեարկել՝ հայտարարելով, թե լավ է արել: Նրա քայլի արդյունքում նախագիծը բոյկոտած ՀՀԿ-ականները շատ վատ` «ճիշտն ասելու դուխ չունեցողի» վիճակում են հայտնվել: Գարեգին Նուշիկյանը, ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի խնամին է եւ ՀՀԿ խմբակցության անդամ լինելով հանդերձ՝ անկուսակցական է:

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
ՀՀ տարածքային կառավարման ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը երեկ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հակոբյանի պաշտոնանկության լուրը կայքերում շրջանառվում էր երեկ առավոտից, սակայն նա անջատել էր հեռախոսները, եւ անհնար էր այդ առնչությամբ նրանից մեկնաբանություն ստանալ: Ի վերջո, լուրը պաշտոնապես հաստատվեց, երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Թուրքմենիա կատարած պաշտոնական այցից վերադարձավ հանրապետություն: Արդեն օրվա վերջում հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հակոբյանին եւ բավարարել նրա հրաժարականի դիմումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հակոբյանի հրաժարականը պայմանավորված է այն հանգամանքով, որ ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջիկայում միացվելու է այլ գերատեսչության` վարչության կարգավիճակով եւ այլեւս դադարելու է լինել առաձին գերատեսչություն: Իսկ նախկին մարզպետ Հակոբյանը չի ցանկացել դառնալ վարչության պետ:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՋՂԱՁԳՎՈՒՄ ԵՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ֆրանսիական Բուկ-Բել-Էր-ի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հաստատման մասին համաձայնագրի կնքման կապակցությամբ: Հիշեցնենք, որ երկու քաղաքների միջեւ բարեկամության մասին հռչակագիրը ստորագրվել է նոյեմբերի 19-ին՝ ԼՂՀ մշակույթի նախարարի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում:

 

ՄԻԱՑԵԼ Է
Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` նոյեմբերի 5-ի գործով պայմանական ազատազրկման դատապարտված Շահեն Հարությունյանը, միացել է «Ժառանգության» մամուլի խոսնակ, 4-րդ օրը ԵԱՀԿ գրասենյակի առջեւ հացադուլ անող Դավիթ Սանասարյանին եւ նույնպես հացադուլ հայտարարել: Ի դեպ, երեկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է.«Ես շատ հպարտ եմ Դավիթ Սանասարյանով, ով այսօր հացադուլի մեջ է: Կոչ եմ անում նրան դուրս գալ հացադուլից` իր առողջությանը վնաս չտալով»:

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Վալստրյոմի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. նոյեմբերի 24-25-ը պաշտոնական այց կկատարի Շվեդիա: Այցի շրջանակներում Նալբանդյանը ելույթ կունենա Ստոկհոլմի միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում:

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Հանդիպման ընթացքում Սարգսյանը հույս է հայտնել, որ հայաստանյան այցի ընթացքում Կ. Միկուրիան կկարողանա արձանագրել եւ գնահատել վերջին հինգ տարիների ընթացքում այս բնագավառում ՀՀ կողմից իրականացված բարեփոխումների արդյունավետությունն ու ձեռքբերումները:

 

ԺԱՄԱՆԵԼ Է ԲԱՔՈՒ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշչիկը երեկ ժամանել է Բաքու` հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված բանակցությունների նպատակով:

 

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑԻՆ
ՌԴ Կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրին: Հաջորդ քայլով ՌԴ նախագահը պետք է Հայաստանի հետ պայմանագիրը դնի վավերացման:

 

ՊԱՐԳԵՎ ՊՈՒՏԻՆԻՑ
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահի խորհրդական Կարինե Մինասյանին պարգեւատրել է «Բարեկամության» շքանշանով: Պարգեւը շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության եւ համագործակցության ամրապնդման գործում, առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի ոլորտում ունեցած մեծ ավանդի համար: Հիշեցնենք, որ Մինասյանը նախագահի խորհրդական է նշանակվել հունիսի 7-ին: Մինչ այդ նա զբաղեցրել է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը:

 




Լրահոս