ՊԱՇՏՈՆ՝ ԽՈՍՏՄԱՆ ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերին ներկայացել էր ակնհայտ մռայլ տեսքով: Ու դարձյալ պարզ չդարձավ ապագա կառավարության կազմը:
Ընդհանրապես, վերջին շրջանում Ս. Սարգսյանը ՀՀԿ նիստերին գալիս է բավական զայրացած ու մռայլ: Ճիշտ է, ի տարբերություն նախորդ անգամվա, երբ նա, անակնկալի եկած ԲՀԿ-ի՝ կոալիցիա չկազմելու որոշումից, նույնիսկ զայրացել էր ՀՀԿ-ականների վրա, այս անգամ փոքր-ինչ բարեհամբույր է եղել: Նույնիսկ ԱԺ փոխնախագահների քննարկման ժամանակ ասել, որ ինքը կցանկանար պահպանել գենդերային հավասարությունն ու այնտեղ տեսնել կնոջ:
Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՀՀԿ նիստում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սամվել Նիկոյանին՝ աշխատանքի համար, նաեւ նշել, որ ՀՀԿ-ն նրան ցանկանում է տեսնել այլ տեղ, ասել է թե ԱԺ-ից դուրս: Ու թեեւ ՀՀԿ խոսնակն ասաց, թե իրենք գործադիր մարմնի պաշտոնների վերաբերյալ որեւէ հարց չեն քննարկել, այնուամենայնիվ, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի քաջատեղյակ աղբյուրները, Սերժ Սարգսյանը ԳՄ եւ խորհրդի նիստերում հայտարարել է, որ վարչապետ շարունակելու է մնալ Տիգրան Սարգսյանը: Շարմազանովն անուղղակի կերպով հաստատեց մեր այս լուրերը: «Նման հարց չի քննարկվել, բայց իմ անձնական կարծիքով՝ այո՛ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել որպես վարչապետ»,-ասաց նա:
Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար կդառնա Շարմազանովի մտերիմ ընկեր, ԱԺ ակտիվ պատգամավորներից մեկը` Հովհաննես Սահակյանը: Ճիշտ է, նա դեռեւս մանդատ չունի, բայց դա կտեւի ընդամենը մի քանի օր. Սամվել Նիկոյանը  հրաժարական է ներկայացնելու, որից հետո արդեն համամասնական ցուցակով պատգամավոր կդառնա Հովհաննես Սահակյանը:
Խորհրդի անդամները Սերժ Սարգսյանի որոշումները, բնականաբար, գլխիկոր ընդունեցին ու հեռացան:

ԵՐԲ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԴԱՌՆՈՒՄ Է ԿԵՆՍԱԿԵՐՊ

Արդեն ժամը 21-ի սահմաններում ՀՀԿ գրասենյակ ժամանեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Մի քանի րոպե անց ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը ստորագրեցին նոր կոալիցիա ձեւավորելու մասին հռչակագիր:
Նկատենք, սակայն, որ այս կոալիցիան ընդամենը ձեւական բնույթ է կրում: Բանն այն է, որ բոլոր առանցքային պաշտոնները ՀՀԿ-ն վերցրել է իրեն եւ նույնիսկ քաղաքական պաշտոններից ԱԺ փոխնախագահի կամ մշտական հանձնաժողովների նախագահներից ոչ մեկի տեղը չի զիջում ՕԵԿ-ին: Այս կուսակցությանը, ինչպես լրագրողներին ասած ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, բաժին է հասնելու միայն երեք նախարարական պորտֆել, այսինքն՝ այնքան, որքան ունի հիմա: ՀՀԿ-ն նույնիսկ մարզպետի պաշտոն չի տա ՕԵԿ-ին: Լավագույն դեպքում «կոալիցիոն գործընկերոջը» կտան մի քանի փոխնախարարի ու փոխմարզպետի աթոռ: Սա, թերեւս, կարելի է նվաստացուցիչ համարել ՕԵԿ-ականների համար: Բայց քանի որ այս կուսակցությունում ինքնասիրությունը վաղուց մոռացված երեւույթ է, ապա ստիպված են համակերպվել ՀՀԿ-ի նետած «թուլափայի հետ»:
Երեկ ձեւավորված կոալիցիան զավեշտալի էր նաեւ մեկ այլ առումով. ՀՀԿ-ն ԱԺ-ում ունի բացարձակ մեծամասնություն, կոալիցիա ձեւավորում է հազիվ հինգ տոկոսի շեմը հաղթահարած մի կուսակցության հետ: Դեռ ավելին, ՀՀԿ-ն կոալիցիա է կազմում մի կուսակցության հետ, որն այս պահին գոյություն չունի, այլ վերակազմավորման փուլում է: Սա, թերեւս, ոչ միայն խոսում է ՀՀԿ քաղաքական անգրագիտության, այլեւ իշխանությունների թուլության մասին, երբ ունենալով բացարձակ մեծամասնություն, այնուամենայնիվ, վախենում է իշխանության համար միայնակ պատասխանատվություն ստանձնելուց: Ավելին, սա ցույց է տալիս, որ Ս.Սարգսյանը լուրջ խնդիրներ ունի՝ առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված, ու դեռ ամիսներ առաջ փորձում է  ապահովագրել իրեն. պատահական չէ, որ այդ կոալիցիայի հիմքում ընկած է մեկ գաղափար՝ առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու խոստումը, որն էլ արդեն քանիերորդ անգամ ՀՀԿ-ն կորզում է ՕԵԿ-ից:

ԲՀԿ-ՈՒՄ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այս կուսակցությունում, ինչպես նկարագրել էինք մեր երեկվա համարում, տեղի է ունեցել երկու առանձին նիստ պատգամավորների եւ նախարարական կորպուսի հետ: Պատգամավորներին Ծառուկյանն ըստ էության ասել է` խոսեք, բայց չափի մեջ, իսկ նախարարների հետ, պատկերավոր ասած, եղել է հրաժեշտի հանդիպում: Ծառուկյանը որեւէ կերպ չի բացատրել, թե ինչու նախարարներին դարձրեց գործազուրկ` ստիպելով նախ հրաժարվել պատգամավորական մանդատներից, հիմա էլ հայտնի հայտարարությունից հետո նրանք կկորցնեն նաեւ իրենց աթոռները: «Պի՛նդ եղեք, ուժեղ ենք, լավ կլինի»,-ահա այսպիսի խոսքերով է փորձել ոգեւորել նախարարներին, որոնք «կոնյաչնիից» դուրս են եկել ընդգծված անտրամադիր տեսքով: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի քաղաքական դիրքորոշմանը, ապա նրանք չեն լինի ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանություն:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս