50 քառակուսի մետրը տնօրենի համար շատ մեծ չի՞. վարչապետը՝ Արման Սահակյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստի ժամանակ կրկին անհամաձայնություն տիրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի միջև:

Վերջինս նախագիծ ներկայացրեց, ըստ որի` գրահրատարակչական գործունեություն իրականացնող հանդիսացող տարածքների անհատույց օգտագործման մասին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արման Սահակյանին հարցրեց, թե ինչ է նշանակում որոշման մեջ «տնօրենի սենյակ 30-ից 50 քմ մակերեսով» գրվածը:

 «Հիմա մեր՝ Իսահակյան 28 շենքում են տեղակայված գրահրատարակիչները, մեր չափորոշիչներով՝ բավականին մեծ տարածություն են կորցնում. այդ հարցը բարձրացրել են, և փաստորեն իրենք չեն կարողանում ունենալ պահեստային սենյակ, չեն կարողանում ունենալ տնօրենի սենյակ: Դրա համար հստակ չափորոշիչների մեջ մտցրել ենք, որ գոնե այդ երկու տեխնիկական սենյակները ունենան», – բացատրեց նա:

 Ի պատասխան՝ վարչապետը նշեց. «Հա բայց 50 քմ տնօրենի համար շատ մեծ է: Հիսուն քառակուսին, կարծում եմ, շատ մեծ է, բայց 50 քմ տնօրենն ինչ պետք է անի, երեսունը բավական է, մնացածն աշխատողներին տան»: 

Այստեղ Արման Սահակյանին օգնության հասավ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և նշեց. «Իրականում սա տնօրենի սենյակ չի, իրականում սա աշխատողների համար է: Նրանք պայմանագրային մեծ քանակի աշխատողներ են ներկայացնում, մեծ սենյակ է, որտեղ նստած են պայմանագրով աշխատող ձևավորողներ, խմբագիրներ»:

Վարչապետն էլ հայտարարեց, որ ավելի լավ է՝ գրեք աշխատակիցների սենյակ, որ  միանգամից հասկանալի լինի:

Հիշեցնենք, որ անցյալ նիստի ժամանակ վարչապետը հանեց Արման Սահակյանի հարցն օրակարգից ու դժգոհեց նախագծից:




Լրահոս