Փաստաբանն` ընդդեմ ֆինանսների նախարարության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել մեր երկրում. փաստաբանները ստիպված են քաղաքացիների շահերը ներկայացնելուց բացի զբաղվել իրենց իրավունքների պաշտպանությամբ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ փաստաբան Վահե Հովսեփյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ՀՀ ֆինանսների նախարարությունից հուլիսին եւ օգոստոսին իրենից գանձված 52.368 ՀՀ դրամ սոցիալական վճարը վերադարձնել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Վահե Հովսեփյանն ասաց, որ աշխատում է «Հովսեփյան եւ գործընկերներ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում որպես տնօրեն: «Միաժամանակ աշխատում եմ նաեւ «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ում որպես իրավաբան: Ղեկավարվելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 2014 թվականի օգոստոսի 15-ին՝ գրավոր դիմել եմ «Հովսեփյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ին՝ հայտնելով, որ հրաժարվում եմ սոցիալական վճար կատարելու պարտավորությունից եւ խնդրել եմ ինձ համար իմ աշխատավարձից չհաշվարկել եւ չգանձել սոցիալական վճարներ: 2014 թվականի օգոստոսի 19-ին էլեկտրոնային կարգով ներկայացվել է սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվությունը (դիմումը): Դրա էլեկտրոնային տարբերակը համակարգում տեղադրվել է 2014թ. օգոստոսի 18-ին միայն, իսկ թե՛ օգոստոսի 18-ին եւ թե՛ օգոստոսի 19-ին հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, մեղմ ասած, չէր գործում, եւ ժամեր էին պահանջվում ընդամենը մեկ հաշվետվություն ուղարկելու համար: Այնուհետեւ «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ի կողմից իմ եկամտային հարկի հաշվարկը ներկայացնելիս պարզվել է, որ համակարգն ինձ անհայտ պատճառով ընդգրկել է սոցվճար կատարողների ցանկում»: Ասել է թե՝ փաստաբանի կամքին հակառակ՝ գանձվել «պարտադիր վճար»:

Ըստ մեր զրուցակցի` պարզաբանում ստանալու նպատակով մի քանի ժամ 060 54.44.44 հեռախոսահամարով զանգահարելուց հետո վերջապես կարողացել է միանալ օպերատորին, որն իր հերթին վկայակոչելով ՀՀ Կառավարության որոշումը եւ դրանով հաստատված կարգը՝ նշել է, թե սկզբում պետք է ներկայացվեր դիմումը, այնուհետեւ նոր՝ եկամտային հարկի հաշվարկը. «Հուլիս եւ օգոստոս ամիսների համար սոց. վճարը պետք է վճարվի, իսկ արդեն հետագայում (մինչեւ 01.07.2017թ.)՝ ոչ: Իմ այն հարցին, թե հնարավոր չէ արդյո՞ք ներկայացված եկամտային հարկի հաշվարկն անվավեր ճանաչել եւ ներկայացնել նորը, պատասխանեցին՝ ոչ»:

Փաստաբանի վստահեցմամբ՝ 2014 թվականի հուլիսի եւ օգոստոսի համար սոցվճար գանձելը, իր վրա վճարման պարտականություն դնելը ոչ իրավաչափ է. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օր. 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձն իրավունք ունի սույն օրենքի ուժի մեջ մտնելուց մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 25-ը հարկային մարմնին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով»:

Ուստի Վահե Հովսեփյանի պնդմամբ, այս եւ այլ հանգամանքները հաշվի առնելով, հարկային մարմինն իր նկատմամբ կիրառել է ուժի մեջ չմտած՝ իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտ, որն առաջացրել է բացասական հետեւանքներ, այն է՝ իրենից, որպես սոցիալական վճար, հուլիսի եւ օգոստոսի համար կատարվել է ընդհանուր առմամբ 52.368 ՀՀ դրամի պահում:

Հիմա Հովսեփյանը դատարանի միջոցով փորձում է հետ ստանալ ֆինանսների նախարարության կողմից ապօրինի կերպով գանձված պարտադիր կուտակային վճարը:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ մի շարք փաստաբաններ դատի են տվել կամ պատրաստվում են հայց ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարության դեմ:

Քնար Մանուկյան




Լրահոս