ՓԱՍՏԱԲԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել մեր երկրում. փաստաբանները ստիպված են քաղաքացիների շահերը ներկայացնելուց բացի զբաղվել իրենց իրավունքների պաշտպանությամբ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ փաստաբան Վահե Հովսեփյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ՀՀ ֆինանսների նախարարությունից հուլիսին եւ օգոստոսին իրենից գանձված 52.368 ՀՀ դրամ սոցիալական վճարը վերադարձնել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Վահե Հովսեփյանն ասաց, որ աշխատում է «Հովսեփյան եւ գործընկերներ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում որպես տնօրեն: «Միաժամանակ աշխատում եմ նաեւ «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ում որպես իրավաբան: Ղեկավարվելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով՝ 2014 թվականի օգոստոսի 15-ին գրավոր դիմել եմ «Հովսեփյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ին՝ հայտնելով, որ հրաժարվում եմ սոցիալական վճար կատարելու պարտավորությունից եւ խնդրել եմ ինձ համար իմ աշխատավարձից չհաշվարկել եւ չգանձել սոցիալական վճարներ: 2014 թվականի օգոստոսի 19-ին էլեկտրոնային կարգով ներկայացվել է սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվությունը (դիմումը): Դրա էլեկտրոնային տարբերակը համակարգում տեղադրվել է 2014թ. օգոստոսի 18-ին միայն, իսկ թե՛ օգոստոսի 18-ին եւ թե՛ օգոստոսի 19-ին հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, մեղմ ասած, չէր գործում, եւ ժամեր էին պահանջվում ընդամենը մեկ հաշվետվություն ուղարկելու համար: Այնուհետեւ «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ի կողմից իմ եկամտային հարկի հաշվարկը ներկայացնելիս պարզվել է, որ համակարգն ինձ անհայտ պատճառով ընդգրկել է սոցվճար կատարողների ցանկում»: Ասել է թե՝ փաստաբանի կամքին հակառակ՝ գանձվել է «պարտադիր վճար»:
Ըստ մեր զրուցակցի` պարզաբանում ստանալու նպատակով մի քանի ժամ 060 54.44.44 հեռախոսահամարով զանգահարելուց հետո վերջապես կարողացել է միանալ օպերատորին, որն իր հերթին վկայակոչելով ՀՀ Կառավարության որոշումը եւ դրանով հաստատված կարգը՝ նշել է, թե սկզբում պետք է ներկայացվեր դիմումը, այնուհետեւ նոր՝ եկամտային հարկի հաշվարկը. «Հուլիս եւ օգոստոս ամիսների համար սոցվճարը պետք է վճարվի, իսկ արդեն հետագայում (մինչեւ 01.07.2017թ.)՝ ոչ: Իմ այն հարցին, թե հնարավոր չէ արդյո՞ք ներկայացված եկամտային հարկի հաշվարկն անվավեր ճանաչել եւ ներկայացնել նորը, պատասխանեցին՝ ոչ»:
Փաստաբանի վստահեցմամբ՝ 2014 թվականի հուլիսի եւ օգոստոսի համար սոցվճար գանձելը, իր վրա վճարման պարտականություն դնելը ոչ իրավաչափ է. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օր. 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձն իրավունք ունի սույն օրենքի ուժի մեջ մտնելուց մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 25-ը հարկային մարմնին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով»:
Ուստի Վահե Հովսեփյանի պնդմամբ, այս եւ այլ հանգամանքները հաշվի առնելով՝ հարկային մարմինն իր նկատմամբ կիրառել է ուժի մեջ չմտած՝ իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտ, որն առաջացրել է բացասական հետեւանքներ, այն է՝ իրենից, որպես սոցիալական վճար, հուլիսի եւ օգոստոսի համար կատարվել է ընդհանուր առմամբ 52.368 ՀՀ դրամի պահում:
Հիմա Հովսեփյանը դատարանի միջոցով փորձում է հետ ստանալ ֆինանսների նախարարության կողմից ապօրինի կերպով գանձված պարտադիր կուտակային վճարը:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ մի շարք փաստաբաններ դատի են տվել կամ պատրաստվում են հայց ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարության դեմ:

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ

Սյունիքի մարզի երկու համայնքների ղեկավարների նկատմամբ չարաշահումների կծիկը նոր ընթացք է ստանում: Պարզվում է՝ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանից բացի՝ հիմա էլ մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել Գորիսի նախկին քաղաքապետ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիմակից Նելսոն Ոսկանյան:

Եվ այսպես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը 2000-2014թթ. իր պաշտոնավարման ընթացքում չարաշահել է լիազորությունները՝ կեղծ աճուրդների միջոցով ապօրինի հողահատկացումներ կատարելով իր եւ իր ընտանիքի անդամների անուններով: Ոսկանյանը շահույթ ստանալու նպատակով հիմանդրել է շինարարական ընկերություն, որի ղեկավարումը եւս իրականացրել են այդ ժամանակահատվածում քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Ոսկանյանի հարազատները: Ի դեպ, հենց այդ ընկերության հետ կնքվել են համայնքի կարիքները հոգալու պայմանագրեր, որոնցով նախատեսված գործառույթների ոչ պատշաճ կատարման արդյունքում համայնքի շահերին պատճառվել է էական գույքային վնաս: Նելսոն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 308 հոդվածի 1-ին մաս (յոթ դրվագ) եւ 310 հոդվածներով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախկին քաղաքապետը, լսելով հարցը, ասաց, որ ինքը հիվանդանոցում է եւ առողջական լուրջ խնդիրներ ունի. «Եթե նման բան կա, ես սրա հետ գործ չունեմ, ինչ ասեմ, ոնց պատասխանեմ: Հիվանդ պառկած մարդ եմ, գոնե թողեք բուժվեմ»:
Ի՞նչ է սպասվում նախկին քաղաքապետին հիվանդանոցից դուրս գալուց հետո, կապրենք, կտեսնենք, սակայն հիշեցնենք, որ Նելսոն Ոսկանյանն այս հարցում միայնակ չէ: Բանն այն է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եւ այս գործով անցնող 4 աշխատակիցների գործը: Գործող քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավար՝ պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի արդյունքում համայնքին անզգուշությամբ պատճառվել է էական գույքային վնաս:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԴԵԿԱՆԸ ԿԱՇԱՌՔԻ ՄԱՍԻՆ
Երեկ «Փաստինֆո» լրատվական կայքը հայտնել էր, որ իրենց տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար քաղաքացուց 15.500 դոլար վերցնելու դեպքի առթիվ:
Ի՞նչ է մտածում այս մասին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: armlur.am-ի այս հարցին նա պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, քաղաքում չեմ եղել: Քիչ առաջ եմ տեղեկացել այդ մասին, ինձ կոլեգաներս ասացին: Ընդունվել է այդ ուսանողը, թե չէ, դա է հարցը: Անուն չի նշվում, որտեղի՞ց իմանանք: Մենք կարիք չունենք խոսելու քննչականի հետ, քանի որ չենք առնչվում այդ գործընթացին ո՛չ անհատապես, ո՛չ որպես կառույց: Ուսանողի անուն չկա, դեռ որեւէ բան չի հիմնավորվել: Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ուսանողը գալիս է դասի, կամ միգուցե նա չի՞ ընդունվել»,-հիմնավորել է դեկանը՝ նկատելով, որ բոլոր դեպքերում գործում է անմեղության կանխավարկածը, եւ միգուցե հենց ուսանողն է եղել հաղորդում տվողը՝ որպես կաշառատու, իսկ եթե հայտարարություն տվողը կամավոր է հայտնում, ազատվում է պատասխանատվությունից:
Դեկան Գագիկ Ղազինյանի փոխանցմամբ՝ այս դեպքում այդ ուսանողին բուհից հեռացվելու վտանգ չի սպառնում: Այդուհանդերձ, իրադարձություններից առաջ ընկնել պետք չէ. դեկանի խոսքով՝ միգուցե ուսանողը դիմել է, քանի որ հնարավոր է՝ գումարը տվել է, սակայն չի ընդունվել:

 

ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Armlur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Մանվել Մելքոնյանն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի: Դատապարտյալն առողջական խնդիրներ ունի, որոնք բուժելու նպատակով նրան համապատասխան օգնություն չի ցուցաբերվում: Մանվել Մելքոնյանը տառապում է երեւանյան հիվանդությամբ:
Նա դատապարտվել է կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու եւ իրացնելու մեղադրանքով՝ ՀՀ ՔՕ 202 հոդված, 5 տարի 5 ամիս ժամկետով: ՀՀ ԱՆ ՔԿՎ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Armlur.am-ին հայտնել է, որ դատապարտյալ Մելքոնյանն օրեր առաջ բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որից հետո մասնագետները բուժզննել են դատապարտյալին եւ համոզվելով, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է, գտել են, որ նպատակահարմար չէ նրա՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելը, եւ նրան կրկին տեղափոխել են «Հրազդան» ՔԿՀ:
Դատապարտյալը, սակայն, պնդում է, որ ինքը բուժօգնության կարիք ունի, եւ նրան «Հրազդան» ՔԿՀ տեղափոխելը սխալ է: Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ՝ սա է պատճառը, որ Մանվել Մելքոնյանը հացադուլ է հայտարարել:

 




Լրահոս