Երեւանի ավագանու երեկվա նիստը շատ բուռն ընթացք է ունեցել. քաղաքապետ Տարոն Մարգարյանը շատ կոպիտ նկատողություն է արել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանին, ինչից հետո ավագանու ԲՀԿ-ական անդամները բոյկոտել են նիստը:
«Տիկի՛ն Պողոսյան, Դուք օպերայում չեք գտնվում, երբ օպերայում կգտնվեք, նոր կխոսեք»,-հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ամեն ինչ սկսել է նրանից, որ Պողոսյանը պահանջել է ձայնի իրավունք եւ չստանալով՝ տեղից իր դժգոհությունն է հայտնել քվեարկվելիք նախագծի շուրջ, որը վերաբերում էր քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը:
Թ. Պողոսյանի խոսքերով՝ նախագծում այլ թիվ է նշված եղել, բայց ավագանուն ներկայացրել են 7.000 աշխատակցի աշխատավարձի բարձրացման հարց: «Մենք քաղաքական պատասխանատվություն ենք կրում այս որոշման համար: Ինձ համար շատ կարեւոր որոշում էր: Ամբողջ խմբակցության հանդեպ այսպիսի վերաբերմո՞ւնք:
Հնչում է յոթ հազար թիվը, սակայն քվեարկության են դնում մի բան, որը նախագծով չկա: Հիմա այս սոցիալական շերտին ուղղում են մեր դեմ: Ասում են` վերջին 3-4 տարում Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը չի բարձրացել: 2013 թվականի հունիսին, երբ որ մենք հաստատել ենք այս հարցերը, 2012 թվականից աշխատավարձերը հիսուն տոկոսով ավելացել են»,-հայտարարել է Պողոսյանը: Նախագծին դեմ քվեարկելուց հետո ԲՀԿ խմբակցության անդամները լքել են նիստերի դահլիճը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանի հետ` պարզելու համար, թե ինչո՞ւ իրենք չեն տեղեկացրել ԲՀԿ խմբակցությանը, թե ինչ նախագիծ է դրվում քվեարկության, եւ, ի վերջո, ինչո՞ւ են ԲՀԿ-ին զրկել ձայնի իրավունքից:
-Տիկի՛ն Նահապետյան, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը տեղյակ չէ, թե ինչ նախագծի համար են քվեարկելու, քանի որ նախապես այլ թիվ է ներկայացվել, հետո այլ թիվ դրվել քվեարկության: Ինչո՞ւ:
-Երկու ամիս է, ինչ քննարկվում է Երեւանի՝ 2015 թվականի բյուջեն, որտեղ նախատեսված է եղել աշխատավարձերի բարձրացումը քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի բոլոր ենթակա կառույցների համար: Իսկ քաղաքապետարանի համայնքային ծառայողների աշխատավարձերը հաստատում է ավագանին, ու այսօր (երեկ Ս. Գ.) այդ հարցն էր քննարկվում: Այդ ընթացքում տիկին Պողոսյանը երեւի 15 անգամ ձայն խնդրեց, նախ՝ խոսեց ամբիոնի մոտ, հետո՝ առաձին: Նախ հայտարարեց, թե նպատակահարմար չէ, քանի որ բյուջեն քիչ է:
Մենք էլ որոշեցինք, որ ավելի քիչ վերանորոգման աշխատանքներ արվի եւ այլն, բայց բարձրանան աշխատավարձերը, որովհետեւ դրանք մեզ համար ավելի կարեւոր են: Որոշումը, որը մենք ընդունեցինք, վերաբերում էր 1.782 հոգու՝ քաղաքապետանի եւ վարչական շրջանների աշխատողներին: Իսկ Թամար Պողոսյանն անընդհատ խոսում էր, մենք էլ բացատրում էինք, որ սա բյուջեով է նախատեսված: Այնպիսի տպավորությունն էր, որ ամեն ինչ նորմալ է, բայց նստեց իր տեղում ու նորից սկսեց խոսել, ասել, թե իրենք դեմ են: Անհասկանալի է, թե ինչի՞ն են իրենք դեմ, երբ ԲՀԿ-ի ծրագիրը սոցիալական ուղղվածություն ունի, ինչպես իրենք են մշտապես հայտարարել:
-Բայց Թամար Պողոսյանը հայտարարել է, որ իրենք այդ նախագծի մասին այլ տեղեկություն են ունեցել, մինչդեռ ուրիշ նախագիծ է դրվել քվեարկության: Ինչո՞ւ ԲՀԿ խմբակցությանը նախքան քվեարկությունը չի տեղեկացվել դրա մասին:
-Տեղեկացնեմ, որ երկու ամիս առաջ բաժանվում են նախագծերը, անցկացվում են հանձնաժողովի նիստերը, որոնց ժամանակ մանրամասն քննարկվում է հարցը, որից հետո հանձնաժողովը տալիս է իր կարծիքը: Եթե անհասկանալի էր, թող այդ եզրակացության ժամանակ գրեին, որ չեն հասկացել: Ու այդքանից հետո հայտարարում են, որ չե՞ն հասկացել, թող հասկանան, մենք այդտեղ ի՞նչ մեղք ունենք:
-Գուցե այս ամենը պարզապես ԲՀԿ-ի դեմ է արվո՞ւմ, արդյո՞ք դա կապված չէ ԲՀԿ-ի` վերջին շրջանում ակտիվ քաղաքական գործունեության հետ:
-Ո՛չ, նման բան չկա, Դուք կարող եք տեսնել, թե ինչքան ժամանակ է տրամադրվել Թամար Պողոսյանին խոսելու, արտահայտվելու համար: Ու նաեւ կարող եք տեսնել, թե քանի անգամ է նա տեղից միացնում միկրոֆոնն ու խոսում: Կարող եք նաեւ արձանագրությունները վերցնել, որտեղից պարզ երեւում է, որ իրենք հանձնաժողովներին մասնակցել են, հարցերը քննարկել են:
Այսինքն՝ իրավունքի ոչ մի ոտնահարում չկա… Կամ որ իրենք տեղյակ չլինեն ինչ-որ նախագծից, նման բան չի կարող լինել: Ուղղակի ես մի բան կարող եմ ասել՝ սա իրենց համար ընդունելի չեղավ նրա համար, որ մշտապես իրենք են խոսել սոցիալական հարցերի վերաբերյալ, բարձրաձայնել դրանց լուծման մասին, պահանջել, որպեսզի աշխատավարձերի բարձրացում լինի, բայց այս անգամ ուրիշ կերպ է ստացվել, ՀՀԿ-ն է առաջարկում այդքան մարդկանց աշխատավարձերի բարձրացման հարցը, ինչը նրանք չեն ուզում: Ուրիշ բան ես այստեղ չեմ տեսնում:
-Իսկ ինչո՞ւ Տարոն Մարգարյանը նման կոպիտ ձեւով արձագանքեց Թ. Պողոսյանին, նախ հեգնեց, ապա արգելեց նրան ձայն տալ, դա չի՞ վկայում, որ ԲՀԿ-ի դեմ տրամադրվածություն կա:
-Կոպիտ բան չկար: Պողոսյանը միկրոֆոնն անընդհատ միացնում ու գոռում էր, դրա համար քաղաքապետն արձագանքեց, որ դու օպերայում չես, որովհետեւ նիստը տապալվում էր նրա այդ վարքի պատճառով:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ