Դիլիջանի ազգային պարկին 120 միլիոն դրամի վնաս է հասցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդի» հավաստի տեղեկություններով՝ Դիլիջանի ազգային պարկի տարածքում բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից 2014թ. հուլիս-օգոստոսին կատարված ստուգումների արդյունքների հիման վրա Տավուշի մարզի դատախազի տեղակալ Արթուր Զարգարյանի ցուցումով Տավուշի մարզային քննչական վարչության կողմից քրեական գործ է հարուցվել: Ստուգումները վերաբերել են 2011թվականից մինչեւ 2014թ. հուլիսը կատարված անտառահատումներին:

Մեր տեղեկություններով` այդ ստուգումներով պարզվել է, որ նշված ժամանակաշրջանում ազգային պարկի տարածքում ապօրինի հատվել է 770 ծառ, որի հետեւանքով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 120 միլիոն դրամ: Բնապահպանական պետական տեսչության կատարած ստուգումներից հետո՝ սեպտեմբերին, աշխատանքից ազատվեց (թեեւ իր դիմումի համաձայն) «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Աշոտ Դավթյանը, ով մոտ 10 տարի տնօրինում էր ազգային պարկը:

Աշոտ Դավթյանը դրանից հետո մեկնեց Բելառուս եւ ներկայումս գտնվում է այդ հանրապետությունում: Դիլիջանի ազգային պարկի տարածքում կատարված ապօրինի անտառահատումների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով («Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաեւ՝ անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը, կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողություններն առաջացրել են առանձնապես խոշոր վնաս») եւ 308 հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբակային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»):

Նշենք, որ Դիլիջանի ազգային պարկը հիմնվել է 1958թ., բուսական եւ կենդանական աշխարհի պահպանման, հարստացման եւ տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հոկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Դիլիջանի ազգային պարկի տարածքում կատարված հատումների մասին «Ժողովուրդի» հարցին, շեշտեց բնությունն անխաթար պահելու անհրաժեշտությունը: Մարզպետը նկատեց, որ երբ որոշվում էր միջազգային դպրոցը Դիլիջանում կառուցելու նպատակահարմարության հարցը, հաշվի առնվեցին մի քանի գործոն՝ Դիլիջանի գեղեցիկ բնությունը, հարուստ անտառները, նաեւ Վրաստանին մոտ գտնվելը:

Ոսկան Սարգսյան




Լրահոս