Դիլիջանի ազգային պարկի տնօրենին առաջադրված քրեական գործը կկարճվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջանի ազգային պարկի տնօրեն, Դիլիջան քաղաքի բնակիչ, 1955թ. ծնված Սուրեն Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2019թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13.15-ի սահմաններում, «Գետափ» ռեստորանային համալիրի բակում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելու դիտավորությամբ իրեն ամրակցված «ՏՕԶ-16» մոդելի որսորդական ակոսափող հրազենով շան գլխի հատվածին կրակելու միջոցով ընդհատել է կենդանու կյանքը: Ս. Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով մարտի 6-ին Բերդ քաղաքում՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատական նիստ կայացավ: Դատավոր Զոյա Զաքինյանը Սուրեն Աղաջանյանին ծանոթացրեց նրա իրավունքներին եւ պարտականություններին: Ս. Աղաջանյանը հայտարարեց, որ ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

Նրա պաշտպան, փաստաբան Ռոբերտ Ալիխանյանը դատարանին 2 միջնորդություն ներկայացրեց: Նա դատարանին միջնորդեց առաջադրված մեղադրանքն անհիմն համարել եւ Ս. Աղաջանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել: Պաշտպանը հայտնեց, որ հայտնաբերված չէ շան մարմինը, հրազենը դատաձգաբանական փորձաքննության չի ենթարկվել, դրա վերաբերյալ միջնորդությամբ նախաքննության փուլում հանդես է եկել պաշտպանական կողմը: Պաշտպանը ընդգծեց, որ շան կյանքի ընդհատումը ապացուցված չէ, դեպքից հետո այդ շանը երկաթգծի ռելսերի մոտ տեսնողներ են եղել: Ռ. Ալիխանյանի խոսքերով՝ եթե նույնիսկ ընդունենք, որ Ս. Աղաջանանը կրակել է շան վրա, չի ապացուցվում, որ նա կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելու դիտավորություն է ունեցել, քանզի շան գլխին կրակելը շան կյանքը տանջալից կամ ցավոտ ընդհատել չէ: Պաշտպանը նշեց, որ քրեական գործով նախաքննությունը տեւել է ընդամենը 20 օր, ինչը բավական չէր գործը հանգամանորեն, լիարժեք քննելու համար:

Մեղադրող Ազատ Մարգարյանն առարկեց այդ միջնորդության դեմ՝ նշելով, որ դատավարության այդ փուլում քննվում են քրեական գործում նոր ապացույցներ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունները, եւ հարկ չկա հղում անել դատարանում դեռեւս չհետազոտված ապացույցներին: Դատավոր Զոյա Զաքաինյանը որոշեց այդ միջնորդության քննարկումը հետաձգել: Պաշտպան Ռ. Ալիխանյանը դատարանին միջնորդեց 3 անձանց նախաքննական ցուցմունքները որպես քրեական գործով ապացույց ընդունելու եւ նրանց դատարան դատակոչելու մասին:

Մեղադրողը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այդ անձանց ցուցմունքներում գործի համար էական փաստեր չկան, նրանց կարծիքներն են կամ ուրիշներից լսած խոսակցություններ: Դատավոր Զոյա Զաքինյանը որոշեց միջնորդության առաջին հատվածի քննությունը հետաձգել, նշված 3 անձանց դատարան դատակոչել: Քանի որ նախապես դատակոչված վկաները չէին ներկայացել նիստին, դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց մարտի 27-ին՝ ժամը 12-ին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս