Երգչուհի Մաշա Մնջոյանը, ով «Հայաստանի ձայնը» նախագծում հաղթելուց հետո արդեն ինքնուրույն իր ուղին է հարթում երգարվեստի ասպարեզում, չի դադարում իր անվան շուրջ ամենաանհավանական ասեկոսեներ լսել: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձավ դրանց, նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է ներկայանալ նոր երաժշտական ոճով:
-Մաշա՛, այսօր երգարվեստում տեսահոլովակներով աչքի ընկնելու տարածված տենդենց կա, իսկ համերգներով ներկայանալը, կենդանի ձայնով երգելը, կարծես, գլխավոր նախապայմաններից չէ: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է այդպես:
-Իսկ ես, օրինակ, հիմա ավելի շատ զբաղված եմ համերգներով, քան տեսահոլովակներ նկարահանելով: Օրերս վերադարձել եմ Ավստրալիայից, որտեղ հայ համայնքի համար ելույթ ունեցա Ֆորշի, Մուրադ Մալխասյանի հետ: Ուրախ եմ, որ պատիվ ունեմ նույն համերգի շրջանակում հանդես գալ բարձր մակարդակի արվեստագետների հետ:
-«Հայաստանի ձայնը» նախագծից հետո արդեն ինքնուրույն Ձեր ուղին եք հարթում շոու-բիզնեսում: Շատերը, սակայն, չեն դադարում Ձեր անունը կապել երգչուհի Սոնայի հետ՝ նշելով, որ նա է Ձեզ «առաջ տանում»…
-Սոնան ամեն հարցում սատարում է ինձ, մենք միշտ իրար կողքի ենք: Սակայն ես նրան ճանաչել եմ «Հայաստանի ձայնը» նախագծի շրջանակներում, դրանից առաջ տեսել եմ, հավանել եմ, բայց ծանոթ չենք եղել: Ես միայնակ, ընտանիքիս աջակցությամբ անցնում եմ այս ճանապարհը: Փորձում եմ մաքուր ճանապարհով հարթել խորդուբորդը, ոչ մեկից կախված չլինել:
-Ձեր անվան շուրջ պտտվող մի ասեկոսե հիշեցի, ըստ որի՝ Ձեզ հովանավորում են հարուստ պատգամավորները…
-Ո՛չ, ուղղակի իմ կողքին կան շատ հարազատ մարդիկ, ովքեր երբեմն-երբեմն քաջալերում են ինձ. Սոնան է կողքիս, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է շատ առիթներով օգնել ինձ…
-«Հայաստանի ձայնը» նախագծում հաղթելուց հետո անգամ լուրեր էին տարածվել, որ Ձեր հայրը մեծահարուստ է եւ ռեստորանային ցանց ունի Գյումրիում:
-Սկզբնական շրջանում, երբ նոր էի ասպարեզ դուրս եկել, ես եւ իմ ընտանիքը շատ էինք զարմանում ամենատարբեր անհավանական խոսակցություններից, բայց հետո հասկացանք, որ դա սովորական երեւույթ է: Իմ անվան շուրջ պտտվող ամենազվարճալի բամբասանքն էլ հենց այն էր, թե իբր ես նախագծում հաղթել եմ անարդար կերպով՝ մեծահարուստ հորս շնորհիվ:
– Թեեւ վաղուց արդեն բնակվում եք մայրաքաղաքում, Գյումրիում կա՞ մի բան, որ այդպես էլ Երեւանում չգտաք:
-Այո՛, Գյումրիում կա հարազատություն, անկեղծություն, որը պակասում է Երեւանում. այստեղ ամեն ինչ…լա՛վ, չշարունակեմ (ծիծաղում է): Բացի այդ՝ Հին Գյումրին, ի տարբերություն Հին Երեւանի, պահպանվել է, կան մարդիկ, ովքեր պայքարում են՝ իրենց պապական տունը, հին քաղաքի շունչը պահելու համար:
-«Հայաստանի ձայնը» նախագծի ներկայիս մասնակիցներից մեկի՝ Մելինե Գալոյանի կատարողականությունը երբեմն համեմատում են Ձեր կատարողական ոճի հետ. որտե՞ղ է գաղտնիքը:
-Հնարավոր է, քանի որ ընկերուհիներ ենք, երկուսս էլ գյումրեցի ենք, նույն դպրոցը, նույն ճանապարհն ենք անցել, նույն երգչախմբում ենք երգել, ի դեպ, ես Մելինեի կողքին եմ, սատարում եմ նրան եւ, առասարակ, բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն:
-Վերջերս ԱՄՆ-ում նոր երգեր եք ձայնագրել, դժվար չէ՞ր հոգալ ծախսերը:
-Եթե մնացած արտիստների համար դա սովորական բան կարող է լինել, կոնկրետ ինձ համար բարդություն է. ամեն բան անում եմ սեփական միջոցներով:
-Որքանով տեղյակ եմ՝ առաջիկայում պետք է ոճային փոփոխություններ ակնկալենք Ձեզանից, այո՞:
-Այո, ԱՄՆ-ում R&B եւ հիփ-հոփ ոճերում ձայնագրվելու առաջարկ ստացա, ես էլ չէի պատկերացնի, բայց վերջանական արդյունքը բավական լավ է ստացվել:
-Արդեն մտածո՞ւմ եք անձնական կյանքի մասին, թե՞ դա պետք է ինքնաբերաբար լինի:
-Անձնականը շատ կարեւոր է, բայց ես չեմ կարծում, որ այս տարիքում պետք է լրջորեն մտածեմ դրա մասին. ամեն բան ինքնըստինքյան կլինի: Առհասարակ, ես միշտ երջանիկ ընտանիք ունենալու կողմնակից եմ. չեմ թողնի, որ իմ աշխատանքը խանգարի իդեալական ընտանիք ունենալուն: Բայց, միեւնույն ժամանակ, չեմ կարծում, թե կընտրեմ մեկին, ով կխանգարի իմ երգելուն. չէ՞ որ նա պետք է սիրի նաեւ իմ երգը:
-Առաջիկայի համար ի՞նչ նպատակներ ունեք եւ գուցե մի երազանք, որն անիրականանալի է թվում:
-Դրսում ուսումս շարունակելու, իմ արվեստն արտերկրում ներկայացնելու, այնտեղ ճանաչվելու նպատակներ ունեմ: Իսկ այդպիսի երազանքներից մեկը կենդանի լեգենդ Սթիվի Ուանդերի հետ զուգերգով հանդես գալն է…
Աննա Բաբաջանյան