Երկու տարբեր ընտանիքներ, երկու բախտակից միայնակ մայրեր մեզ դիմեցին նույն խնդրանքով՝ մոտենում է ցուրտ ձմեռը, սակայն նրանք չունեն իրենց կացարանները ջեռուցելու հնարավորություն:
Առաջինը 57-ամյա Լարիսա Սիմոնյանն է, ով իր երկու անչափահաս երեխաների հետ բնակվում է Նորքում: Այցելելով Լարիսայի կացարան` ականատես եղանք, թե ինչպես են գոյատեւում իրար միացված փայտերից եւ երկաթե դռներից կազմված տնակի բնակիչները:
Այս ընտանիքը միայն նպաստով է ապրում: Լարիսայի ամուսինը երկար տարիներ կալանավայրում է: Տիկին Լարիսան նեղսրտեց՝ ասելով, որ նախկինում աշխատում էր, սակայն հիմա ոտքերի հիվանդության պատճառով անաշխատունակ է դարձել:
Այցելեցինք մեզ դիմած երկրորդ ընտանիքին, որտեղ պատկերը գրեթե նույնն էր: Վարդենիկ թաղամասում գտնվող նկուղային հարկի բնակչուհի Քրիստինե Հովսեփյանին եւ երկու դպրոցահասակ երեխաներին երկար տարիներ է` ամուսինը լքել է՝ մեկնելով ՌԴ: Տան պատուհանները խարխլված են, հատակը՝ բետոնից, իսկ սենյակները դռներ չունեն: Միայնակ մայրը երեխաներին տանում է դպրոց, որից հետո գնում է աշխատելու որպես հավաքարար:
Ինչպես Քրիստինեն ասաց՝ վառելիք գնելու մասին նույնիսկ չի էլ մտածում, քանի որ 1 խորանարդ մետր վառելափայտն արժի 25.000 դրամ, իսկ 45.000 դրամ աշխատավարձով եւ նպաստով հազիվ օրվա հացի խնդիրն է լուծում:
Երկու միայնակ եւ բախտակից մայրերի խնդրանքն էլ նույնն է՝ նրանք դիմում են բարի մարդկանց` վառելափայտ ձեռք բերելու խնդրանքով, որպեսզի հերթական ձմեռն էլ անցկացնեն, մինչեւ…..
Արեւիկ Հակոբյան