Այսօր Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ արդեն 5 տարի ձգվող «Նորաշեն-2007»-ի գործով հերթական դատական նիստը:
Սպառողական կոոպերատիվից խաբված բնակիչների մի մասն, ի դեպ, դեռևս հասանելիք բնակարանները չի ստացել: Ինչպես հայտնի դարձավ, դատարանն անգամ բերման ենթարկելու որոշման առկայությամբ չի կարողանում դատարան բերել մի շարք վաշխառուների: Նրանցից մեկը Սաշա Գյոզալյանն է, ում ՀՔԾ-ն 2011-ին ճանաչել է վաշխառու: Նախկինում դատապարտված Գյոզալյանը սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանին 10 հազար դոլար է տրամադրել 5 % տոկոսադրույքով, ինչի դիմաց իր եղբոր դստեր՝ Տաթևիկ Գյոզալյանի անունով գրավադրել է Գևորգ Չաուշի 14/3 շենքի 29 բնակարանը՝ 62 քմ: Իր տված 10 հազար դոլարից 3 հազարը տոկոսի ձևով Գյոզալյանը հետ է ստացել, իսկ նշված բնակարանի համար տուժող ճանաչված բնակիչ Նաիրա Բաբինյանը վճարել է 31 հազար դոլար, որը պայմանագրով նախատեսված ողջ գումարն է: Այսինքն՝ տուժողն է համարվում իրական տերը:
Նշենք, որ Սաշա Գյոզալյանի եղբայրը բնակվում է Ավան թաղամասի 5-րդ փողոցի 1-ին տանը , և նրա միջոցով հնարավոր է գտնել Գյոզալյանին և նրան դատարան բերել:
ՀՀ հարկային ծառայության իրավաբանական վարչության նախկին պետ, վկա Ռազմիկ Ավագյանը, ով 4 ավտոմեքենա է տվել սպառողական կոոպերատիվի նախագահ Թադևոսյանին, վերջին մեքենայի գնին՝ 2004 թվականի արտադրության ՝ 30 հազար դոլար արժողությամբ, ապառիկ վեց ամսով տալու ամսեկան ավելացրել է 20 %՝ մեքենայի գինը՝ դարձնելով 48 հազար դոլար: Այս կերպ հափշտակել է Ռուզաննա Զարգարյանին և Կարինե Պետրոսյանին պատկանող բնակարանը: Հիշեցնենք, որ Ռուզաննան ունի երկու որդի, որոնք այժմ ծառայում են ՀՀ Զինված ուժերում: Երկու զինվորներին պատկանող բնակարանը արդեն 5 տարի է՝ Ավագյանը չի վերադարձնում: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, ապա դատարանում սպառողական կոոպերատիվի նախագահը ցուցմունք է տվել, թե Ռազմիկ Ավագյանը ավտոմեքենան վաճառելու համար «տոկոս է դրել վրան»: Դատարանում Ռազմիկ Ավագյանը վկայություն է տվել, թե իրեն բնակարանները պետք չեն, սակայն նա դրանք ետ չի տալու: Դատարանում հայտնի դարձավ նաև, որ նա սպառողական կոոպերատիվի ղեկավար Լյովա Սամվելյանի համար փաստաբան է վարձել, որպեսզի Լյովան իրեն «չվառի»: Նախկին 3 մեքենաների գումարից բացի, որը տվել է ՍԿ-ի նախագահին, տոկոսի ձևով այնքան գումար է տարել, որն անգամ իր վերջին Ջիփի գումարին է գերազանցել:
Վկայություն տված հաշվապահ-փորձագետը՝ աուդիտորը, ընդմիջմանը բնակիչներին ասաց, թե Ռազմիկ Ավագյանին պարբերաբար տեսել է Արամի փողոցի նորակառույց շենքի բնակարանների մոտ և կարծիք հայտնեց, թե հավանաբար այնտեղ ևս Ռազմիկ Ավագյանը, օգտագործելով հարկային ծառայության բարձրաստիճան աշխատողի իր դիրքը, փորձել է կրկին «խորտակել որոշ ճակատագրեր»:
«Տպավորություն է, որ դատարանն անզոր է բնակիչներին օրենքի միջոցով օգնելու հարցում: Իրականում բնակարանի կարիք ունեցող, բնակարանների մշտական տերերի «քցումը», ոչ միայն նրանց ընտանիքների քայքայման հիմքն է, այլև՝ Հայաստանի թուլացման ու վերջնական կործանման սկիզբը»,- Armlur.am-ի հետ առանձնազրույցում ասացին հուսահատված բնակիչները:
Նշենք նաև, որ դատարանում փորձագիտական բյուրոյի աշխատակիցը հայտարարեց, թե Գևորգ Չաուշի 14/3 շենքի համար ՍԿ-ի նախագահը հավաքել է 1,8 մլրդ դրամ, սակայն ծախսել է 2,8-ը: Իրականում, շենքը կառուցվել է 50%-ով, և նրա վրա ծախսվել է հազիվ 1 մլրդ դրամ: Օրենքի այս բացից օգտվել է իշխող վերնախավի վաշխառուների հանցավոր բուրգը՝ Հերմինե Նաղդալյանի և Ռազմիկ Ավագյանի գլխավորությամբ: Նրանք էլ կոոպերատիվի նախագահին և նրա տեղակալին գցել են ծուղակը և բնակիչներին պատկանող բնակարանները տոկոսով տված գումարի դիմաց ձևական գրանցել իրենց ազգականների անուններով:
Ի դեպ, ՍԿ-ի նախագահի ցուցմունքի համաձայն՝ Հերմինե Նաղդալյանը 300 հազար դոլար է տվել 5%-ով իրեն և մի քանի անգամ ստացել տոկոսները: Նաղդալյանը գրավով վերցրել է 14 բնակարան՝ ինքնարժեքից 3-4 անգամ ցածր գնով: Այսինքն՝ ԱԺ փոխնախագահը 8 ընտանիքի կործանման և քայքայման պատճառ է դարձել՝ նրանց անտուն դարձնելով:
«Մինչև ե՞րբ պետք է շարունակվի գոյատևել նաղդալյանների, ավագյանների և նրանց նմանների իշխանությունն ու անբարո վարքը»,- շարունակում են բողոքել բնակիչները:
Դատական նիստում, կարծես, փորձ է արվում հիմնավորել կոոպերատիվի նախագահի առաջ քաշած այն միտքը, թե Գևորգ Չաուշի 14/3 շենքի վրա ծախսվել է 2,8 մլրդ դրամ: Նշվեց, որ մեկ բնակարանը երկու երեք վաշխառուի վրա ձևական գրավադրվել է՝ ունենալով իր առաջին իրական տերը: Այստեղից ելնելով՝ մեծաթիվ շահութահարկը հարկայինի կողմից դրվելը մեծագույն սխալ է, քանի որ բնակարանները ոչ թե վաճառվել, այլ գրավադրվել են:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: