«Սերիալներում երևալը և դրանցում խաղալը բոլորովին տարբեր հասկացություններ են» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերիալներից ու գեղարվեստական ֆիլմերից հայտնի, «Գոյ» թատրոնի դերասանուհի Աննա Հարությունյանը, ով «Դեկորներ» ներկայացման շրջանակներում «դաժանորեն» կառավարում է տղամարդկանց՝ ցույց տալով նրանց իրական տեղը եւ ապացուցելով, որ աշխարհը ոչ թե տղամարդկանցն է, այլ կանանցը, հոգու խորքում համաձայն է իր կերտած կերպարի հետ:

-Աննա՛, տեւական ժամանակ է՝ սերիալներում չեք երեւում. հարմար առաջարկ չկա՞, թե՞ պարզապես հոգնել եք օճառային «օպերաներից»:

-Բանն էլ հենց այն է, որ սերիալներում երեւալը եւ դրանցում խաղալը բոլորովին տարբեր հասկացություններ են: Ես գերադասում եմ խաղալը եւ սպասում եմ հրաշալի առիթի: Ստացվող առաջարկները չեն բավարարում ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ, հատկապես, ստեղծագործական առումով:

-«Շքամուտք» ֆիլմում, որտեղ խաղում եք նաեւ Դուք, ներկայացվում են մեկ շքամուտքի դռների ետեւում ապրող հերոսների կյանքի դժվարությունները, մարդկային փոխհարաբերությունները, սոցիալական խնդիրները. արդյո՞ք այսօր չի վերացել իրար ցավ կիսելու, մեկ շքամուտքում իրարով ապրելու կենսաձեւը:

-Այո՛, ֆիլմում մեծ տեղ ունեն սրտացավությունը, կարեկցանքը…Լավատես լինելով՝ ասեմ, որ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը մարդկանց շրջանում չի կորել, պարզապես ժամանակավորապես տեղում չէ:

anna harutyunyan1

-Որպես մագիստրոս՝ Ձեր կրթությունը շարունակել եք արվեստաբանության բաժնում. կերպարվեստը Ձեզ համար հոբբի՞ է, թե՞ մասնագիտություն:

-Բարեբախտաբար փոքրուց ծանոթ եմ եղել այնպիսի արվեստագետների, ինչպիսիք են Ռոդենը, Վան Գոգը, Սարյանը եւ այլք: 14 տարեկանից հետաքրքրվել եմ կերպարվեստով: Այս մասնագիտության շնորհիվ սկսեցի նոր մոտեցում ցուցաբերել դերասանությանը՝ կերպարվեստի տված պատկերավոր ընկալման միջոցով:

-Մի ժամանակ պատրաստվում էիք Ձեր բիզնեսը հիմնել, նիհարեցման սրահ բացել. ստացվե՞ց, էլի հետաքրքրվա՞ծ եք այդ գործով:

-Իմ փոքրիկ բիզնես-գործունեությունն այժմ դադարի փուլում է, սակայն շուտով այն նոր կյանք կստանա: Գեղեցիկ, ինքնավստահ ու երջանիկ լինելու համար պետք է, որ կանայք ունենան նաեւ սլացիկ մարմին:

-Ասում են՝ գեղեցիկ եւ այն էլ՝ արվեստի բնագավառի կանանց ճակատագրերը տարբերվում են մյուսներից. նրանց վիճակված չէ հարթ ուղի անցնել, այդպե՞ս է:

-Գյոթեն ասում է՝ մեկ վայրկյան երկար նայիր գեղեցիկ, հիմար կնոջ դեմքին, եւ նա կվերափոխվի սատանայի: Հատկապես 21-րդ դարում գեղեցկությունը բավարար չէ. դրան օգնելու պետք է գա բանիմացությունը: Ինչ վերաբերում է ճակատագրին, ապա կասեմ, որ միայն հզոր կամքը կարող է ճակատագրի «գծերին» այլ ընթացք տալ:

-«Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ» ֆիլմում, այնուամենայնիվ, մարմնավորեցիք տգեղ կնոջ, բարդույթներ չունեի՞ք այդ կերպարից:

-Հիշում եմ՝ երբ ֆիլմը ցուցադրվեց, ծանոթներս ապշել էին. ոչ ոք չէր պատկերացնի, որ տգեղագույն կնոջ կերպարում հանդես կգամ: Ուրախ եմ, որ զերծ եմ մշտապես գեղեցիկ երեւալու կոմպլեքսից:

anna harutyunyan2

-«Գոյ» թատրոնի «Դեկորներ» ներկայացման ընթացքում հանդիսատեսին աստիճանաբար պարզ է դառնում, որ տղամարդկանց համար նախատեսված տեղը զբաղեցրել է կինը, որ աշխարհը ոչ թե տղամարդկանցն է, այլ կանանցը. ինքներդ այդ կարծիքի՞ն եք:

-«Դեկորներ»-ում մարմնավորում եմ մի կնոջ, ով գործի է դնում իր աստվածային գեղեցկությունն ու սատանայական համառությունը: Սիրով եմ հանդիսատեսի դատին հանձնում այս կերպարը, քանի որ էգոիստաբար, հոգուս խորքում համաձայն եմ իմ կերտած կնոջ հետ (ծիծաղում է):

-Չար լեզուները մի ժամանակ բամբասանքներ էին տարածում այն մասին, թե իբր հանդիպում եք բարձրաստիճան պաշտոնյաների հետ…Որքան էլ նման լուրերը հերքվում են, այնուամենայնիվ, Ձեր անձնական կյանքից վերջերս, կարծես, խուսափում եք խոսել:

-Բոլոր ժամանակներում տարբեր դերասանուհիների մասին հնչած նմանատիպ խոսակցություններն արդեն դասական են դարձել: Անձամբ ես նշանակություն չեմ տալիս դրանց եւ ներողամտաբար եմ մոտենում:

anna harutyunyan3

-Մի ժամանակ ասում էիք, որ Ձեր հարսանիքը սարերի ետեւում չէ, մարդկանց հետաքրքրում է՝ ինչո՞ւ է այն հետաձգվում:

-Միշտ հիշում եմ հայր Կարամազովի խոսքերը. «Եթե մեկը լիներ ու ինձ հավատար, ես այսպիսին չէի լինի»: Կարեւորում եմ հավատը՝ գիտակցելով ուժը, այն կարող է սարեր շուռ տալ, որի ետեւում, ինչպես նշեցիք, իմ հարսանիքն է (ծիծաղում է):

-Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր ընտանիքը, Ձեր տունը:

-Տուն, որտեղ չեն փշրվում սրտերը…

 

Աննա Բաբաջանյան

Լուսանկարները` Bravo.am-ի




Լրահոս