ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՐԻԱԼՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՖՐԻԿԱՑԻ Է ԽԱՂՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեռեւս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի օրոք ՀՀ ոստիկանության կողմից հովանավորվող  “Եզրագծից այն կողմ”  հեռուստասերիալի դերասան Մայթքլ Դոմբիրին այսօր կասկածվում է փողերի կեղծման եւ հափշտակման  մեջ: Նրա անունը կապվում է աֆրիկական հանցավոր խմբի գործունեության հետ: 
Սույն թվականի մարտի 19-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս բերման են ենթարկել Լիբերիայի 3 քաղաքացիների՝ Ջորջ  Թրոկոնջա Զառզառին, Ֆոստեր  Զաքիա Գեյին, Մարկ Կպառդե Դոսենին, Նիգերիայի Հանրապետության քաղաքացի Մայթքլ Նորագվորի Դոմբիրին, Կոտ Դի Վլավի Հանրապետության քաղաքացի Մամադոու Զանգառեին: Օտարերկրացիները Հայաստան են եկել 2011թ. փետրվար ամսին: Իսկ արդեն 2012թ. մարտի 16-ին համատեղ բիզնեսով զբաղվելու պատրվակով ծանոթացել են ՀՀ քաղաքացի Գեւորգ Կռպոյանի հետ: Նրանք Կռպոյանին հայտնել են, որ իբր իրենց պետությունից Հայաստան են տեղափոխել 5 մլն ԱՄՆ դոլար, որոնք ներկված են ինչ-որ սեւ ներկանյութով: Ու եթե դոլարները ներկազերծեն, դրանք կդառնան իսկական հարյուրդոլարանոցներ: Եւ այդ “հրաշագործ” ներկանյութը ձեռք բերելու համար գումար է անհրաժեշտ: 
Եւ այսպես, աֆրիկացիները մարտի 16-ին Կռպոյանից վերցրել են 4 հազար ԱՄՆ դոլար գումար իբր թե իրենց երկրից բերած փողերը ներկազերծելու նպատակով: Խարդախները այդ 4000-ից 2100 դոլարը չպարզված նյութով ներկել են, նմանեցրել սեւ ստվարաթղթերով պատրաստված 100 ԱՄՆ դոլարի: Դոլարները հավաքել են համապատասխան կապոցներով եւ դրել իրենց կողմից գնված չհրկիզվող պահարանի մեջ: Ու մարտի 18-ին, Երեւանին հարակից Թաիրով գյուղում գտնվող ռեստորանային համալիրի մոտ հանդիպելով Գեւորգին, վստահություն ներշնչելու համար ցույց են տվել պահարանի պարունակությունը: Եւ Գեւորգ Կռպոյանին էլ ավելի գայթակղելու համար նրանից վերցված պարտք գումարից 2100 ԱՄՆ դոլարը վերադարձրել են Կռպոյանին` խնդրելով եւս 100.000 ԱՄՆ դոլար իբր քիմիական նյութեր ձեռք բերելու եւ մնացած մեծ թվով թղթադրամները լվանալու համար: Սակայն վերջինս հրաժարվել է համագործակցել աֆրիկացիների հետ: Այսպիսով` սեւամորթները Գեւորգ Կռպոյանից խաբեությամբ հափշտակել են ընդհանուր առմամբ 1900 դոլար եւ այդ օրվանից հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Այս պատմության մեջ մտահոգիչը ոչ միայն այն է, որ հեռավոր Աֆրիկայից ինչ-որ խումբ է եկել Հայաստան ու կարողացել հեշտությամբ խաբել ՀՀ քաղաքացիներին, այլ այն, որ Հայաստանի Հանրապետությունում հեռուստասերիալի դերասանին “վայ սցենարիստները” գտել են փողոցային քասթինգի արդյունքում, նա էլ “հանցագործ է դուրս եկել”: Ու հավանաբար սա է պատճառը, որ այսօր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շատ շրջանավարտներ մնում են անգործ, բազմաթիվ դերասաններ հեռանում են մեր երկրից` հաճախ նվաճելով բարձունքներ օտարության մեջ: 
Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝ կեղծարարների զեղծարարություններից տուժել են ոչ միայն շարքային քաղաքացիները, այլեւ մի շարք չինովնիկներ, որոնք “համեստաբար” փորձում են հասարակության  աչքից հեռու մնալ: ՀՀ ոստիկանությունն էլ համապատասխան ցուցմունքներ չի կարողանում ստանալ` “մեծ շնաձկներին” գործում որպես վկա ներգրավելու համար: Ամենայն հավանականությամբ հենց այս պատճառով էլ առաջիկայում կկարճվի “աֆրիկացիների գործը”:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 
Լուսանկարները Գ. ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս