«ԵՐԲԵՎԷ ԼՍԵ՞Լ ԵՔ, ՈՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մինչեւ հաջորդ քառօրյա` դեկտեմբերի 1-ը, հանդես կգա Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու՝ Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ: «Հուսով եմ՝ նախագիծը կստանա անհրաժեշտ թվով (44) պատգամավորների աջակցություն՝ արտահերթ կարգով ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկվելու համար»,- հայտարարել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածը տալիս է նման հնարավորություն. «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»: Սակայն պաշտոնանկության գործընթաց սկսելու համար ԱԺ-ն պետք է դիմի եւ ստանա ՀՀ ՍԴ եզրակացությունը: Իսկ արդեն ՍԴ-ի դրական եզրակացության հիման վրա նախագահը կարող է պաշտոնանկ արվել ԱԺ պատգամավորների երկու երրորդի «կողմ» քվեարկությամբ: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ՝ պարզելու համար, արդյո՞ք նա միանալու է Ն. Փաշինյանի նախաձեռնությանը:
-Պարո՛ն Մարուքյան, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը համացանցում հայտարարել է, որ մինչեւ հաջորդ քառօրյա` դեկտեմբերի 1-ը, հանդես կգա Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու՝ ԱԺ որոշման նախագիծն արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ: Դուք միանալո՞ւ եք այդ նախաձեռնությանը:
-Քանի որ ես այդ նախագիծը չեմ տեսել, չեմ կարող որեւէ իրավական գնահատական տալ, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Երբ որ կներկայացնի, այդ ժամանակ ես իմ կարծիքը կասեմ: Չգիտեմ՝ ինչ ֆորմատով է լինելու, նախագիծը կգա, կքննարկենք, հնարավոր է՝ գա նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողով, ես էլ այդ հանձնաժողովի անդամ եմ, կքննարկենք հարցը, ես էլ իմ տեսակետը կասեմ:
-Այնուամենայնիվ, առանձնապես տեղեկացված լինելու խնդիր չկա, շատ հստակ պահանջ է առաջադրվելու՝ ընդդիմադիր պատգամավորը պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Դուք այդ պահանջին կողմ ե՞ք, կմիանա՞ք, թե՞ ոչ:
-Իսկ Դուք երբեւէ լսե՞լ եք, որ ես Սերժ Սարգսյանի հարաժարականը պահանջեմ: Ովքեր որ պահանջել են, Օպերայում ցույցեր են արել, երեւի դա իրենց համար է, ու թող իրենք էլ ստորագրեն, ես ինչ կապ ունեմ:
-Նկատի ունեք եռյակի՞ն:
-Ո՞վ է պահանջել Սերժ Սագսյանի հրաժարականը, ով պահանջում է, թող նրանք էլ ստորագրեն: Ես վստահ եմ, որ եթե ինքը նման բան է նախաձեռնել, ապա դա իմ համար չի նախաձեռնել, ովքեր որ պահանջել են, նրանց համար է նախաձեռնել: Եթե ես այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեմ, ապա ես այդ թերթիկի տեղն էլ գիտեմ, գիտեմ, թե ինչպես վերցնեմ այդ թերթիկը, դրա սահմանադրական լիազորություններն էլ ունեմ ու ես ինքս կանեմ, եթե նման օրակարգ ունենամ:
-Այսինքն՝ այս հարցում Դուք ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին չեք աջակցելո՞ւ:
-Ո՛չ, ես չեմ պահանջել Սերժ Սարգսյանի կամ գործող Կառավարության հրաժարականը, ովքեր որ պահանջել են դա, թող իրենք էլ միանան Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը:
-Իսկ Դուք գո՞հ եք Սերժ Սարգսյանի եւ Կառավարության վարած քաղաքականությունից: Ձեր խոսքերից ստացվում է, որ Դուք պաշտպանելո՞ւ եք իշխանությանը:
-Ո՛չ, ինձ չի կարելի համարել իշխանության պաշտպան, որովհետեւ ես իշխանության պաշտպանը չեմ: Եթե ես ինչ-որ նախաձեռնության չեմ միանում, ուրեմն իշխանության պաշտպա՞ն եմ: Հազար անգամ ասել եմ՝ քաղաքական դաշտը սեւերի ու սպիտակների դաշտ չի, ամեն մարդ ունի իր քաղաքական գիծը, ես նման պահանջ չեմ ներկայացրել: Ու Նիկոլ Փաշինյանն էլ ինձ չի առաջարկել, որ ես միանամ, չկա նման խնդիր, ովքեր որ պահանջում են, ինձ թվում է, նրանց համար է, ու թող իրենք էլ այդ պահանջի տակ ստորագրեն: Եվ հետո` ի՞նչ է նշանակում իշխանությունների պաշտպան, Դուք տեսե՞լ եք, որ ես իշխանություններին պաշտպանեմ: Դուք իմ ելույթներին հետեւե՛ք, իմ քվեարկությունները նայե՛ք: Ես անկախ պատգամավոր եմ ու, բացի իշխանություններին քննադատելուց, քննադատում եմ նաեւ ընդդիմությանը, ինձ նման բաները չեն հետաքրքրում: Ինձ ընդամենը հետաքրքրում է իմ քաղաքական օրակարգը, ինչ խնդիրներ որ դրված են իմ առաջ, ես դա եմ իրականացնում ու անիմաստ բաներով չեմ զբաղվում: Ես չեմ կարծում նաեւ, որ ընդդիմությունն ամբողջապես ստորագրելու է դրա տակ, այսինքն՝ ով չստորագրեց, իշխանության պաշտպանն է՞:
-Իսկ Ձեր կարծիքով՝ այս նախագիծը կյանքի կկոչվի՞, թե՞ ոչ:
-Ես չեմ կարող ասել, թող մարդը ներկայացնի, կերեւա էլի, դեռեւս ոչ ոք ոչինչ չի կարող ասել: Ընդամենը իմ պատասխանը հետեւյալն է՝ ես երբեք չեմ պահանջել որեւէ մեկի հրաժարականը, ովքեր որ պահանջել են, թող միանան:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 
ՄՆԱ՞, ԹԵ՞ ՉՄՆԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը՝ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու մասով, բառի ամենաուղիղ իմաստով ծուղակն է գցել քաղաքական շատ ուժերի ու գործիչների: Եւ քննարկումների ընթացքում նույնիսկ մեղադրանքներ են հնչեցվում Փաշինյանի հասցեին, որ այս «նեղ պահին» Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթաց է սկսել:

Այն, որ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածով հնարավոր է հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը, արդեն տեղեկացրել էինք: «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար», ՀՀ Սահմանադրության այս դրույթը կիրառելու համար առանձնապես մեծ ջանքեր պետք չէ գործադրել: Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման տարիներին հասցրել է բազում ծանր հանցագործություններ կատարել՝ դատարկելով մեր երկիրը եւ ունեզրկելով ՀՀ քաղաքացիների մեծ հատվածին: Այսինքն՝ տեխնիկական առումով խնդիրներ չկան նրան պաշտոնանկ անելու հարցով ՍԴ դիմել: Խնդիրն այստեղ քաղաքական հարթությունում պետք է դիտարկել:
Ի՞նչ են անելու խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը. չմիանան այդ նախաձեռնությանը, նշանակում է՝ ապացուցել, որ կեղծ ընդդիմություն են եւ իրականում չեն ցանկանում ազատվել Ս. Սարգսյանի իշխանությունից: Եթե միանան, նշանակում է՝ շեղվում են Սերժ Սարգսյանի հետ ունեցած պայմանավորվածություններից, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Եւ ուրեմն ի՞նչ անել. մնում է մեկ տարբերակ՝ փնովել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը՝ հիմնավորումով, թե այն դատապարտված է ձախողման, քանի որ իշխող ՀՀԿ-ն մեծամասնություն ունի խորհրդարանում եւ չի կարող թույլ տալ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը դրական ելք ունենա:
Այս օրերին խոսվում է այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը կատարում է ՀՀ նախագահի նստավայրից իջած հատուկ պատվեր՝ սկսելով Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը: Իհարկե, այն որ ընդդիմությանը ծուղակ գցելու գործընթացը կարող է ձեռնտու լինել Սարգսյանին, չի բացառվում, եւ յուրաքանչյուր կարծիք գոյության իրավունք ունի: Բայց հետաքրքիր է՝ ի՞նչն է խանգարում ընդդիմադիր կամ ոչ իշխանական ուժերին միանալ Փաշինյանի նախաձեռնությանը, առավել եւս, եթե պնդում են, որ այն դատապարտված է ձախողման: Սա եւս մեկ առիթ կարող է լինել՝ ապացուցելու, որ ընդդիմությունը միասնական է, սակայն իշխանական բուրգը ոչ մի կերպ քանդել չի լինում:
Սակայն այս քայլին, կարծես թե, չեն ցանկանում գնալ, քանի որ արդեն ե՛ւ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ե՛ւ ՕԵԿ ներկայացուցիչներն ասել են, թե չեն միանա ու չեն հասկանում Փաշինյանի նախաձեռնության իմաստը: Ու եթե ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի դեպքում դա ինչ-որ տեղ «բացատրելի է», ապա ՀԱԿ-ի դեպքում, մեղմ ասած, դժվար է հասկանալ, քանի որ Փաշինյանն ինքը ՀԱԿ խմբակցության անդամ է: Եւ ստացվում է, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչը պահանջում է Ս. Սարգսյանի հրաժարականը, իսկ խմբակցությունը դեմ է:
Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցությունից միայն Զարուհի Փոստանջյանն է հրապարակավ ողջունել, խմբակցությունը պաշտոնապես դեռ չի պաշտպանել նախաձեռնությունը:
Այս իրավիճակը եւս մեկ անգամ ցույց է տալիս այն իրավիճակը, որ իսկապես՝ ոչ իշխանական ուժերը չունեն միասնական օրակարգ ու նպատակ: Այդ շարժումն ընդամենը կավե ոտքերով հսկա է, որը կարող է փլուզվել անգամ «ամենաանմեղ» նախաձեռնությունից:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՀՈՒՍՈՎ ԵՆ
«Տոնուս» շինարարական ընկերության կողմից տուժած բնակարանատերերը հույսով սպասում են, թե երբ է «Արցախբանկ»-ը գրավադրումից հանելու իրենց բնակարանները: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց բնակարանատերերից մի քանիսի հետ եւ տեղեկացավ, որ ընկերության տնօրինությունն նրանց խոստացել է, որ երկու բազմաբնակարան շենքերը գրավադրումից կհանի Ամանորի տոներից հետո՝ հունվարի կեսերին: Իսկ թե որքանով են իրատեսական այդ խոստումները, բնակիչները դժվարանում են ասել: Հիշեցնենք, որ «Արցախբանկ»-ի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» եւ «Ավի» հայկական ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը տուժած քաղաքացիներին խոստացել էր, որ շենքի շինարարությունն առաջիկայում կսկսվի: Սակայն բնակիչները փաստում են, որ այն չկա: Ավելին` «Արցախբանկ»-ը նույնիսկ պայմանագրեր չի կնքել բնակարանատերերի հետ:

 

ԿԱՆՎԱՆԱՓՈԽԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի տնօրինությունը սկսել է աշխատակիցներին վճարել երեք ամսվա աշխատավարձերը, մի մասին՝ ցեմենտի տեսքով, իսկ մյուս մասին՝ գումարի: Տեղեկացնենք, որ մինչ այս գործարանի հաշիվները կալանքի տակ են դրված եղել՝ հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով: Թեեւ այս պահի դրությամբ հաշիվների վրայից կալանքը հանվել է, սակայն գործարանի գազամատակարարումը դեռ անջատված է: Աշխատակիցներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեցին, որ առաջիկայում ցեմենտի գործարանը կանվանափոխվի եւ կդառնա Հրազդանի ցեմենտի գործարան: Նրանց խոսքով՝ այժմ գործարանն ամբողջովին պատկանում է ՎՏԲ բանկին: Ի դեպ, գործարանը մինչեւ գարուն չի աշխատի: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի հետ, սակայն ապարդյուն:

 

ԸՆԴԴԵՄ  ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ
Պարզվում է՝ ՀՀ դատական դեպարտամենտ պետական կառավարչական հիմնարկի դեմ էլ են դատական հայցեր ներկայացնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. հունիսի 9-ին «Գ ընդ Հ Պարտներս» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ պահանջելով ՀՀ դատական դեպարտամենտ պետական կառավարչական հիմնարկից գումար բռնագանձել: Մեզ չհաջողվեց պարզել, թե ինչ չափի գումարի մասին է խոսքը: «Գ ընդ Հ Պարտներս» ՍՊԸ-ն իրականացնում է իրավաբանական, քաղաքացիական, տեխնիկական եւ այլ նեղ մասնագիտական ուղղություններով նյութերի թարգմանություններ: Ուստի կարելի է ենթադրել, որ ընկերությունը դատական դեպարտամենտի պատվերով թարգմանություններ է կատարել, բայց գումարները չի ստացել եւ այժմ փորձում է դատարանի միջոցով դատարանների դեմ պայքարել: Ինքնին հետաքրքիր փորձ է, մեկ էլ տեսար՝ ստացվեց:

 




Լրահոս