«X Factor», «Պրեմիերա» նախագծերից հանրությանը հայտնի դարձած երգիչ, երգահան Արթուր Ալեքը, ով արդեն ինքնուրույն է հարթում իր ուղին երգարվեստում, նշում է, որ կուլիսների ետեւում իրեն միշտ չէ, որ հարմարավետ է զգում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգիչն անկեղծացավ` նշելով, որ սպասում է, թե երբ է դուրս գալու բեմ ու գնա տուն, քանի որ ոլորտում քիչ մարդիկ կան, որոնց հետ կարելի է անկեղծորեն շփվել:
-Արթո՛ւր, գիտենք, որ 50-ից ավել երգեր ունեք, որոնք դեռ չեք հասցրել ձայնագրել, ո՞րն է խնդիրը:
-Արդեն ավելի շատ (ծիծաղում է): Երեւի գլխավոր պատճառն այն է, որ մեծ գումար է պետք, իսկ ես բծախնդիր եմ եւ չեմ կարող իմիջիայլոց աշխատանք կատարել, այդ պատճառով էլ երգերի ձայնագրությունը հետաձգվում է:
-Հովանավորներն էլ, մեծ մասամբ, ռաբիս երգելու պայման են դնում, որպեսզի արտիստից շահույթ ստանան…
-Իմ դեպքում էլ եղել է նման բան, ցավոք, լսել եմ այդ պատճառաբանությունը, բայց դա այդքան էլ այդպես չէ: Ի վերջո, կարելի է տեղավորվել քիչ գումարի շրջանակում եւ խղճի հետ հաշտ լինել՝ իմանալով, որ որակյալ արտադրանք ես մատուցում:
-Դուք փորձում եք կապ հաստատել եվրոպացի երգիչների հետ, արտերկրի շուկային առաջարկում եք Ձեր հեղինակային երգերը. ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել այս ճանապարհին:
-Տարիներ առաջ մի շարք երգերից ֆրանսիացի երգչուհու համար ընտրվեց հենց իմ հեղինակային երգը: Առհասարակ, եթե մեր երկրում դժվար է այս ոլորտում քայլեր անելը, ապա արտերկրի համար աշխատելը մի քանի անգամ ավելի բարդ է: Հիմա նախնական որոշ գործեր եմ անում, ուղարկում դրսի արտիստներին: Չի բացառվում, որ առաջիկայում նրանցից ոմանք կատարեն իմ երգերը:
-«X Factor» ծրագրից հետո ինքներդ եք Ձեր ուղին հարթում երգարվեստում. կուլիսների ետեւում մրցավազք, տարաձայնություններ լինո՞ւմ են, հարմարվե՞լ եք:
-Կուլիսների ետեւում միշտ չէ, որ ինձ կոմֆորտ եմ զգում, այսպես ասեմ՝ կուլիսի մի անկյունում կանգնող երգիչ եմ (ծիծաղում է): Սպասում եմ՝ դուրս գամ բեմ ու գնամ տուն: Քիչ մարդիկ կան, ովքեր հոգեհարազատ են ինձ, ու կարող եմ անկեղծ շփվել իրենց հետ:
-Ինչպե՞ս ստացվեց, որ Սոֆի Մխեյանի տեսահոլովակում մեկ անգամ նկարահանվելով՝ ավելի մեծ ճանաչում ձեռք բերեցիք, քան մի շարք երգեր հեղինակելով:
-Չգիտեմ (ծիծաղում է):Երեւի Սոֆիի տեսահոլովակը շատ է եթեր հեռարձակվել, այն ժամանակ նա իր փոքրիկ, բայց կայուն ավանդն ուներ երգարվեստում, իսկ ես նոր էի սկսել աշխատել արտիստների հետ: Բայց, առհասարակ, շատ տխուր է, երբ արտիստին հիշում են տեսահոլովակով, որոշ երգիչներ ստիպված են ամեն ամիս տեսահոլովակ նկարահանել, որ իրենց չմոռանան…
-Եթե ունենայիք Ձեր ոլորտում որեւէ բան փոխելու հնարավորություն, որտեղի՞ց կսկսեիք:
-Ծայրը բռնելը շատ դժվար է: Կուզենայի լիներ հանձնաժողով, որի նախագահը կարողանար ասել «ոչ» բառը: «Ոչ» ասվեր այն արտադրանքին, որը եթեր հեռարձակվելու արժանի չէ:
-«Ֆեյսբուքի» Ձեր էջում ներկայացրել եք բազմաթիվ հեղինակային կտավներ, որոնք, դատելով արձագանքներից, բավական լավ են ստացվել: Հնարավո՞ր է՝ մի օր պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվեք նաեւ նկարչությամբ:
-Էլի շատ հոբբիներ ունեմ, բայց դրանք ինձ «զայրացնում են» (ծիծաղում է), երբեմն դժվարությամբ եմ որոշում կայացնում՝ որով զբաղվեմ: Չեմ բացառում, որ մի օր կարող եմ նկարչությանը տրվել պրոֆեսիոնալ մակարդակով:
-Որպես մտածող եւ ստեղծագործող մարդ՝ ներկայումս երիտասարդության շրջանում ի՞նչ մտահոգիչ միտումներ եք նկատում:
-Երիտասարդության մեջ կա մի սերուցք, որը գլխավոր արժեքները չի կործանում: Բայց երբեմն այնպիսի բաներ եմ տեսնում, որ աչքերիս չեմ հավատում: Օրինակ՝ ես ուղղագրությունից երբեք չեմ փայլել, բայց երբ տեսնում եմ այսօրվա որոշ երիտասարդների անգրագիտությունը, չեմ կարողանում սթափվել, մտածում եմ՝ սրա վերջն ինչ է լինելու… Գուցե հենց այդ անգրագիտության արտացոլումն էլ այսօրվա վատ երաժշտությունն է:
-Ձեր երգերի մեջ, հատկապես՝ սիրային բնույթի գործերում, թախիծ կա. թիկունքում սիրո տխուր պատմություն ունե՞ք:
-Չէ, պարզապես այդպես է ստացվել… Տխուր պատմություններ չկան, կան ուրախ դրվագներ, հուսով եմ՝ շատ ավելի զվարթ պատմություններն առջեւում են: Սուտ կլինի, եթե ասեմ, որ անձնականի համար ժամանակ չի մնում, ինչպես ասում են՝ մարդու մտքին տեղ լինի: Պարզապես հիմա ուզում եմ ամուր կանգնել հողին, որպեսզի կարողանամ մտածել լիարժեք երջանկության մասին:
ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ՝ ԵՐԵԽԱՅԻ ՊԵՍ ԱՆՊԱՇՏՊԱՆ ՖԻԼՄԵՐԸ
«Ինձ համար կյանքի կարեւոր կոմպոնենտ է հիացումը, ոչ թե ապուշավարի, այլ ամեն բանի մեջ ներքին հնարավորությունը, բովանդակությունը տեսնելով»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց օրերս իր 75-ամյա հոբելյանը տոնած ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Մաեստրոն, ով երաժշտություն է գրել շուրջ 16 խաղարկային եւ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար, մեզ հետ զրուցեց ֆիլմին կյանք տալու իր բանաձեւի մասին:
«Երբ ֆիլմի շրջանակներում հավաքվում են տարբեր մարդիկ, նրանք ստանում են բազմազանություն, որը պարտադիր է ստեղծագործության երկար կյանքի համար: Կյանքը կառուցված է հենց տարբերությունների վրա, իսկ կուլտուրան իրագործում է այդ տարբերությունների մեջ ներդաշնակություն ստեղծելու խնդիրը»,- ասում է կոմպոզիտորը:
Նա լավ է հիշում իր առաջին ֆիլմը՝ «Մի կաթիլ մեղրը»: Այն ժամանակ դեռ ուսանող էր, երբ առաջարկեցին հեղինակել ֆիլմի երաժշտությունը. «Ես տարակուսանքի մեջ էի, համոզված չէի՝ ինչ պետք է անեմ, ի վերջո, գրեցի երաժշտությունը: Օհան Դուրյանը չափ տվեց, ու այնպես էր տարվել դրանով, որ ֆիլմը, որը նախատեսված էր նկարահանել 9.5 րոպե, տեւեց 15 րոպե: Փաստորեն, ֆիլմը երկարացրի»,- ծիծաղում է Մաեստրոն:
Նա հիմա առանձին ջերմությամբ է դիտում այն ֆիլմերը, որոնցում հնչում է իր երաժշտությունը. «Որոշ ժամանակ առաջ դիտեցի «Հեղնար աղբյուրը», դրա օդի մեջ այնպիսի հարազատություն, մաքրություն կար: Թվում է՝ լքել ես մի հին տուն ու դրա կարոտն ես քաշում… Հիմա այդ օդը, զուլալությունը, հոգու պայքարը կարծես թե մի կողմ է դրված, բայց ես հոռետես չեմ, կարծում եմ՝ աշխարհում ոչինչ չի անհետանում»:
Մաեստրոյի խոսքով՝ կան ֆիլմեր, որոնք երեխայի պես անպաշտպան են, միամիտ, այդպիսին են «Տղամարդիկ»-ը, «Հնձան»-ը:
«Հնձան»-ում ֆանատիզմը հավատի մեջ է, այստեղ շեշտը դրել եմ այն հանգամանքի վրա, որ եթե մարդը շարունակում է հավատալ ինչ-որ բանի, իր ցանկությունն անպայման կատարվում է. սա է գլխավորը՝ ռեալությունից հեռու բոլորովին ուրիշ չափագրություն, որտեղ գործում են միստիկ կանոնները»,-մեկնաբանում է Մաեստրոն:
Իսկ, առհասարակ, կոմպոզիտորն այն կարծիքին է, որ մենք մեր կյանքն ապրում ենք զգացումներով, զգայական բնազդներով եւ նրա խոսքով՝ հատկապես երաժշտություն գրելիս ինքն իրեն պահում է այդ գերության մեջ:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ԲՐԵԺՆԵՎԱՆ՝ ՈՐՊԵՍ ԴԵՍՊԱՆ
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ուկրաինացի երգչուհի, հաղորդավարուհի եւ դերասանուհի Վերա Բրեժնեւան, ով նաեւ Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի բարի կամքի դեսպանն է, նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ այլ երկրներ այցելելիս պատրաստվում է Հայաստանի օրինակը բերել՝ որպես այս հիվանդության դեմ պայքարող օրինակելի պետություն: Նա ընդգծել է, որ իր այցի շրջանակներում հանդիպել է ՄԻԱՎ խնդրին բախված կանանց. «Նրանք զարմանալի, ուժեղ եւ գեղեցիկ կանայք են: Ցանկությունս մեծ է, որ հանրությունը դադարի նախապաշարմունքներով վերաբերվել այդ կանանց, ովքեր չպետք է վախենան օգնություն հայցելուց: ՄԻԱՎ-ը չպետք է խոչընդոտի նրանց լիարժեք եւ երջանիկ կյանքին Հայաստանում»,-ասել է Բրեժնեւան:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻՆԵՐԸ ՎԻՃԵ՞Լ ԵՆ
«MarDashyan Show» նորաստեղծ ծրագիրն այլեւս չի ցուցադրվում «21TV»-ով: Նախագծի կարճ կյանքը հեռուստադիտողները պայմանավորել են հաղորդավարուհիներ ԱՆի Դաշյանի եւ Մարինա Գրեգի միջեւ հավանական վիճաբանությամբ: Սակայն նախկին գործընկերուհիները BRAVO.am-ի հետ զրույցում հերքել են այդ լուրերը:
«Չենք վիճել, եւ չնայած, որ այլեւս միասին չենք աշխատում, շարունակում ենք մնալ լավ ընկերներ, կիսել մեր ուրախությունն ու տխրությունը, ամեն օր «բամբասել» ու լավ ժամանակ անցկացնել»,-ասել է Անի Դաշյանը:
«21TV»-ի եթերում ինձ այլեւս չեք տեսնի, սակայն կհանդիպենք այլ հեռուստաընկերության եթերում»,- իր հերթին մեկնաբանել է Մարինա Գրեգը:
ԼՈՒԱՐԱՆ՝ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖԻԼՄՈՒՄ
Երգչուհի Լուարա Հայրապետյանին հանդիսատեսը կհիշի «Մանկական Եվրատեսիլ 2009»-ից, որում արտիստիկ այս աղջիկն իր «Բարսելոնա» երգով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
Լուարան արդեն 17 տարեկան է, մոտ 3 տարի է՝ բնակվում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում: «Այս տարիների ընթացքում հասցրել եմ ձայնագրել բազմաթիվ երգեր, որոնց մի մասի հեղինակը ես եմ, նկարահանել եմ մի քանի տեսահոլովակ, նաեւ հանդես եմ եկել ֆիլմում, որը հաջորդ տարի կլինի ամերիկյան կինոդահլիճների էկրաններին»,- ESem.am -ի հետ զրույցում նշել է Լուարան: «Gibby» կոչվող ամերիկյան ֆիլմում նա մարմնավորել է երգչուհու, կինոնկարում օգտագործվել է Լուարայի «Until we see the sun» երգը: