ՉԵՆ ՍՏՈՐԱԳՐԻ, ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ, ԴԵՌ ՉԳԻՏԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն համացանցում գրել է, որ ավարտել է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ նախագիծը: ««ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» ԱԺ որոշման նախագծի տեքստը գործնականում պատրաստ է: Սրբագրման եւ խմբագրման աշխատանքներից հետո՝ ուրբաթ օրը, այն կներկայացնեմ հանրությանը»,- հայտարարել է Փաշինյանը:

Այն, որ Նիկոլ Փաշինյանն իր խոստումը կկատարեր եւ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության նախագիծը կներկայացներ, ի սկզբանե պարզ էր: Սակայն, երբ այս գործընթացը սկսվեց, հարցերի հարցն այն էր, թե ինչպես իրենց կդրսեւորեն ոչ իշխանական ուժերը, որոնք վերջին երկու ամիսներին փորձում են հանրությանը համոզել, որ իրենք ցանկանում են Հայաստանում իշխանափոխություն իրականացնել` առանց կոնկրետացնելու, թե ինչպես են այդ խնդիրը լուծելու: Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, ըստ էության, տարբերակ է, թե ինչպես կարելի է իշխանափոխության խնդիրը լուծել:
Բայց այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր նախաձեռնության մասին, ոչ իշխանականները փորձում են ինչ-որ հիմնավորումներ գտնել, որպեսզի կարողանան չմիանալ նախաձեռնությանը: Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու դեմ ոչ իշխանականների կարծիքները հիմնականում երկու խմբի են բաժանվում:
Պաշտոնանկության «դեմերի» առաջին խմբի փաստարկն այն է, որ իմաստ չունի այդ գործընթացով զբաղվել, որովհետեւ հաջողության համար որոշման օգտին պետք է քվեարկեն ԱԺ պատգամավորների երկու-երրորդը, այսինքն՝ ՀՀԿ-ականների մոտ կեսը պետք է նույնպես կողմ արտահայտվի Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը: Իսկ քանի որ իշխանությունները նման բան թույլ չեն տա, ուստի ինչ իմաստ ունի այդ գործընթացը սկսել: Ի դեպ, այս տեսակետը հիմնականում հնչեցնում են ՀԱԿ-ի կողմնակիցները:
Այսինքն՝ այս մարդիկ իշխանափոխությունը պատկերացնում են, որ իշխանությունը պետք է իրենց սկուտեղի վրա հանձնվի: Բայց այդ դեպքում էլ ուր մնաց մասսաների աջակցությունը: Մի քանի օր առաջ ասում էին, որ ժողովրդի 95 տոկոսն իրենց հետ է: Եթե իրենց համար իշխանության հակազդեցությունը որոշիչ է, այդ դեպքում ինչպես են ընդհանրապես հայտարարում իշխանափոխություն իրականացնելու մասին: Ինչպես կարող է ձեր իշխանափոխությունը նույն իշխանությունների կողմից ողջունվել եւ աջակցություն գտնել: Իսկ կարող է՝ ձեր իշխանափոխության տարբերակը հենց նույն իշխանությունների կողմից էլ կազմվել է: Մի խոսքով, եթե որեւէ մեկը իր գործողությունները պայմանավորում է իշխանությունների կամքով, ապա լավ կլինի լոլոներով չզբաղվի ու ուղղակի հայտարարի, որ նախագահականից իրեն արգելել են Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացին մոտենալ եւ, ընդհանրապես, Սերժ Սարգսյանի անունը տալ:
Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացին դեմ մյուս խումբը տրտնջում է, թե բա գիտեք՝ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն՝ նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար, եւ իրենց հայտնի չէ Սերժ Սարգսյանի կողմից նման հանցանք գործելու փաստ: Նախ, եթե գտնում են, որ Սերժ Սարգսյանը ոչ մի հանցանք չի գործել, ապա ինչպես են ընդհանրապես իշխանափոխության մասին խոսում: Եթե համարում են, որ Սերժ Սարգսյանն օրինական է պաշտոնավարում, ապա ինչպես են նրան մեղադրում, որ պետությունը քայքայում է, է՛լ ինչ ավազակապետություն, է՛լ ինչ մոնղոլ-թաթար:
Իրականում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմքերն առավել քան շատ են: Քանի դեպք կարելի է հիշել, թե ինչպես է Սերժ Սարգսյանը հրապարակային միջամտել այս կամ այն քրեական գործի քննությանը` կոնկրետ ցուցում տալով, թե ում պետք է դատեն: Ամեն մի նման դեպքը, իսկ դրանք բազմաթիվ են, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մի փաստ է: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածով նախատեսված են նախագահի լիազորությունները, այդտեղ մեկ բառ անգամ չկա այն մասին, որ նախագահը կարող է ուղղորդել քրեական գործերի քննությունը: Նախագահի լիազորությունների մեջ չի մտնում նաեւ որոշել, թե այս կամ այն ապրանքը քանի հոգի պետք է ներկրեն: Ցանկացած իրավական երկրում, եթե որեւէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, Սերժ Սարգսյանի արածների գեթ մեկ տոկոսն իրեն թույլ տար, ապա նա վաղուց բանտում կլիներ:
Մի խոսքով՝ ոչ իշխանականները ստիպված են լինելու կողմնորոշվել` կոնկրետ քայլեր կատարել դեպի իշխանափոխություն կամ էլ պիտի հայտարարեն, որ իշխանափոխություն ասելով՝ իրենք նկատի չունեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը: Սա լավ առիթ է, որպեսզի հանրությունը կոնկրետ գործով եւ փաստով գնահատի, թե ով ինչ խնդիր է լուծում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

2-ՐԴ ՌԱՈՒՆԴԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ
ՀՀ Կառավարության այսօր կայանալիք նիստում ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երկու նախագիծ է ներկայացրել քննարկման: Նշենք, որ նախագծերն իրենց բովանդակությամբ ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում: Սակայն զուտ Արման Սահակյանի կողմից դրանց ներկայացնելու հանգամանքը կարող է դառնալ գործադիրի այսօրվա նիստի ամենասպասված, իսկ միգուցե նաեւ՝ ամենադիտարժան պահը: Ինչպես հայտնի է՝ Կառավարության նախորդ նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բավական կոպիտ նկատողություն էր արել Արման Սահակյանին եւ օրակարգից հանել նրա ներկայացրած նախագիծը: Իսկ նիստից հետո էլ Արման Սահակյանը լրագրողների հետ զրույցում սկանդալային հայտարարություններ էր արել: Նա հերքել էր վարչապետի կողմից իր վրա ձայն բարձրացնելու փաստը եւ ասել, որ եթե նման բան տեղի ունենար, ապա Հովիկ Աբրահամյանը համարժեք պատասխան կստանար: Ուստի այսօր հետաքրքիր կլինի, թե ինչպես իրենց կպահեն Հովիկ Աբրահամյանը եւ Արման Սահակյանը: Իհարկե, բացառված չէ, որ Սահակյանը չմասնակցի նիստին եւ ուղարկի տեղակալներից մեկին: Սա, իհարկե, կարող է ընկալվել որպես վախի դրսեւորում:

 

ԳԱՌՆԻԻ  ԳՅՈՒՂԱՊԵՏԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ դատախազությունը 3 դրվագներով քրեական գործ է հարուցել Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանի նկատմամբ: Մեղադրյալ Աշոտ Վարդանյանը կասկածվում է ապօրինի հողատարածքներ հատկացնելու, ապօրինի շինարարություն իրականացնելու թույլտվության համար, որը զուգորդվել է կաշառք ստանալով: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Աշոտ Վարդանյանը Գառնի գյուղի բենզալցակայանում բաժնեմաս ունի եւ ըստ բնակիչների՝ այս տարիների ընթացքում բենզալցակայանը հարկեր չի վճարել:

 

ՏՈՒԳԱՆՎԵԼ Է «ԷՅՐ ԱՐՄԵՆԻԱ»-Ն
Բավական չէ, որ Հայաստանյան ավիափոխադրող «Էյր Արմենիա» ընկերությունը ֆինանսական խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցրել էր իր չվերթները, հիմա էլ տուգանվել է ֆինանսների նախարարության կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նոյեմբերի 11-ին «Էյր Արմենիա» ընկերության մաքսային ձեւակերպումների մասնագետ Տաթեւիկ Հարությունյանը «Ֆաբերլիկ Զակավկազեյ» ՍՊ-ի անունով հայտարարագրել է բեռ, սակայն փաստաթղթի մեջ սխալ տվյալներ է ներկայացրել: Արարքի հետեւանքով Տաթեւիկ Հարությունյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 50.000 դրամի չափով:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ
Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային ճաշ է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Սարգսյանը դեսպանների հետ խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերին, ինչպես նաեւ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանն ու տարածաշրջանի խնդիրներին: Անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներն եւ հայկական ուղղաթիռի խոցման միջադեպին:

 

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
ԵՄ-ն պատրաստ է ԵՏՄ-ի հետ առեւտրային հարցեր քննարկել: Այս մասին երեկ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նման առաջարկությամբ հանդես էր եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ասելով, որ նման համատեղ աշխատանքի դեպքում խոսք կարող է գնալ Ատլանտյանից մինչեւ Խաղաղ օվկիանոս ձգվող միասնական տնտեսական տիրույթի, հումանիտար համագործակցության ձեւավորման անհրաժեշտության մասին:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ  ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Շվեյցարական կողմի նախաձեռնությամբ նախօրեին հեռախոսազրույց է կայացել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Շվեյցարիայի նախագահ, ԱԳ դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի միջեւ։ Քննարկվել են դեկտեմբերի 4-5-ը Բազելում կայանալիք ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստի օրակարգին առնչվող մի շարք հարցեր։

 

ՉԵՆ ՄԱՆՐԱՆՈՒՄ
«Ընդդիմադիրներն առանձին հարցերի համար չեն պայքարում: Պայքարում են իշխանափոխության համար»,-անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթաց սկսելու նախաձեռնությանը՝ Armlur.am-ին ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: «Իշխանությունը հենց դա է ուզում, որ ընդդիմությունը սկսի մանրանալ հարցերի շուրջ: Եթե սկսենք ամեն մի հարցի մասին խոսել, ապա ընդդիմության նախագիծը, որը վերաբերում է արդար ընտրություններին, արդար կյանքին, իմաստ չի ունենա»,-պարզաբանել է Կարապետիչը:

 

ՀԱՎԱՆԵՑԻՆ
ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը երեկ հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրին: Կողմ են քվեարկել 5 պատգամավոր՝ նիստը վարող հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Գարեգին Նուշիկյանը եւ Արման Սահակյանը, ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանը եւ որեւէ խմբակցության մեջ չընդգրկված, ՕԵԿ-ի նախկին անդամ Կարեն Բոթոյանը: Դեմ են քվեարկել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Պայմանագիրը վավերացման կներկայացվի խորհրդարանի մոտակա լիագումար նիստի ընթացքում՝ դեկտեմբերի 1-4-ին:

 




Լրահոս