ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՏԵՂԱԿԱԼԸ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Արա Կիրակոսյանի գործը դատարանում է: Պարզվում է՝ բանկի վարչության նախկին նախագահից բացի՝ ամբաստանյալի աթոռին է հայտնվել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության տարածքային զարգացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրենը:

Որտեղից սկսվեց ամեն ինչ

2013թ. հոկտեմբերի 1-ին «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Արա Կիրակոսյանը լքել էր պաշտոնը, եւ բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Կիրակոսյանի տեղակալ Արսեն Միքայելյանը: Իսկ թե ինչն էր եղել Կիրակոսյանի հրաժարականի կոնկրետ պատճառը, բանկը զերծ էր մնացել մեկնաբանություններից: Կիրակոսյանի հրաժարականից երկու ամիս անց՝ 2013թ. դեկտեմբերի 11-ին, «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանի եղբայր Հակոբ Հովսեփյանը բանակցություններ էր վարում «Հայբիզնեսբանկ»-ի հետ՝ այն ձեռք բերելու նպատակահարմարության շուրջ: Հակոբ Հովսեփյանի կողմից բանկ գործուղված աուդիտորներն ամիսների իրենց աշխատանքի ընթացքում պարզել էին, որ «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը 100-ավոր միլիոնի հասնող ֆինանսական կորուստներ է տվել: Այս ամենը պարզելուց հետո Հակոբ Հովսեփյանը կարծես թե հրաժարվել է «Հայբիզնեսբանկ»-ը գնելու մտքից: Փոխարենը բանկով սկսել էին զբաղվել սեփականատերերը՝ այնտեղ առկա իրավիճակի մասին տեղյակ պահելով իրավապահներին: Այս գործով զբաղվում էր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Ավելին՝ բանկից «Ժողովուրդ»-ին ստեղծված իրավիճակի հետ կապված ասել էին, թե.«Արա Կիրակոսյանը մեզ մոտ երկու ամիս է, ինչ չի աշխատում, մենք որեւէ բան չգիտենք նրա մասին»:

Խաբեություն է կատարել

10 ամիս տեւած քննությունից հետո «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Արա Կիրակոսյանի գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ նախաքննության տվյալների՝ Արա Կիրակոսյանը, լինելով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախագահ, կազմակերպության շահերին հակառակ՝ բանկի վարչության նախագահի տեղակալ, տարածքային զարգացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանի, Իրանի Իսլամական Հանրապետության եւ ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ. Նազիֆի, ԻԻՀ եւ ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Զեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ եւ ՀՀ քաղաքացի Վահիկ Սերուժի Մանուկյանի, Շվեյցարիայի Համադաշնության ժնեւ քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Աբրահամի Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Վաչիկի Դաբրիելյանի եւ ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊ հիմնադիր տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Ամիրբեկի Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչեւ 2013 թվականի մարտ ամիսը, օգտագործելով պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր, խարդախությամբ, խաբեությամբ կատարել են հափշտակություն:
Պարզվում է, որ Արա Կիրակոսյանը նշված անձանց հետ օրինականացրել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությանը փոխանցված 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումարը:
Ու մինչ դատարանում քննվում է բանկի նախկին նախագահի եւ նրա տեղակալի ճակատագիրը, այս օրերին «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» եւ «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերություններն իրենց հասանելիք գումարներն են պահանջել բանկից: Սակայն փողերը ստանալու հայցապահանջ դեռեւս չեն ներկայացրել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության դեմ, քանի որ բանկը հատուցման պարտավորություն Է ստանձնել:
Ի դեպ, սա գումարի հափշտակության միակ դեպքը չէ, որ տեղի է ունեցել բանկում: 2013թ. օգոստոսի 30-ին հայտնի էր դարձել, որ «Հայբիզնեսբանկ»-ի Շենգավիթի մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Պետրոսյանը մեծ գումար էր վերցրել բանկից եւ անհետացել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ
Երեկվա դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի էին, փակ էր Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, դժվարանցանելի` Վարդենյաց լեռնանցքը: ԱԻն հաղորդմամբ` Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին եւ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի Մարգահովիտ գյուղի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

ԼԱՎԱՇԸ  ՆԵՐԱՌՎԵՑ
Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստում որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը: 2013թ. ներկայացված հայտն անցել է կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերը` ստանալով փորձագիտական դրական եզրակացություն։ Սա հայկական չորրորդ մշակութային արժեքն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

 

ՆԱԽԱՐԱՐԸ  ԿԱՅՑԵԼԻ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր պատրաստվում է այցելել «Նաիրիտ» գործարան. «Հստակ չեմ կարող ասել՝ ինչի համար, բայց երեւի աշխատավարձերի վճարման եւ գործարանի վերագործարկման հարցը քննարկելու համար»,-NEWS.am-ին ասել է «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը։

 

ԳՈՂԱՑԵԼ ԵՆ  ՀՈԼՈՔՈՍՏԻ  ԶՈՀԵՐԻ  ԿՈՇԻԿՆԵՐԸ
Լեհաստանի նախկին համակենտրոնացման ճամբարից գողացել են Հոլոքոստի զոհերին պատկանող 8 կոշիկ: Ոստիկանության վկայությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այս տարվա նոյեմբերի 18-20-ը Լյուբլինից ոչ հեռու գտնվող Մայդանեկ համալիրում: Դա թանգարանից առաջին գողությունը չէ: Ավելի վաղ Մայդանեկից հափշտակել էին զոհերի մոխիրը եւ կալանավորներից մեկի գլխարկը: Մայդանեկ մահվան ճամբարում երկրորդ աշխարհամարտի տարիներին զոհվել է 78 հազար կալանավոր, որոնցից 60 հազարը՝ հրեաներ: Ինչպես պատմել է թանգարանի ներկայացուցիչը, գողերը կտրել են այն պահոցի ցանցը, որտեղ պահվում էր համակենտրոնացման ճամբարի նախկին կալանավորներին պատկանող 56 հազար կոշիկ: Նրա խոսքով՝ ցուցադրությունը կոչված էր պատկերացում ստեղծելու նացիստների հանցագործությունների մասշտաբների մասին: Թանգարանի ղեկավարությունը հայտարարել է, որ գողացված ցուցանմուշները պատմական մեծ արժեք են ներկայացնում:

 
ՏԵՂԱՓՈԽԵԼՈ՞Ւ ԵՆ
Ռուսաստանում վթարի հետեւանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած եւ 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններն այս պահի դրությամբ արդեն կան: Այս մասին Armlur.am-ին հայտնել է ՄԻՊ խորհրդական Երանուհի Թումանյանցը, ում փոխանցմամբ՝ վերաքննիչ դատարանի դատական ակտն արդեն կա, ուստի Հրաչյա Հարությունյանն ու նրա հարազատները կարող են ՄԻՊ աջակցությամբ դիմումներ ներկայացնել ՌԴ եւ ՀՀ արդարադատության նախարարություններին: ՄԻՊ խորհրդականի խոսքով՝ Հրաչյա Հարությունյանն անձամբ պետք է իր կամարտահայտչությունը հայտնի՝ պատիժը Հայաստանում կրելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է այս գործով ՄԻՊ գործառույթներին, ապա Armlur.am-ի զրուցակիցը հայտնել, որ դրանք կդրսեւորվեն այն դեպքում, եթե փաստաթղթերի եւ ընդհանուր գործառույթների իրավական խախտումներ իրականացվեն կամ առաջանան ինչ-ինչ խնդիրներ:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 2013 թվականի հուլիսի 13-ին իր վարած բեռնատար ավտոմեքենայով հարվածել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ զոհվել էր, շուրջ 40-ը՝ վիրավորվել:

 

ԾԽԱԽՈՏԸ  ԹԱՆԿԱՑԵԼ Է
Երեկվանից երեւանյան խանութներում ծխախոտի մանրածախ գինը միջինը 20 դրամով բարձրացել է: Գնաճն առայժմ սուպերմարկետներում է արձանագրվել, եւ հարկ է կարծել, որ փոքր խանութները դեռեւս մատակարարման հին արժեքով ստացված ապրանքն են իրացնում: Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում վաճառողները նշել են, որ իրենք մատակարարներից թանկ գնով են նոր խմբաքանակները ստացել: Ներկրողներն առայժմ լռում են, իսկ խանութներում թանկացումը պայմանավորել են դոլարի փոխարժեքի բարձրացմամբ:

 

ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՈՎ
Նախախորհրդարանը երեկ հայտարարություն էր տարածել, որում ասված է. «Ս.թ. նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշեր՝ ժամը 3-ի սահմաններում, չարագործները փորձել են հրկիզել հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Շահեն Պողոսյանի անձնական օգտագործման ավտոմեքենան: Ավտոմեքենան մասամբ է այրվել, քանի որ դեպքի վայր ժամանած հրշեջ խումբը հասցրել է մարել կրակը: Մեքենայի վրայից պոկել են նաեւ «100-ամյակն առանց ռեժիմի» գրությամբ ինքնասոսնձվող պիտակը: Շահեն Պողոսյանի ավտոմեքենան կայանված է եղել Նալբանդյան փողոցի վրա՝ ԱԱԾ-ի շենքի դիմաց: Ուժեղացված մշտական հսկողության եւ տեսադիտարկման տակ գտնվող տարածքում նման արարքի կատարումը, որը զուգորդված է ավտոմեքենայի սեփականատիրոջ քաղաքական գործունեությունը խորհրդանշող գրությամբ պիտակը պոկելով, հուշում է, որ, ամենայն հավանականությամբ, այդ արարքի շարժառիթն անձնական չէ:
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումն ընդունում է նաեւ այսօրինակ մարտահրավերները եւ հավաստիացնում, որ անկախ ամեն ինչից, Շարժումը 2015թ. ապրիլի 24-ին ոտքի է հանելու ժողովրդին եւ հեռացնելու է ռեժիմին:

 




Լրահոս