ՄՆԱՑԵԼ ԵՆ ՁՄՌԱՆ ՑՐՏԻ ԴԵՄ ԱՆՊԱՇՏՊԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու տարբեր ընտանիքներ, երկու բախտակից միայնակ մայրեր մեզ դիմեցին նույն խնդրանքով՝ մոտենում է ցուրտ ձմեռը, սակայն նրանք չունեն իրենց կացարանները ջեռուցելու հնարավորություն:

Առաջինը 57-ամյա Լարիսա Սիմոնյանն է, որն իր երկու անչափահաս երեխաների հետ բնակվում է Նորքում: Այցելելով Լարիսայի կացարան` ականատես եղանք, թե ինչպես են գոյատեւում իրար միացված փայտերից եւ երկաթե դռներից կազմված տնակի բնակիչները:
Այս ընտանիքը միայն նպաստով է ապրում: Լարիսայի ամուսինը երկար տարիներ կալանավայրում է: Տիկին Լարիսան նեղսրտեց՝ ասելով, որ նախկինում աշխատում էր, սակայն հիմա ոտքերի հիվանդության պատճառով անաշխատունակ է դարձել:
Այցելեցինք մեզ դիմած երկրորդ ընտանիքին, որտեղ պատկերը գրեթե նույնն էր: Վարդենիկ թաղամասում գտնվող նկուղային հարկի բնակչուհի Քրիստինե Հովսեփյանին եւ երկու դպրոցահասակ երեխաներին երկար տարիներ է` ամուսինը լքել է՝ մեկնելով ՌԴ: Տան պատուհանները խարխլված են, հատակը՝ բետոնից, իսկ սենյակները դռներ չունեն: Միայնակ մայրը երեխաներին տանում է դպրոց, որից հետո գնում է աշխատելու որպես հավաքարար:
Ինչպես Քրիստինեն ասաց՝ վառելիք գնելու մասին նույնիսկ չի էլ մտածում, քանի որ 1 խորանարդ մետր վառելափայտն արժի 25.000 դրամ, իսկ 45.000 դրամ աշխատավարձով եւ նպաստով հազիվ օրվա հացի խնդիրն է լուծում:
Երկու միայնակ եւ բախտակից մայրերի խնդրանքն էլ նույնն է՝ նրանք դիմում են բարի մարդկանց` վառելափայտ ձեռք բերելու խնդրանքով, որպեսզի հերթական ձմեռն էլ անցկացնեն, մինչեւ…

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ

Թվում էր՝ 90-ականների մութ ու ցուրտ տարիների մասին հիշեցնող փայտե վառարաններն այլեւս պատմության գիրկն են անցել: Սակայն մինչ օրս էլ մարզկենտրոն Կապանում բազմաթիվ բնակարանների լուսամուտներից դուրս եկող խողովակներից շարունակում է ծուխ բարձրանալ:
Բնակիչներից ոմանք նախընտրում են ցրտաշունչ ձմեռը դիմավորել նախապես գնված վառելափայտով, քանի որ գազի եւ էլեներգիայի սակագները տարեցտարի աճում են: Բացի այդ՝ փայտե վառարանի տաքությունը ոմանց համար անփոխարինելի է: «Կասկածելի որակի գազի վառարանն ու էլեկտրական տաքացուցիչները ի զորու չեն լիարժեք տաքացնելու սենյակները»,-իրար մեջ խոսում են կապանցիները: Քսանից-երեսուն հազար դրամ թոշակով գոյատեւող տարեցների համար էլեկտրաէներգիան ու գազը թանկ հաճույք են համարվում:
Ի դեպ, այս տարի թանկացել է նաեւ վառելափայտը՝ 1 խմ-ը նախկին 7.560 դրամից դարձել է 9.720 դրամ: «Դա կանգուն ծառն անտառում, այսինքն՝ ծառի վրա կարող է երկու, կարող է չորս մետր փայտ լինել: Դրան գումարվում է արդեն վառելիք, կտրող, բարձող»,-ասում է «Հայանտառ» ՊՈԱԿ Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Գարիկ Միրզոյանը:
Կառավարության որոշմամբ՝ անտառամերձ համայքների բնակիչներին պետության կողմից անվճար թափուկ է հատկացվել:«Մեր աշխատողների կողմից թվով 150 տոմս գրվել է, մոտ 1.200 խմ ապահովվել է ազգաբնակչությանը` յուրաքանչյուր ընտանիքին ութ խորանարդ մետր անվճար թափուկ»,-ներկայացնում է Գ. Միրզոյանը:
Նկատենք, որ նման գնաճի դեպքում փաստի առաջ են կանգնում նաեւ վառելափայտի գնորդները: Իսկ սոցիալապես անապահով խավերին մնում է հաշվարկել ու ընտրել` որ տարբերակն է առավել մատչելի՝ փայտը, գազը, թե էլետրաէներգիան: Կամ էլ տնտեսել առողջության հաշվին:

ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան

 

 

ԼԾԱԿ ԿՈՒՆԵՆԱ
«Շուկայական լողացող կուրսը եւ էժան ազգային դրամն արտահանողների համար նպաստավոր են: Արտահանման դեպքում ստանում ես տարադրամ, փոխանակում ես եւ քո աշխատավարձերը, հարկերն ու այլ ծախսերը կատարում ես դրամով: Ինչքան դրամն արժեզրկված լինի, այնքան դու տնտեսական իմաստով մեծ լծակ կունենաս. ինչպես ԱՄՆ-ն արեց վերջին 6-7 տարիներին եվրո-դոլար հարաբերության դեպքում»,-լրագրողների հետ զրույցում ասաց արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին դրամի կտրուկ արժեզրկմանը:
Բայց մյուս կողմից էլ Ա. Ղազարյանի կարծիքով՝ եթե դրամն արժեզրկվում է, ապա մեզ մոտ պետք է գնա աշխատավարձերի ինդեքսիկացիա: «Թե՛ մասնավոր համակարգը, թե՛ պետական համակարգն անպայման պետք է աշխատավարձերը բարձրացնեն: Պետությունը դա արեց տարվա կեսին, մասնավոր համակարգում ես դեռ չեմ տեսնում, որ ինդեքսավորում իրականացվի: Եթե դրամի արժեզրկումը մնա այս մակարդակի վրա եւ նույնիսկ որոշակի աճ ունենա, ես իմ ձեռնարկությունում պետք է իրականացնեմ աշխատավարձերի բարձրացում՝ որպես կորստի փոխհատուցում, որ մարդկանց գնողունակությունը չընկնի»,-ավելացրեց Ա. Ղազարյանը:

 




Լրահոս