ՎԱՐՉԱՊԵՏ-ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԼԱՐՈՒՄԸ ՆՈՐ ԸՆԹԱՑՔ ՍՏԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ ՀՀ Կառավարության հերթական նիստը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստի օրակարգը հաստատելուց առաջ հանդես եկավ հայտարարությամբ եւ դիմեց ներկաներին. «Մեր Կառավարության մշտական շեշտադրումներից է տնտեսվարողների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելը: Կարեւոր է ամեն կերպ խթանել տեղական հայրենական արտադրողին թե՛ մակրոտնտեսական առումով մրցունակ միջավայր ապահովելու, թե՛ տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտություններն էապես նվազեցնելու տեսակետից»,-նշեց նա:

Վարչապետն ընդգծեց, որ պետությունը պետք է արդյունավետ միջամտի եւ ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության եւ ավելորդ հոգսերի մեջ պահի տնտեսվարողին: «Որպես այդպիսի մի քայլ հանձնարարում եմ յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով, մեկից ավել անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում, խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում, վարչապետի թույլտվությամբ», – վստահեցրեց նա:
Կառավարության նիստում հավանության արժացավ 2015թ. պետբյուջեի նախագծի փոփոխված տարբերակը: Վարչապետը հանձնարարեց համապատասխան առաջարկություններ ներկայացնել եւ ապահովել նախագծի ու ամփոփաթերթի սահմանված կարգով ներկայացումը ՀՀ Ազգային ժողով, որտեղ էլ այն կքննարկվի դեկտեմբերի 2-ին:
Նիստում նախագծերի փաթեթ ներկայացրեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ըստ որի՝ պետք է անվավեր ճանաչվեր տասնյակ հազարավոր այն քաղաքացիների վարչական տուգանքները, ովքեր պատշաճ չէին ծանուցվել այդ մասին: Այս առաջարկության վերաբերյալ իր տեսակետը հայտնեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը՝ նշելով. «Կանոնակարգով սահմանված օրինագծի հետ պետք է ներկայացվի նաեւ նախագծի ազդեցության գնահատականը եւ ամփոփաթերթը»: Ի պատասխան՝ Հովհաննես Մանուկյանը նշեց, որ եթե բացեր կան, իրենք կլրացնեն:
Կառավարության նիստի ժամանակ հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց, երբ իր հարցն էր ներկայացնում Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նա ներկայացրեց որոշման նախագիծ Հայաստանում գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները հաստատելու մասին: Այդ որոշման համապատասխան՝ գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է մեկ աշխատողի հաշվով 6 – 8 քառ. մետր մակերեսով տարածք, 1 սենյակ` տնօրենի համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը զարմացավ . «50 քառակուսի մետրը մի քիչ շատ չի՞ տնօրենի համար: Ինչի՞ համար է այդքան մեծ սենյակը»: Արման Սահակյանը նշեց, որ ներկայումս Իսահակյան 28 շենքում տեղակայված են գրահրատարակիչներ, ըստ չափորոշիչների` բավական մեծ տարածություն են կորցնում նրանք, եւ այդ հարցը բարձրացրել են, քանի որ չեն կարողանում ունենալ պահեստային սենյակ եւ տնօրենի սենյակ: «Հա, բայց 50 քմ-ն տնօրենի համար շատ մեծ է: Հիսուն քառակուսի, կարծում եմ, շատ մեծ է, 30-ից 40 է գրած, բայց 50 քմ-ն տնօրենն ի՞նչ պետք է անի, երեսունը բավական է, մնացածում աշխատողներին թող տեղ տան»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ուսումնասիրել են խնդիրը, եւ իրականում դա տնօրենի սենյակ չէ, այն աշխատողների համար է: «Նրանք պայմանագրային մեծ թվով աշխատողներ են ներկայացնում, մեծ սենյակ է, որտեղ նստած են պայմանագրով աշխատող ձեւավորողներ, խմբագիրներ»,- մանրամասնեց նա: «Հա, ավելի լավ ա` գրեք` աշխատակիցների սենյակ, միանգամից հասկանանք»,- ասաց վարչապետը:
Չնայած, որ ներկայացված նախագիծն իր բովանդակությամբ այնքան էլ հետաքրքիր կամ կարեւոր չէր, սակայն շատերն էին վստահ, որ Կառավարության նիստի ամենադիտարժան պահը լինելու է Հովիկ Աբրահամյան-Արման Սահակյան երկխոսությունը:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդու միջեւ նման իրավիճակ է ստեղծվում: Ինչպես հայտնի է` Կառավարության նախորդ նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բավական կոպիտ նկատողություն էր արել Արման Սահակյանին եւ օրակարգից հանել նրա ներկայացրած նախագիծը: Իսկ նիստից հետո Ա. Սահակյանը լրագրողների հետ զրույցում աղմկալի հայտարարություն էր արել: Նա հերքել էր, թե վարչապետն իր վրա ձայն է բարձրացրել կամ կոպիտ խոսել, եւ հայտարարել էր, որ եթե նման բան տեղի ունենար, ապա Հովիկ Աբրահամյանը համարժեք պատասխան կստանար: Այս առումով էլ հետաքրքիր էր, թե իրենց ինչպես կպահեին վարչապետն ու Արման Սահակյանը: Երեկվա նիստում ամեն ինչ ավելի բարի ավարտվեց. թերեւս պատճառն օգնության հասած Դավիթ Հարությունյանն էր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՀԱՏԻԿ-ՀԱՏԻԿ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում 2015 թվականի բյուջեի քննարկումներից հետո առանձին հանդիպել է մի շարք պատգամավորների եւ հորդորել թուղթ ու գրիչ «վերցնել» ու «գրել», թե ինչ են ցանկանում, որ ներառվի 2015 թվականի պետական բյուջեի նախագծում: Վարչապետը նշել է, որ ինքն անպայման այնպես կանի, որ այդ առաջարկներն իրագործվեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը բյուջեի նախագծի վերաբերյալ Կառավարությունից պարզաբանումներ է պահանջել, որոնք տրվել են, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը թվով 10 առաջարկություն է ներկայացրել, որոնցից 1-ն ընդունվել է, իսկ 9-ի մասով պարզաբանումներ են տրվել, ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանի ներկայացրած 3 առաջարկներից միայն 1-ն է ընդունվել:

 

ԵՐԿՈՒ ՆԻՍՏՈՒՄ
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը: Նախատեսված է, որ ԵՏՄ պայմանագիրը կքննակվի նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում: Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում պայմանագիրը դրական եզրակացություն է ստացել, մնացել են նշված երկու հանձնաժողովները: Թեեւ իշխող ՀՀԿ-ն ցանկանում է, որ այն արագ քննարկվի, որպեսզի ներառվի ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում, այնուամենայնիվ, ՀՀԿ-ականները հավանական են համարում արտահերթ կարգով հարցի քննարկումը, քանի որ երկուշաբթի մեկնարկող քառօրյայում արդեն ներառված է 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումը, որը երկար ժամանակ կտանի ազգընտիրներից: Նշենք, որ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում փակ նիստ է անցկացվել ԵՏՄ-ի պայմանագրի հետ կապված, որը շատ բուռն է անցել: Մեր տեղեկություններով՝ ՀՀ Կառավարության ներկայացուցիչները փորձել են իրենց կուսակից պատգամավորներին բացատրել, թե իրենից ինչ է ներկայացնում ԵՏՄ պայմանագիրը, ու իրենք ինչ պետք է խոսեն իրենց ապագա ելույթներում այդ պայմանագրի վերաբերյալ:

 

ՄԻ ԱՐԿՂ ԿՈՆՅԱԿՈՎ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Կառավարության աշխատակազմը նոյեմբերի 20-ին որպես հուշանվեր ձեռք է բերել 17 հատ «Արարատ» գիրք, յուրաքանչյուրի արժեքը կազմում է 45 հազար դրամ: Գրքերի համար պետբյուջեից վճարվել է ընդհանուր 765 հազար դրամ: Գրքերից բացի՝ Կառավարության աշխատակազմը մեկ այլ գործարքով էլ գնել է նաեւ 18 հատ «Նաիրի», 3 հատ «Էրեբունի» կոնյակ եւ 3 հատ էլ կաշվե տուփ: Այս կոնյակների եւ կաշվե տուփերի համար պետբյուջեից վճարվել է 831 հազար 750 դրամ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերը նշված հուշանվերները հետը տարել է Թուրքմենիա: Հիշեցնենք, որ Թուրքմենիա այցը կայացել է նոյեմբերի 20-ից 21-ը:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՑՐՏՈՒՄ Է
Նոյեմբերի 28-ին գիշերը, դեկտեմբերի 1-2-ին շրջանների մեծ մասում, 28-ի ցերեկը եւ 29-30-ին առավելապես արեւելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: Քամին` հարավ-արեւելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երեւանում նոյեմբերի 28-ին գիշերը, դեկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 28-ի ցերեկը եւ 29-30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:

 

ՍԻՐՏԸ ՉԻ ԴԻՄԱՆՈՒՄ
Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին երեկ տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն` սրտի հետ կապված գանգատների պատճառով: Խաչատրյանը ենթարկվել է կորոնագրաֆիայի, կատարվել է անոթների լայնացում:

 

ԱՐԴԵՆ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ
«Բարգավաճ Հայաստանը» չի բացառում, որ եռյակն իշխանությունների հետ շփումներ կսկսի, սակայն կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պնդում է՝ անգամ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` նախօրեի հայտարարությունից հետո իրենք բանակցելու պաշտոնական հրավեր դեռ չեն ստացել:«Հենց որ կլինի պաշտոնական հարցադրում, այդ դեպքում նաեւ պաշտոնական որոշում կլինի: Ցանկացած դեպքում եռյակը ինքն է որոշելու իր շփման ձեւաչափը եւ որակը», – «Ազատությանն» ասել է Մելքումյանը:

 

ՀԱՐԿԵՐ ՀԱՎԱՔԵՔ
Երեկ Լոս Անջելեսում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Հիմնադրամի Կալիֆոռնիայի ճաշկերույթը, սակայն, ուղեկցվել է բողոքի ակցիայով: Ամերիկահայերի մի խումբ նախօրեին բողոքի ակցիա է անցկացրել այն հյուրանոցի դիմաց, որտեղ այդ պահին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Պարգեւ Սրբազանի եւ այլոց մասնակցությամբ տեղի էր ունենում հիմնադրամի ամենամյա ճաշ-դրամահավաքը: «Բոյկոտում ենք համահայկական հիմնադրամը, հավաքե՛ք հարկեր, ոչ թե նվիրատվություն» գրությամբ շապիկներով մի քանի ամերիկահայեր ճաշկերույթի գնացողներին հանգանակություն չանելու կոչերով գրություններ են բաժանել:

 

ԶՈՐԱԿՈՉ
Սերժ Սարգսյանը զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել՝ 1. 2014 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչեւ 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: 2. 2014 թվականի դեկտեմբերին զորացրել սահմանված ժամկետում ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին:

 




Լրահոս