Դեկտեմբերի 1-ը` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 1-ին ողջ աշխարհը «Կանգնեցրեք ՁԻԱՀ-ը», «Կատարեք խոստումը» կարգախոսով նշում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը` պետությունների, համայն մարդկության ուշադրությունը հրավիրելով այս հույժ արդիական խնդրի վրա և պետական, հասարակական, միջազգային ու բարեգործական կազմակերպությունների ջանքերը միավորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի գործում:

Երբ ավելի քան քառորդ դար առաջ ՁԻԱՀ-ը գուժեց իր գոյությունը, քչերը կարող էին կանխատեսել, թե ինչ թափով կզարգանա համաճարակը: Եթե ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը գրանցվել է 1981թ., ապա 2007թ. դեկտեմբերի դրությամբ, աշխարհում արդեն ապրում էր մոտ 33 մլն ՄԻԱՎ-ով հիվանդ: Համաճարակն արդեն խլել է ավելի քան 25 մլն մարդկային կյանք:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարեգրությաւն մեջ հիշարժան է նաև 1983 թվականը, երբ գրեթե միաժամանակ Լյուկ Մոնտանյեն (Պաստերի ինստիտուտ, Ֆրանսիա) և Ռոբերտ Գալոն (Քաղցկեղի ազգային ինստիտուտ, ԱՄՆ) անջատեցին ՁԻԱՀ-ի հարուցիչ վիրուսը: Ի դեպ, 2008թ. Լ.Մոնտանյեին ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակ շնորհվեց:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: 1988թ. մինչև 2008թ. դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 656 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: Ընդ որում, 2007թ. ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 109, իսկ 2008թ. ընթացքում` 118 նոր դեպք:

ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 489 մարդ (74,5%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 167 դեպք (25,5%): ՄԻԱՎ վարակի 13 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների շուրջ 60%-ը 25-39 տարիքային խմբում է:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (48,9%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (43,9%): Սրանցից բացի, Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 284-ի մոտ (կին` 59, երեխա` 6) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում, 2007թ. ընթացքում 59, 2008թ. ընթացքում` 74 հիվանդի մոտ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 154 դեպք: Մահացածների թվում կան 24 կին և 3 երեխա:

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում` նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է Ռուսաստանում և Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (59,5%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98,7%):

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում` 301 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 45,9%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է` 10,1%:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա 2300 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:

Ընդհանուր առմամբ վերջին տարիներին նկատվում է արձանագրվող դեպքերի թվի աճ: Դա պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ, նաև ՄԻԱՎ-ի նկատմամբ կամավոր խորհրդատվության և հետազոտության (ԿԽՀ) համակարգի ստեղծմամբ: Արդյունքում բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը: Մինչ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի իրականացումը` 2002թ. ՀՀ-ում գործում էր ընդամենը 3 ԿԽՀ կետ (ոչ մի կետ կանանց կոնսուլտացիաներում), ինչը սահմանափակում էր խորհրդատվություն ստանալու և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու բնակչության հնարավորությունը: Ներկայումս ՀՀ տարածքում գործում է 155 ԿԽՀ կետ, որոնցից 79-ը` կանանց կոնսուլտացիաներում: 2004թ. ընթացքում հետազոտվել է 24 244 մարդ, որոնցից 49-ի մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակ, 2007թ.-ին հետազոտված 64 243 (2,6 անգամ ավելի) մարդկանցից 109-ի մոտ է ախտորոշվել ՄԻԱՎ վարակ: 2008թ. երեք եռամսյակի ընթացքում հետազոտվել է 53 552 մարդ, որոնցից 95-ի մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակ: Արձանագրվող դեպքերի թիվն աճել է նաև այն պատճառով, որ վերջին տարիներին ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ վարակ ախտորոշումով և հիվանդության կլինիկական ախտանշաններով մեր քաղաքացիների հետհոսքն ԱՊՀ երկրներից դեպի Հայաստան:

Վերջին տարիներին կտրուկ աճել է հղիների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների թիվը, ինչը ևս պայմանավորված է հետազոտությունների հասանելիության մեծացմամբ: Այսպես, եթե 2004թ. հետազոտվել է 3 219 հղի, ապա 2007թ. ընթացքում հետազոտվել է 34 364 հղի, ինչը մոտ 10,7 անգամ ավելի է 2004թ. հետազոտված հղիների թվից: 2008թ. երեք եռամսյակի ընթացքում հետազոտվել է 30 097 հղի: Հետազոտությունների քանակի մեծացման հետ մեկտեղ բարելավվել է հղիների շրջանում ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը. եթե 2000-2004թթ. հղի կանանց շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 3 դեպք, ապա 2005թ.-ից մինչև 2008թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 23 դեպք, ինչը հնարավորություն է տվել իրականացնել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում և էապես նվազեցնել նորածնի վարակվելու հավանականությունը:

ՄԻԱՎ վարակի կլինիկահամաճարակաբանական առանձնահատկությունների պատճառով հնարավոր չէ միայն գրանցված դեպքերի հիման վրա դատել համաճարակի զարգացման միտումների մասին: Հիվանդությունն ունի երկարատև` 7-15 տարի շարունակվող թաքնված շրջան, որի ընթացքում վարակված մարդը գործնականում առողջ է լինում, չի ունենում հիվանդության որևէ նշանակալի դրսևորում, հետևաբար կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ դատել մարդու ՄԻԱՎ-ով վարակված լինել-չլինելու մասին: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը հաստատելու միակ ուղին լաբորատոր հետազոտություն անցնելն է: Ահա թե ինչու ՄԻԱՎ-ի տարածվածության իրական մակարդակը բացահայտելու, համաճարակի զարգացման միտումները պարզելու համար պարբերաբար իրականացվում են կենսաբանական և վարքագծային հետազոտություններ: Դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն բացահայտել բնակչության տարբեր խմբերում ՄԻԱՎ-ի տարածվածությունը, այլև պարզել ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը և ՄԻԱՎ-ի տարածմանը նպաստող վարքագծային գործոնները, նաև գնահատել իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը: Համեմատելով վերջին տարիներին կատարված հետազոտությունների տվյալները` կարելի է փաստել, որ մեր երկրում տեղի է ունեցել թե° կենսաբանական, թե° վարքագծային ցուցանիշների բարելավում: Այսպես, ՄԻԱՎ-ի տարածվածությունը հիմնական խոցելի խմբում` թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում 2005թ. 9,3%-ից նվազել է մինչև 6,8%` 2007թ.-ին, բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակի որոշակի աճ և ռիսկային վարքագծի դրսևորումների նվազում: Այս դրական տեղաշարժերը վկայում են բնակչության տարբեր խմբերում իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի արդյունավետության մասին, իսկ արդյունավետ կանխարգելումը բուժման, խնամքի և աջակցության համար պահանջվող միլիարդավոր դրամների տնտեսում է: Այսպես, համաձայն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի միջազգային փորձագետի գնահատականի ԹՆՕ-ների շրջանում միայն 2004-2005թթ. կանխարգելվել է թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով և զուգընկերներին սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցման 285 դեպք, ինչը նշանակում է, որ տնտեսվել է նրանց բուժման, խնամքի և աջակցության համար անհրաժեշտ հսկայական` տարեկան ավելի քան 500մլն դրամ գումար, և սա միայն մեկ խոցելի խմբում, ընդամենը 2 տարվա ընթացքում: Եթե սրան հավելենք նաև այն, որ համաձայն միջազգային փորձագետների գնահատման, 2005-2007թթ. կանխարգելվել է ՄԻԱՎ-ի փոխանցման 376 դեպք մարմնավաճառների և 664 դեպք` հոմոսեքսուալ տղամարդկանց շրջանում, ապա միանգամայն ակնառու կդառնա, որ տնտեսվել են միլիարդավոր դրամներ:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակը վերաճել է գլոբալ ճգնաժամի, ինչն առաջացրել է միջազգային հանրության լուրջ մտահոգությունը: Այդ մտահոգության վառ ապացույցն են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստերի անցկացումը և միջազգային հանրությանն ուղղված ՄԱԿ-ի կոչերն ընդլայնելու միջոցառումները և միավորելու ջանքերը համաճարակին հակազդելու գործում: 2001թ. հունիս ամսին կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ նիստի նպատակը ողջ աշխարհը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի համապարփակ ծրագրի շուրջ համախմբելն էր: Այդ նպատակի համաձայն, ՄԱԿ-ի անդամ պետությունները, դրանց թվում` Հայաստանի Հանրապետությունը, ընդունեցին «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագիրը», որը դարձավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում միջոցառումների առաջին գլոբալ ծրագիրը: Պետությունների ղեկավարների և կառավարությունների ներկայացուցիչների համաձայնությունն աջակցել «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագրին»` կարևոր իրադարձություն էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարեգրության մեջ: Դրանով իսկ կառավարություններն ընդունեցին, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարում անհրաժեշտ են անհետաձգելի միջոցառումներ:

2006թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված մեկ այլ նիստին ընդունված քաղաքական պարտավորությունների հռչակագրով պետությունները նաև պարտավորվել են մինչև 2010թ. ապահովել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության համընդհանուր հասանելիություն:

ՀՀ կառավարությունը` կարևորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խնդիրն ու հետևողական լինելով հռչակագրերի ընդունմամբ ստանձնած պարտավորություններին, հաստատել է 2007-2011թթ. ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ-ում շարունակում են իրականացվել բազմաթիվ կանխարգելիչ ծրագրեր բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց տրամադրվում են բուժում, խնամք և աջակցություն, իրականացվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, տրամադրվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն, ապահովվում է դոնորական արյան անվտանգությունը, կատարվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ և այլն: Իրականացվող միջոցառումները համակարգվում են ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից:

ՄԻԱՎ վարակն այն հիվանդություններից է, որոնց ձեռքբերումը պայմանավորված է հիմնականում մարդկանց վարքագծով և կենսակերպով: Առաջին հայացքից այս հիվանդության կանխարգելումը բավականին հեշտ կարող է թվալ: Դրա համար անհրաժեշտ է պարզապես դրսևորել անվտանգ վարքագիծ` զերծ մնալ թմրամիջոցներ օգտագործելուց, օգտագործել միանվագ օգտագործման ներարկիչներ, ասեղներ, խուսափել պատահական սեռական կապերից կամ դրանց առկայության դեպքում մշտապես պահպանակ օգտագործել, նաև ապահովել բժշկական միջամտությունների անվտանգությունը: Շատերը գիտեն այս մասին, սակայն կյանքը ցույց է տալիս, որ մարդիկ իրենց իմացածը ոչ միշտ են կիրառում գործնականում: Անտեսելով հնարավոր վտանգը, շատերը դրսևորում են ռիսկային, այսինքն` ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագիծ, վտանգելով իրենց և իրենց մտերիմների առողջությունը: Պատճառը հավանաբար այն է, որ մարդկանց մեծամասնությանը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վտանգը չափազանց անիրական է թվում` անձամբ իրենց հետ այն կապելու համար: Նրանք ոչ միշտ են հետևում անվտանգ վարքագծի կանոններին` հուսալով, որ վարակն իրենց կշրջանցի: Այս առումով չափազանց կարևոր է պատասխանատու վարքագծի և առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված գործունեությունը: Համաճարակի դեմ արդյունավետ պայքարի համար պակաս կարևոր չեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների նկատմամբ հանդուրժողական, հակախտրական վերաբերմունքի ձևավորումը, նաև կանխարգելման միջոցների, բուժման, խնամքի և աջակցության համընդհանուր հասանելիության ապահովումը:

Սկսած 2005թ. փետրվարից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի շրջանակներում ՀՀ-ում իրականացվում է հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժում, բուժման մոնիտորինգ, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում և հետկոնտակտային կանխարգելում: 2008թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ այդպիսի բուժում ստանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով 94 հիվանդ, այդ թվում` 4 երեխա: Ընդհանուր առմամբ թվով 329 ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ գտնվում է դիսպանսերային հսկողության ներքո ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ՁԻԱՀ-ի ԿՀԿ): Ներկայում ՀՀ-ում ՀՌՎ բուժումը հասանելի է բոլոր դրա կարիքն ունեցողների և նրանց համար, ովքեր տվել են իրենց համաձայնությունը: Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելումը, այդ թվում կանխարգելիչ ՀՌՎ բուժումը, տրամադրվում է ՄԻԱՎ վարակ ունեցող բոլոր հղի կանանց: ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված բոլոր երեխաներն ապահովվում են ՀՌՎ օշարակներով և կաթնախառնուրդներով:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը պետք է լինի տևական, անընդհատ գործընթաց. այն չի կարող ընդհատվել խոցելի խմբերի համակազմի անընդհատ փոփոխման, մարմնավաճառության, թմրամոլության առկայության, վարքագծի փոփոխման գործընթացի երկարատևության պատճառով: Բազմաթիվ երկրների, նաև Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ նպատակաուղղված, համալիր միջոցառումների շնորհիվ, հնարավոր է կասեցնել համաճարակի զարգացումը, հասնել ՄԻԱՎ-ի տարածման տեմպերի նվազեցման և կայունացման: Սակայն այդ միջոցառումների արդյունավետության և ձեռք բերված արդյունքների կայունության գլխավոր նախապայմանը դրանց շարունակականության ապահովումը, անհրաժեշտ միջոցների առկայությունը և պետական աջակցության ընդլայնումն է: Այս առումով անգնահատելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ռազմավարությունների իրականացման հարցում միջազգային կազմակերպությունների աջակցությունը:

Բնակչության տարբեր խմբերում իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերին մեթոդական օգնություն և օժանդակություն է ցուցաբերում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն, որը ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման աշխատանքների հիմնական իրականացնողն ու համակարգողն է: Իր գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում կենտրոնը հասել է նշանակալի հաջողությունների հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բնակչության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկության բարձրացման և անվտանգ վարքագծի ձևավորման գործում: Դրան մեծապես նպաստել է կենտրոնի բարձր որոկավորում ունեցող և փորձառու մասնագետների աշխատանքը:

Կենտրոնն իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում և վերջնական ախտորոշում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների դիսպանսերային հսկողություն, ՀՌՎ բուժում, օպորտունիստական հիվանդությունների և համավարակների ախտորոշում, բուժում և կանխարգելում, հոգեբանի խորհրդատվություն:

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի լաբորատոր ախտորոշման բաժնում իրականացվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և բազմաթիվ այլ վարակների վերաբերյալ լաբորատոր հետազոտություններ: Բաժինը հագեցված է արդիական սարքավորումներով և իր կառուցվածքում ունի մի շարք լաբորատորիաներ` ՄԻԱՎ-ի հաստատման, իմունաբանական, կլինիկական և կենսաքիմիական, պոլիմերազային շղթայական ռեակցիայի և վիրուսաբանության լաբորատորիաներ:

Կենտրոնն իրականացնում է նաև բնակչության բժշկական օգնություն և սպասարկում:

ՄԻԱՎ վարակի տարածվածության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակի գնահատման, ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագծային գործոնների բացահայտման նպատակով ազգաբնակչության տարբեր խմբերում պարբերաբար անցկացվում են կենսաբանական և վարքագծային հետազոտություններ:

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդները և նրանց հարազատները ստանում են հոգեբանասոցիալական և իրավաբանական խորհրդատվություն:

Կենտրոնը բնակչության տարբեր խմբերին տրամադրում է տեղեկատվական-կրթական նյութեր, կազմակերպում և անցկացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական խնդիրների վերաբերյալ դասախոսություններ, սեմինարներ և վարժանքներ:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու համար ՁԻԱՀ-ի ԿՀԿ դիմած յուրաքանչյուր մարդու տրամադրվում է նախա- և հետթեստային խորհրդատվություն: Խորհրդատվության ընթացքում այցելուներին տրվում են տեղեկություններ ՄԻԱՎ վարակի կանխարգելման ուղիների և միջոցների մասին, նաև տրամադրվում են կանխարգելման միջոցներ: ԿԽՀ անցած մարդկանց մոտ բարձրանում է ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը և ձևավորվում է ոչ անվտանգ վարքագիծը փոխելու շարժառիթ:

Կենտրոնում գործում է նաև «Վստահության հեռախոս» ծառայությունը: ՁԻԱՀ-ին, անվտանգ սեռական վարքագծին, թմրամոլությանն առնչվող հարցեր կամ խորհրդի կարիք ունեցող յուրաքանչյուր ոք կարող է զանգահարել 61-08-20 հեռախոսահամարով, առանց ներկայանալու դիմել իրեն հուզող հարցով և ստանալ համապատասխան տեղեկություններ ու խորհրդատվություն:

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն իրականացնում է ոչ միայն գործնական, այլև գիտական գործունեություն: Կենտրոնի աշխատակիցների գիտահետազոտական աշխատանքները տպագրվել են տեղական և արտասահմանյան գիտական ժողովածուներում, ներկայացվել են համաշխարհային և եվրոպական համաժողովների ժամանակ:

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի ուսումնական բազան է, որտեղ կլինիկական օրդինատորների համար անցկացվում են «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցեր» թեմայով դասընթացներ:

Կենտրոնը հաջողությամբ համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի գործակալությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ:

ՁԻԱՀ-ը մարտահրավեր է ոչ միայն ժամանակակից առողջապահությանն ու գիտությանը, այլև համայն մարդկությանը: Ընդունելով այդ մարտահրավերը, ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն շարունակելու է իր նպատակաուղղված աշխատանքը` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակին արդյունավետ հակազդելու և մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ ուղղված ազգային ռազմավարությունների իրականացման ուղղությամբ:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաև պատվաստանյութ այս հիվանդության դեմ դեռևս չկա: Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը: Յուրաքանչյուր ոք կարող է իր ներդրումն ունենալ այդ պայքարում` դիմակայելով խարանին և խտրականությանը, հարստացնելով ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ իր գիտելիքները, պարզելով ՄԻԱՎ-ի նկատմամբ սեփական կարգավիճակը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է բոլոր մակարդակներում խնդրի կարևորության գիտակցումից և յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից:




Լրահոս