Դեկտեմբերի 1-ին քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանում գտնվող ԱՄՆ Վիսկոնսին նահանգի ուղղիչ աշխատանքների դեպարտամենտի քարտուղար Էդվարդ Ֆ. Ուոլի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին Վիսկոնսին նահանգի ուղղիչ աշխատանքների դեպարտամենտի քարտուղարի տեղակալ Դեիրդր Մորգանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան իրավապահ մարմինների հետ աշխատանքների ծրագրի ղեկավար Ջեք Անդերսոնը, պաշտոնատար այլ անձիք:
Ողջունելով հյուրերին` Ա. Օսիկյանը կարևորեց նմանատիպ ձևաչափերով հանդիպումները: Վարչության պետը հյուրերին ներկայացրեց համակարգում իրականացվող օրենսդրական բարեփոխումների որոշ մանրամասներ և հույս հայտնեց, որ փոխհամագործակցության շրջանակներում քրեակատարողական ծառայության աշխատակիցները կշարունակեն վերապատրաստման դասընթացներ անցկացնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՄՆ-ում:
Էդվարդ Ուոլն իր խոսքում նշեց, որ տպավորված է ՀՀ ԱՆ նորաբաց «Արմավիր» հիմնարկ կատարած այցից, հավելելով, որ հասցրել է «Սևան» քրեակատարողական հիմնարկում ծանոթանալ նաև դատապարտյալների պահման պայմաններին: Էդվարդ Ուոլը դիտարկեց, որ ի տարբերություն ԱՄՆ ուղղիչ հիմնարկների` «Սևան» քրեակատարողական հիմնարկում մթնոլորտը բավական հանգիստ է:
Դեիրդր Մորգանը քրեակատարողական վարչության պետին նախ հակիրճ ներկայացրեց ԱՄՆ-ում գործող ուղղիչ հիմնարկների բազմագործառութային կառավարման համակարգը և ԱՄՆ Վիսկոնսին նահանգի` 2000 դատապարտյալների համար նախատեսված նորակառույց «Օշքոշ» հիմնարկի կառուցման և կառավարման ուղեցույցը, ապա այն հանձնեց քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին` առավել մանրամասն ծանոթանալու նպատակով:
Կողմերը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեցին միմյանց:
Հանդիպումն անցավ ջերմ փոխըմբռնման մթնոլորտում: