Կոմպոզիտոր, երաժշտագետ Արթուր Շահնազարյանը համոզված է, որ «Օպերային թատրոնը կապ չունի ժողովրդի, ժողովուրդը՝ Օպերային թատրոնի հետ։ Եվ դրա մեղավորները թատրոնի այսօրվա ղեկավարությունը, աշխատողներն են՝ սկսած դիրիժորից, որ երկար տարիներ այնքան տաղտկալի բաներ է միշտ կատարել՝ նույն գործերը, որ մարդիկ ձանձրացել են այդ ամենից»։
Հիշեցնենք, որ մեր զրուցակիցը այն 7 թեկնածուների թվում էր, ովքեր մասնակցեցին «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին, ավելին՝ անցան հաջորդ փուլ։ Ի վերջո, այսպես ասած, եզրափակիչ դուրս եկած երկու թեկնածուներից՝ Գագիկ Մանասյան եւ Անդրանիկ Արզումանյան, տնօրեն նշանակվեց վերջինը։
-Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ նորանշանակ տնօրենը Մշակույթի նախարարության, ավելի ճիշտ՝ նախկին նախարար Արմեն Սմբատյանի «մարդն» է։ Եթե այդպես է, էլ ինչո՞ւ մրցույթ հայտարարեցին։
-Նա իմ ընկերն է, բայց ես չեմ իմացել, որ նա մասնակցելու է մրցույթին, միայն այդ ժամանակ եմ տեսել։ Կարող եմ ասել, որ «Սմբատյանի մարդը» չէ, խելացի է, զարգացած, բարի։
-Դուք ի՞նչն էիք ցանկանում փոխել թատրոնում, ի՞նչ հայեցակարգով էիք ներկայացել մրցույթին։
-Ես իմ հայեցակարգում նշել էի, որ Օպերայում եղածը փոխելու համար անհրաժեշտ է թատրոն բերել նոր, թարմ ուժեր, երիտասարդները պետք է ներգրավվեն թատրոնի աշխատանքներում։ Օպերան պետք է թափանցիկ լինի բոլորի համար, պետք է դարակներից հանել մեր փոշոտված ազգային արժեքները եւ կատարել դրանք, օրինակ՝ Գրիգոր Եղիազարյանի բալետները եւ այլ հեղինակների շատ ստեղծագործություններ։ Կան նաեւ երիտասարդ կոմպոզիտորների գործեր, որոնք նույնպես չեն կատարվում։ Պետք է ոգեւորել երիտասարդներին, որ նոր ստեղծագործություններ գրեն։ Այսինքն՝ պետք է Օպերան շնչի, նրա ընթացքը լինի կյանքով լեցուն, պետք է մշտապես գործող ստեղծագործական միջավայր լինի, այլ ոչ թե այսօրվա նման մահացած օրգան։
-Բայց ոմանք ասում են, որ, ամեն դեպքում, ինչ-որ գործեր, օպերաներ բեմադրվում են, նույնիսկ գովերգող հոդվածներ են տպագրվում։
-Անընդհատ նույն բեմադրություններն են, ոչ մի նոր ներկայացում չի բեմադրվում։ Օպերան, կրկնում եմ՝ մեռած օրգան է դարձել, մի հատ երիտասարդ կոմպոզիտորի նշեք, որ այդտեղ գործ է ներկայացրել։ Երիտասարդներին փորձը չի փոխանցվում, նրանց տեղ չի տրվում։ Ընդ որում, խոսքը միայն օպերային չի վերաբերում, այլ` արվեստին ընդհանրապես։
-Դառնանք մրցույթին. այն ինչպե՞ս անցավ։
-Մրցույթը երկու փուլով էր, առաջին փուլը գրավոր էր, եւ ամեն ինչ պարզ երեւում էր։ Երկրորդ փուլը հարցազրույց էր, եւ հանձնաժողովի անդամներն, օրինակ, պրոֆեսիոնալ մենեջմենթից էին հարցեր տալիս, մինչդեռ կանոնակարգով պետք է հարցեր տային հայեցակարգի շրջանակում, ասենք, կանոնադրությունից։ Ինչ վերաբերում է մենեջմենթին, ապա Հայաստանում համապատասխան կրթություն ստացած պրոֆեսիոնալ մասնագետ չկա, ամեն ինչ արվում է սիրողական մակարդակով՝ ինչպիսին նաեւ հանձնաժողովն էր։ Այնտեղ կար մարդ, ումից առաջին հերթին հարկավոր է ազատվել, ով ինքնուս Հակոբ Երուսաղեմցու նեխած գործերն է կատարում, որն անհասկանալի աղանդավորական երաժշտություն է։ Ի դեպ, ես հիասթափված եմ հանձնաժողովի կազմի մեծամասնությունից՝ չհաշված մի քանի հոգու։
ՍԱՀՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
Այս տարվա ապրիլի 14-ին լրանում է մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը:«Ժողովուրդ»-ն արդեն քանի ամիս է` փորձում է ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկանալ, թե ինչ միջոցառումներ են նախատեսված այդ առթիվ։ Երեկ վերջապես մեզ հաջողվեց այդ մասին որոշ մանրամասներ իմանալ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանից։
«Օրերս հոբելյանական հանձնաժողովը հաստատել է միջոցառումների ծրագիրը, բայց դա չի նշանակում, որ եթե տարվա ընթացքում լինեն այլ առաջարկություններ, հանձնաժողովը դրանց չի աջակցելու։ Ապրիլի 14-ին՝ Համո Սահյանի ծննդյան օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո: Բնականաբար, Համո Սահյանի պոեզիան է լինելու երեկոյի առանցքում, ցուցադրվելու են նրա մասին նկարահանած ֆիլմեր կինոխրոնիկայից, նրա խոսքերով գրված երգեր են հնչելու, ու այդ ամենը զուգորդվելու է բանաստեղծի գրքերի ցուցադրությամբ։ Հ. Սահյանի քառահատորյակի առաջին հատորը հրատարակվել է 2012 թվականին՝ պետական պատվերով, իսկ 2014-ին հրատարակվելու են 2-4-րդ հատորները, կթողարկվի Համո Սահյանի բանաստեղծություններով CD-ի աուդիո տարբերակը, մարզպետարանի հետ համատեղ կվերանորոգվի նրա տուն-թանգարանը, կկազմակերպվի էքսպոզիցիա»,-թվարկեց մեր զրուցակիցը։ Նա առանձնացրեց «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարը, որը նվիրված է Համո Սահյանին, իսկ նյութերի պատրաստմանը մասնակցել են բանաստեղծի ժամանակակիցներն ու ընկերները: Այնտեղ սահյանագիտությանն առնչվող շատ հետաքրքիր նյութեր կան։ «Մեր ծրագրերի մեջ է նաեւ «Համո Սահյան. Քարափներից երկինք» երկմասանոց ֆիլմը՝ «Շողակաթ» հեռուստաընկերության հետ համատեղ` նախարարության, պետության աջակցությամբ»։ Կանցկացվի Սահյանին նվիրված ասմունքի փառատոն, հանրապետության գրադարաններում եւ մշակութային կենտրոններում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ:
Մեր զրուցակցին հիշեցրինք, որ ժամանակին հոբելյանը նշելու համար Հայաստանի գրողների միությունն էլ էր դիմել Մշակույթի նախարարություն։ «Գրողների միությունը հասարակական կազմակերպություն է, ունի իր ծրագրերը, իհարկե, ինչ-որ միջոցառումներ իրականացնելու է, բայց այս դեպքում աջակցության համար մեզ չի դիմել։ Նրանք ի սկզբանե նախատեսում էին իրենք կազմակերպել հոբելյանական այդ երեկոն, բայց քանի որ կառավարական հանձնաժողովն է նշելու, այդ առաջարկից հրաժարվեցին»,-պարզաբանեց Ա. Գյուրջյանը։
Նյութերը՝ ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ԿԱՅԱՑԱՎ «ՄԻՍՍ ՀԱՅՔ-2014»-Ը
Օրեր առաջ Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել հաշմանդամ կանանց գեղեցկության՝ «Միսս Հայք-2014» 7-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլն ու մրցանակաբաշխությունը: Ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակցուհի Քրիստինե Փիրուզյանը, իսկ «Միսս համակրանք» տիտղոսին արժանացել է Գոհար Նավասարդյանը, ով նույնպես աշխատում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում:
Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 16-18 տարեկան 58 գեղեցկուհի Երեւանից եւ ՀՀ մարզերից: Ավելացնենք, որ ժյուրիի կազմում ընդգրկված էին հաղորդավար Հրաչ Մուրադյանը, դերասան Վարշամ Գեւորգյանը, քանդակագործ Դավիթ Մինասյանը եւ լուսանկարիչ Վիգեն Մնոյանը:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Ֆրանսիայի Գրանվիլ քաղաքում գտնվող «Քրիստիան Դիորի նորաձեւության տանը» կբացվի «Լեգենդար պատկերներ. Մեծ լուսանկարիչներն ու Դիորը» ցուցահանդեսը, որի ընթացքում կներկայացվեն նորաձեւության հայտնի լուսանկարիչների ավելի քան 200 լուսանկարներ: Թանգարանում կներկայացվեն նաեւ նորաձեւության տան վերջին տարիների հայտնի գովազդային արշավները: Ցուցահանդեսը կբացվի մայիսի 3-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: