ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքի կենտրոնում

Հայտարարությունների այս ցուցանակը ժամանակի ընթացքում վերածվել է, մեղմ ասած, աղբի: Մարդիկ մեկը մյուսի վրա հայտարարություններ են փակցրել, ինչի արդյունքում ցուցանակը կորցրել է իր իրական պատկերը: Համաձայնեք, որ իսկապես գեղեցիկ չէ:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե հաշմանդամ անհատ ձեռներեցներն ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել:

Հարություն Հակոբյան (28 տարեկան, ձեռներեց)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 16-ի N 984-Ն որոշմամբ սահմանված՝ «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին եւ հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու» կարգի 16 հոդվածի՝
Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար հաշմանդամություն ունեցող անձին անհատ ձեռնարկատեր կամ առեւտրային կազմակերպություն գրանցելու համար տրվում են ֆինանսական միջոցներ՝
ա) ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման նպատակով անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով, իսկ առեւտրային կազմակերպություն գրանցվելու համար` բազային տուրքի 12-ապատիկի չափով.
բ) ֆիրմային անվանումը գրանցելու նպատակով պետական տուրքի վճարման համար` բազային տուրքի 6-ապատիկի չափով.
գ) կնիք ձեռք բերելու համար` կնիք պատրաստող պետական մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված գների սանդղակի նվազագույն գնի չափով:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճիշտ է, արտոնությունները հստակ ներկայացված են, որոնք հուսանք՝ իսկապես գործում են, բայց ցանկալի կլիներ, փոքր-ինչ մեծացնել դրանց մասշտաբները՝ հաշմանդամություն ունեցող անձանց գործունեությունը հնարավորինս հեշտացնելու նպատակով:

 

 

 
ՀԱՐՑ. Ուզում եմ բացատրեք, թե ինչով է զբաղվում ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը: Ես եւ կինս բանկում ունենք ավանդ, բայց անընդհատ մեզ խաբում են: Չեմ հասկանում, սպասում են մահանանք, որ մեր ավանդները չհատուցե՞ն: Ինչքա՞ն կարելի է խաբել:

Վարազդատ Համբարձումյան (84 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության եւ հուսալիության ապահովումն է՝ ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով: Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է: Հիմնադրամի գործունեության նպատակը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ավանդների հատուցման երաշխավորումն ու ավանդատուների շահերի պաշտպանությունն է: Դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը սահմանված է 4 մլն դրամի, իսկ արտարժութային ավանդի համար` 2 մլն դրամի չափով: Դա նշանակում է, որ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի մինչեւ 4 մլն դրամի չափով ավանդ, ապա Հիմնադրամը կհատուցի ավանդն ամբողջությամբ, մինչդեռ արտարժութային ավանդը կհատուցվի ամբողջությամբ, եթե վերջինիս մեծությունը չի գերազանցում 2 մլն դրամի համարժեքը:

ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած բազմաթիվ հրապարակումներին եւ պաշտոնական տվյալներին, թե 2006թ. վճարվել է շուրջ 10 մլրդ դրամի չափով փոխհատուցման գումար, այնուամենայնիվ խմբագրության ստացած բազմաթիվ զանգերն ու դժգոհություններն այլ բան են փաստում: Ավելացնենք, որ ընդհանուր առմամբ հաշվառված ավանդատուների թիվը կազմում է 62 հազար 128:

 

 

 
ՀԱՐՑ. Տարբեր բանկերում ունեմ մի քանի վարկեր: Վերջերս պատահաբար մոռացել էի ժամանակին վճարում կատարել (hերթական մուծումը): Ուզում եմ իմանալ, արդյոք բանկը պարտավոր չէ մուծում կատարելու օրն ինձ ինչ-որ կերպ տեղյակ պահել: Բանկից ինձ տեղեկացրել են ուղիղ 16 օր անց, եւ հենց այդ օրն էլ մուծումը կատարել եմ: Եվ խնդրում եմ ասեք, եթե նրանք պարտավոր չեն ինձ հիշեցնել, ապա կա՞ ինչ-որ գործընթաց, որով կարող եմ ազատվել վարկային պատմությանս վրա առաջացած այդ բծից:

Ալբերտ Եգանյան (48 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ որպես կանոն վարկային պայմանագրով սահմանվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Համապատասխանաբար նաեւ սույն դեպքում բանկը պարտավոր է վարկառուին տեղեկացնել հերթական մարման վերաբերյալ, եթե նման պարտավորությունը նախատեսված է Ձեր եւ բանկի միջեւ կնքված վարկային պայմանագրով: Ժամկետանցումների դեպքում վարկը դասակարգվում է վարկային ռեգիստրում եւ վարկային բյուրոյում, որտեղ դասակարգված վարկի վերաբերյալ տվյալները պահպանվում են անորոշ ժամկետով, սակայն որոշ ժամանակ անց (5-10 տարի) արխիվացվում են:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ բանկերը բարձր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելուց եւ քաղաքացիներին «ծուղակը» գցելուց բացի ոչինչ չեն անում: Ցավոք, շատ են հանդիպում նման դեպքեր, երբ վարկառուն վճարման օրը չհիշելու պատճառով կանգնում է խնդիրների առաջ: Մինչդեռ կարծում ենք, որ նման պարտավորությունների հիշեցումը պետք է ներառվի բանկի սպասարկման պարտադիր ծառայությունների մեջ:




Լրահոս