Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինծառայողների, ոստիկանների և վարորդների համար նոր կարգավորումներ. ՊՆ հանձնաժողովում նիստ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսվում է մի շարք օրենսդրական նախագծերի քննարկում, որոնք առնչվում են զինվորական ծառայությանը, զինծառայողների սոցիալական երաշխիքներին, ոստիկանության գործունեությանը, ճանապարհային երթևեկության կանոններին և թմրամիջոցների շրջանառությանը։

Մասնավորապես, քննարկվելու են «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Երևանի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը։ Դրանք կներկայացնի պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

Օրակարգում է նաև զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգին վերաբերող օրենսդրական փաթեթը։ Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրության մեջ։ Նախագիծը կներկայացնի աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը։

Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են լինելու նաև երկրորդ ընթերցման ներկայացվող նախագծերը։

Մասնավորապես, քննարկվելու են զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունները, որոնք կներկայացնի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Առանձին փաթեթով քննարկվելու են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, վարչական իրավախախտումների, ոստիկանության գործունեության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին օրենքներում փոփոխություններն ու լրացումները։ Փաթեթը կներկայացնի ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Երկրորդ ընթերցման նախնական քննարկման է ներկայացվելու նաև զինվորական ծառայության, ոստիկանությունում ծառայության և փրկարար ծառայության մասին օրենքներում փոփոխությունների փաթեթը։

Այսպիսով, դեկտեմբերի 4-ի հանձնաժողովի նիստի օրակարգում միաժամանակ մի քանի կարևոր ոլորտների օրենսդրական փոփոխություններ են։ Դրանց թվում են զինծառայողների սոցիալական պաշտպանության, ուժային կառույցներում ծառայության, ոստիկանության լիազորությունների և ճանապարհային երթևեկության կարգավորման հարցերը։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս