Հասարակական-քաղաքական շրջանակներում այսօր երկու հիմնական հարց է քննարկվում. կառավարության հրաժարականից հետո ո՞վ է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետն ու ընդհանրապես` ինչպիսին կլինի ապագա կառավարության կազմը, եւ երկրորդ` որոնք են լինելու «հրաշալի քառյակ»-ի հետագա քայլերը: Այս երկու հարցերը, սակայն, դեռեւս չունեն իրենց պատասխանները:
Ամենայն հավանականությամբ, այսօր երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստից հետո պարզ կդառնա, թե ով է լինելու ՀՀ վարչապետը: Ինչ վերաբերում է «հրաշալի քառյակ»-ի գործողություններին, ապա դրանք կհստակեցվեն ավելի ուշ. այս ուղղությամբ քառյակի ներսում ընթանում են ակտիվ քննարկումներ: Երեկ եւս այն շարունակվեց:
Քառյակի կուսակցություններից ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես եկավ ծավալուն հարցազրույցով, որտեղ նա վարչապետի փոփոխությունը գնահատելով ընդդիմության ճնշման արդյունք, նշել է. «Սերժ Սարգսյանը, եթե ոչ ամբողջովին, ապա գոնե կիսով չափ կապիտուլյացիայի է ենթարկվել: Չզարգացնել այդ հաջողությունը՝ կնշանակի մեծագույն նվեր մատուցել Սարգսյանին եւ նպաստել երկրում տիրող մղձավանջի խորացմանը… Ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ եւ չպետք է մաս կազմի նրա կողմից ձեւավորված որեւէ կառավարության, անգամ եթե վարչապետի պաշտոնը առաջարկվի ընդդիմադիր գործիչներից մեկին» (տես էջ 2):
Ուշագրավն այն է, որ Տեր-Պետրոսյանի հարցազրույցը հաջորդեց նախօրեին լրատվամիջոցներով Քառյակի կուսակցություններից ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչների հայտարարություններին, թե իրենք չեն բացառում կոալիցիա մտնելը: Իհարկե, երկու ուժերը, չբացառելով կոալիցիա վերադառնալը, նաեւ որոշ նախապայմաններ էին դրել իշխանությունների առաջ՝ ՀՀԿ-ն պետք է ընդունի իրենց ծրագրային դրույթները: «Եթե ամբողջ մեր մոտեցումներն ընդունվում են, մեր 7 կետերից բխած քաղաքականությունը որդեգրվում է: Եթե այդ ամեն ինչը երաշխավորվում է, ինչո՞ւ ոչ: Մենք ամեն տեղ էլ պատրաստ ենք մտնել եւ ստանձնել այդ պարտավորությունը»,- ասել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ «Ազատության» հետ զրույցում ասել էր. «Եվ մեր ծրագրային մոտեցումները եթե ընդունելի լինեն ապագա կառավարության համար, եւ ինքը վերցնի այդ դրույթները, ապա, կարծում եմ, որ այստեղ շատ բան իրեն զգացնել կտա»:
Նույն քառյակի ներկայացուցիչները, այդ թվում ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն երեկ պնդում էին, թե իրենց օրակարգում չկա կոալիցիա մտնելու հարց: Նման հայտարարություն է արել ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը լրագրողների հետ զրույցում` նաեւ հավելելով. «Մենք որեւէ մեկի հետ խաղերի մեջ չենք մտել ու չենք մտնի»: Ա.Ռուստամյանն էլ ասել է, թե թեեւ իրենց խմբակցությունը վարչապետի թեկնածուի շուրջ Սահմանադրությամբ նախատեսված խորհրդակցությունների շրջանակում կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ, կրկին կառաջարկի երկիրը ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակից դուրս բերմանն առնչվող իր 7 կետերը, բայց, անկախ ամեն ինչից, ՀՅԴ-ն չի համաձայնի կառավարող կոալիցիայի մաս կազմել:
«Կարծում եմ՝ հետաքրքիր զարգացումներ կլինեն»,- երեկ քառյակի նիստի ընդմիջման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ դեռ վերջնական պայմանավորվածություններ չկան:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հանրային իր ուղերձի ժամանակ հայտարարեց. «Չեմ կարծում, որ եթե մենք մտնենք ապրիլի 28-ի քառօրյա առանց այդ շուրջօրյա խոստման, առանց գլոբալ նոր համաձայնության, մենք կունենանք մեր արտահերթ անհրաժեշտ փոփոխությունը»: Ինչ վերաբերում է ապագա վարչապետին, ապա ե՛ւ ՀԱԿ, ե՛ւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները երեկ վստահեցնում էին` իրենց համար որեւէ տարբերություն չկա, թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը, միեւնույն է` ձուկը գլխից է հոտած, եւ այս իշխանությունը, քաղաքական մեծամասնությունը ձեւավորվել է կեղծված ընտրությունների արդյունքում, առանց ժողովրդի համաձայնության:
Հ.Գ. Դաշնակցությունը, հիշեցնենք, 2012-ին ներկայացրել էր 7 կետանոց օրակարգ, որում կարեւորել էր անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի ու կառավարման խորհրդարանական համակարգի, ընդդիմությանը վերահսկողության լծակների տրամադրումը, բիզնեսի եւ քաղաքականության հստակ տարանջատումը, դատական իշխանության լիարժեք անկախությունը, ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, հայ-թուրքական արձանագրություններից ՀՀ ստորագրությունը հետ կանչելը: Հիմա այս ամենին ավելացել է նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվելու պահանջը: Նման մի առաջարկ էլ ներկայացրել էր ԲՀԿ-ն, որը հիմա ճշգրտում է իր կետերը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԿՔՎԵԱՐԿԵՆ
Այսօր Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ կայանալու է քվեարկություն՝ ռուսական պատվիրակների հավատարմագրերի վերանայման վերաբերյալ: Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, հայկական պատվիրակությունը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը «դեմ» են քվեարկելու նախագծին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան պատգամավորներին կտրամադրվի այն փաստաթուղթը, որով առաջարկվում է ՌԴ-ին զրկել ձայնի իրավունքից: Հայկական պատվիրակությունը հնարավորություն կունենա փաստաթղթի վերջնական տեքստին ծանոթանալ այսօր, քվեարկությունից մի քանի ժամ առաջ: Բայց նախնական որոշում կա, որ «դեմ» են քվեարկելու:
ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ
Կառավարության այսօրվա նիստում նախատեսված է աճուրդով օտարել ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաները: Օտարման ենթակա մեքենաներից մեկը 2006թ. արտադրության «Գազ-3110» է` 1.3մլն դրամ արժեքով, իսկ մյուսը 2007թ. Շկոդա օկտավիա` 3.1 մլն դրամ արժողության: Ուշագրավն այն է, որ 2006-2007թթ. արտադրության մեքենաներն արդեն կառավարությունը գնահատել է որպես 70 տոկոս մաշվածություն ունեցող, եւ վաճառում է դրանք` գումարները պետական բյուջե ուղղելու համար:
ՔԿՀ-Ի ՊԵՏԻ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արթիկի ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը արգելել է` շատ մարդիկ այցելեն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն: Մեզ հասած տեղեկություններով՝ ՔԿՀ պետն այս քայլին գնացել է հաշվի առնելով Ղուկասյանների ընտանիքի անդամների շուրջ աղմկալի իրադարձությունները: Մեզ հասած լուրերի համաձայն, ՔԿՀ-ի պետ Գեւորգ Մկրտչյանը Վահեին ասել է. «Եթե քեզ մոտ գան քո գողական ընկերները, ապա դա վատ կլինի քեզ համար եւ քեզ կտեղափոխեմ պատժախուց: Այնպես որ, պետք է կարգուկանոն լինի այստեղ»: Այս խոսակցությունից հետո Վահե Ղուկասյանին այցելության է գնում միայն նրա եղբայրը:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Գյումրիում կրակոցներ էին հնչել: Հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Հարություն Խաչատրյանը, ով ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահայրն է, իսկ Շեկո մականունով Արտյոմ Կարապետյանը հիվանդանոցում մահացել էր: Ավելի ուշ Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ ինքն է կրակոցներն արձակել: Վահեն այս պահին գտնվում է Արթիկի ՔԿՀ-ում:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿԲԱՑՎԻ
Նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման եւ հոգաբարձուների խորհուրդը մայիսին Երեւանում կբացի իր կենտրոնական գրասենյակը: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամներն են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Խառատյանը, Մարինե Մանուչարյանը եւ Լենա Նազարյանը:
ՎԻՃԱԿԸ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է
«32 ատամ» ակումբի, «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված դերասան Կարեն Մկրտչյանի առողջական վիճակը զգալիորեն բարելավվել է. նա սկսել է նորմալ խոսել եւ այլեւս գլխացավեր չունի: Armlur.am-ին այդ մասին հայտնել է դերասանի հայրը՝ Գրիգոր Մկրտչյանը: Այս պահին Կարեն Մկրտչյանը բուժման կուրս է անցնում Գերմանիայում, եւ ըստ դերասանի հոր՝ առաջիկայում պետք է ողնաշարի վիրահատության ենթարկվի: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին դերասանն իրենց բակում անհայտ անձի կողմից ծեծի էր ենթարկվել, ինչի արդյունքում լուրջ վնասվածքներ էր ստացել:
ՈՎ Է ԼՔՈՒՄ «ՔԱՌՅԱԿԸ»
Անդրադառնալով «հրաշալի քառյակ»-ի հետագա ճակատագրին՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը ԳԱԼԱ-ին ասել է. «Օրերս «հրաշալի քառյակ»-ի քաղաքական ուժերից մեկի ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը, հանդիպեց Ս. Սարգսյանի հետ: Գործընկեր քաղաքական ուժերը տեղյա՞կ են՝ ինչ է նա խոսել Ս. Սարգսյանի հետ: Կարծում եմ՝ ժամանակն ինքը ցույց է տալիս, թե ով որտեղ է կանգնած: Երկու քաղաքական ուժերը՝ ՀՅԴ-ն ասել է, որ «թեւերը քշտած» կարող է մտնել կառավարություն եւ աշխատել, ու նաեւ ԲՀԿ-ն չի բացառում այդ հեռանկարը: Եվ այս առումով հասկանալի է, որ «Ժառանգություն»-ը չէ, որ լքում է քառյակը»:
ԱԶԱՏԵԼ Է
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի պետ Տիգրան Մալխասյանը եւ նույն բաժնի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանն ազատվել են աշխատանքից: Իսկ Շենգավիթի բաժանմունքի պետ Գեւորգ Մաթեւոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ: Հիշեցնենք, որ օրերս ՄԻՊ-ը հրապարակեց մի ձայնագրություն, որում արձանագրված էր, թե ինչպես են վերը նշված ԱՆ աշխատակիցները ծեծի ենթարկում եւ նվաստացնում ՀՀ քաղաքացուն:
ՀԱԿ-ԻՆ ԷԼ ԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ հայտնել է, որ իրենց առաջարկ է եղել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ. «Քանի որ եղել է պաշտոնական հրավեր, պետք է լինի պաշտոնական պատասխան։ Մենք կհրավիրենք խմբակցության նիստ, որտեղ էլ կտրվի պաշտոնական պատասխանը»,- ասել է Զուրաբյանը՝ առանց հստակեցնելու, թե երբ կլինի խմբակցության նիստը։