Միաբանական համագումարը հանդես է եկել հայտարարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, հունիսի 4-10-ին, Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ անցկացվող միաբանական համագումարը հանդես է եկել հայտարարությամբ հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում վերջին օրերին արձանագրված ցավալի դեպքերի առնչությամբ:
Հայտարարությունում, մասնավորապես ասվում է.
“Խորապես անհանգստացած ենք Հայաստանի հանրապետության` Ադրբեջանին հարող սահմանագծում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հրադադարի ռեժիմի պարբերական խախտման դեպքերով, որոնց հետեւանքով վիրավորվում եւ զոհվում են ինչպես Հայոց բանակի զինվորներ, այնպեսեւ խաղաղ բնակիչներ: Վերջին օրերին մենք ականատես եղանք հրադադարի հերթական խախտումների, երբ ադրբեջանական սադրանքի զոհ դարձան ՀՀ սահմանի վրա իրենց ծառայությունը բերող անմեղ զինվորներ:
Հայ առաքելական սուրբ եկեղեցին իր հովվապետով մշտապես արտահայտել է նվիրվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման գործընթացին: Որպես Տիրոջ խաղաղության ուղերձի պատգամաբերներ խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները` ուղղված տարածաշրջանում փխրուն խաղաղության խաթարմանը:
Կոչ ենք ուղղում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդ երկրներին, միջազգային հանրությանը եւ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդներին` ջանքեր գործադրել կասեցնելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը:
Մեր սրտակցությունն ենք հայտնում Հայրենիքի սահմանի պաշտպանության ժամանակ զոհված մեր զինվորների ընտանիքներին` հայցելով սուրբ հոգու մխիթարությունը վշտաբեկ բոլոր հարազատներին ու մտերիմներին: Միասնական մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված վիրավոր զինծառայողների շուտափույթ ապաքինման, այլեւ հայրենի եզերքներում խաղաղ ու անվրդով կյանքի համար: Եվ թող Ս. Վարդանանց եւ Սարդարապատի մեր զորականների շունչն ու ոգին միշտ ուղեկից լինեն հաղթական հայոց բանակին` ի պաշտպանություն դարերի մաքառումով եւ բազում կյանքերի թանկ գնով ձեռք բերված անկախության ու խաղաղության եւ արցախահայության ազատ ապրելու իրավունքի”:




Լրահոս