Հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից կատարված դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է 3 ժամկետային զինծառայող, 6 հոգի ստացել են տարբեր մարմնական վնասվածներ, որոնցից մեկը սպա է: Երեկ բոլոր վիրավորներին տեղափոխել են Երեւան, իսկ մահացածների հարազատները գնացել են Տավուշի մարզ` իրենց երեխաների դիակները տեղափոխելու համար:
Ըստ պաշտոնական եւ նախնական տվյալների՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինծառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է, ու հակառակորդը, կորուստներ տալով, հետ է մղվել:
Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, ՊՆ բոլոր կառույցներից խուսափում էին որեւէ մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ` նշելով, որ իրենք եւս որեւէ տեղեկություն չունեն, միայն հայտնի է, որ 3 ժամկետային զինծառայող մահացել է, իսկ 6-ը՝ վիրավորվել: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկություն ստանալ նաեւ Տավուշի մարզի զինկոմիսարիատից: Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցիները կարողացել են ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղեր այն պատճառով, որ տարածքը ականապատված չի եղել, սակայն Տավուշի զինկոմիսարիատից հերքեցին տեղեկությունը՝ հավելելով, որ դա դիվերսիա է եղել: Տեղեկացանք նաեւ, որ զինկոմը զրուցել է վիրավորված զինծառայողների հարազատների հետ եւ տեղեկացրել կատարվածի մասին: Զոհված զինվորներն են՝ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը:
Պարզեցինք, որ 20-ամյա Հրաչ Սարգսյանը ծնունդով Գյումրիից էր, որտեղի զինկոմիսարիատից խուսափեցին տեղեկություն տրամադրել զինվորի մասին: Մեր տեղեկություններով՝ Հրաչ Սարգսյանը բնակվել է Գյումրու Սլաբոտկա կոչվող թաղամասի տնակներից մեկում, հետո ընտանիքով տեղափոխվել են Ամասիայի տարածաշրջան: Նրա հարազատներից ոչ ոք չցանկացավ մեզ հետ զրուցել` նշելով, որ իրենք դեռեւս ոչ մի տեղեկություն չունեն, որպեսզի ինչ-որ բան ասեն:
Մահացած 20-ամյա Զոհրաբ Բալաբեկյանը ծնունդով Գավառից էր: «Ժողովուրդ»-ը կարողացավ զրուցել նրա հարեւանների հետ, որոնք նշեցին, որ երիտասարդը շատ խելացի տղա էր. «Չենք իմանում՝ ինչ անենք, ծնողները նոր են իմացել, համարյա խելագարվում են, զանգել ասել են` էկե՛ք ձեր էրեխու դին տարեք, տեսնենք՝ ինչ ա լինելու»:
Իսկ 23-ամյա Կարեն Դավթյանը Լուսակերտ գյուղի բնակիչ էր: Նա բարձրագույն կրթություն ստանալուց հետո էր բանակ զորակոչվել: Կարենի հարազատները եւս չցանկացան զրուցել մեզ հետ` նշելով, որ իրենք լրատվամիջոցների հարցերին «սիրտ չունեն պատասխանելու»:
Ինչ վերաբերվում է 6 վիրավորներին, ապա նրանցից մեկն ավագ լեյտենանտ է: Սկզբում տեղեկություններ տարածվեցին, որ 31-ամյա ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը մահացել է, սակայն պարզեցինք, որ Նուրբեկյանն ուղղակի ծանր վիրավորվել է: Բարեբախտաբար, նրա կյանքին այլեւս վտանգ չի սպառնում:
Հակառակորդի գնդակից վիրավորվել են ժամկետային զինծառայողներ` 20-ամյա Իգիթ Կարենի Հովհաննիսյանը, որը բանակ էր զորակոչվել Հրազդանի զինկոմիսարիատից, 19-ամյա Մաքսիմ Մարտինի Մելքոնյանը` ծնունդով Գյումրիից: Մյուս վիրավորը Շենգավիթ վարչական շրջանից բանակ զորակոչված 20-ամյա Սեդրակ Սամվելի Շահբազյանն է, որը վիրավորվել է ձախ ազդրից: Իսկ ձախ արմունկի հատվածում վնասվածք ստացած 20-ամյա Արտակ Արթուրի Մնացականյանը ծնունդով Տավուշի մարզից է, աջ ծնկից վիրավորված 20-ամյա Կորյուն Ռոբերտի Իրիցյանն էլ՝ Էջմիածնից: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ վիրավորներին արդեն տեղափոխել են Երեւանի զինվորական հոսպիտալ, եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչներից, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը եւ ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը: Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով համարժեք գործողություններ:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԳԻՇԵՐՈՎ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ