ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ «ԳՈՂԵՐ» ԵՆ ԵԿԵԼ՝ ՀԱՇԻՎ ՄԱՔՐԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական աշխարհում հայտնի Օշականցի Գեւորիկ մականունով Գեւորգ Մելիքյանի անունն արդեն մի քանի օր է, ինչ շրջանառվում է հերթական ռազբորկայի համատեքստում: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց օշականցի Գեւորիկի եղբոր դստեր՝ երգչուհի Սյուզի Մելիքյանի հետ՝ հետաքրքրվելով, թե իր հորեղբոր անվան շուրջ ինչ լուրեր են պտտվում:

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Օշականցի Գեւորիկը վիճաբանություն է ունեցել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն համարվող երրորդմասցի Լյովիկի հետ: Մեզ հասած տեղեկություններով՝ ինչ-որ մեկը ինչ-որ հարցով հեռախոսազրույց է ունեցել Օշականցի Գեւորիկի հետ, որի ժամանակ Օշականցին հայհոյել է իր հետ խոսողին: Նա էլ նույն հայհոյանքով հակադարձել է զրուցակցին՝ առանց իմանալու, որ իր զրուցակիցը «օրենքով գող» է: Այնուհետեւ նշյալ անձնավորությունը դիմել է քրեական հեղինակություններին՝ երրորդմասցի Լյովիկին՝ խնդրելով լուծել իր խնդիրը: Գողականների հանդիպումն, ի վերջո, կայանում է: Խոսակցությունն այն աստիճանի է թեժանում, որ Օշականցի Գեւորիկի եւ Լյովիկի կողմնակիցները ծեծի են ենթարկում միմյանց:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այս օրերին Ռուսաստանից մի շարք քրեական հեղինակություններ ու գողականներ են եկել՝ երկու խմբավորումների միջեւ առաջացած թնջուկը կարգավորելու: Թեեւ լուրեր կան, որ Հայաստանում գտնվող «գողականներն» էլ իրենց հերթին են փորձում կողմերի հակասությունը հարթել:
Ըստ քրեական աշխարհին մոտ կանգնած աղբյուրների տեղեկությունների՝ Գեւորիկը չի ցանկանում, որ իր ծեծը հայտնի դառնա հանրությանը, քանի որ կրիմինալ աշխարհում «գողին» ծեծելը համարվում է ոչ պատվաբեր:
Քանի որ քրեական տարրերը լրագրողների հետ չեն շփվում, ուստի «Ժողովուրդ»-ը փորձեց Օշականցի Գեւորիկի եղբոր աղջկանից՝ երգչուհի Սյուզի Մելիքյանից պարզել, թե ով եւ ինչու է ծեծի ենթարկել հորեղբորը. «Նման բան չկա: Ծեծ չի եղել»,- շտապեց վստահեցնել երգչուհին: Իսկ որտե՞ղ է հիմա ձեր հորեղբայրը: Մեր այս հարցին Սյուզին պատասխանեց. «Թե հիմա հորեղբայրս ուր է, չեմ կարող ասել: Իրենից պետք է հարցնեմ՝ ինքն ուզո՞ւմ է իր տեղն իմանան, թե՞ ոչ: Կրկնում եմ՝ նման բան չկա ու չի կարող լինել, այս ամենն ուղղակի խոսակցություն է»:
Ըստ «օրենքով գողի» եղբոր դստեր` իրենք հրապարակված տեղեկություններին ուշադրություն չեն դարձրել. «Երբ որոշ ժամանակ առաջ որոշ տեղեկություններ տարածվեցին, թե նրան ծեծել են, ես իմ ծնողներից հետաքրքրվեցի, պարզվեց՝ նման բան չկար: Ճիշտ հասկացեք, ես իմ հորեղբոր կյանքը չեմ մտնում, դա իր կյանքն է, բայց եթե նման բան լիներ, մենք կիմանայինք»,-ասաց երգչուհին՝ հավելելով, թե որոշ մարդկանց է ձեռք տալիս, որ իր հորեղբոր շուրջ աղմուկ բարձրանա: Իսկ թե ում՝ Սյուզի Մելիքյանը չկարողացավ նշել. «Չգիտեմ, բայց շուխուր անելուց հետո այնպիսի բան ասեն, որ գոնե իրականությանը համապատասխանի»:
Իսկ թե ինչ ավարտ կունենա կրիմինալների ռազբորկան դեռ հայտնի չէ: Բայց որ քրեական աշխարհը չի լռի, եւ մեղավորների պատիժն անխուսափելի է, ըստ էության, բացառել չենք կարող:
Հիշեցնենք, որ 2011թ. Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը որոշել էր Օշականցի Գեւորիկի «նկատմաբ, որպես խափանման միջոց, կիրառել երկամսյա կալանավորումը»: Նրան ազատազրկելու պատճառն այն է, որ ոստիկանները նրա մոտ հայտնաբերել էին 6,2 գրամ ափիոնանման զանգված: Սակայն ավելի ուշ Գեւորգ Մելիքյանը համաներմամբ ազատ արձակվեց:
Իսկ ինչ վերաբերում է երրորդմասցի Լյովիկին, ապա նա հայտնի է «ՏԷՑ-ի կռուգի» պատմությունից: Դեռեւս 2005թ. փետրվարի 4-ին՝ ժամը 20:30-ին, Երեւանի ծայրամասերից մեկում՝ «ՏԵՑ-ի կրուգ»-ում, տեղի էր ունեցել փոխհրաձգություն: 15 րոպե տեւած կրակոցների արդյունքում մահացել էր Մհեր Տեր-Հարությունյանը եւ վիրավորվել էին մի քանի տասնյակ մարդիկ:
«Ռազբորկայի» դրդապատճառը թիվ 69 երթուղային գծի համար ծագած վեճն էր: «Գիծը» վիճարկող կողմերը հարցը պարզելու համար կանչել էին թաղային հեղինակություններին, օլիգարխների թիկնապահներին: Զինված բախմանը մասնակցել էր մոտ 200 մարդ: Եվ Լյովիկի անունը սկսեց առավել հնչեղ դառնալ հենց այդ օրերից:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ Է ՀԱՅՏՆԵԼ
Երեկ ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Սայաթ-Նովա 10, 12 հասցեի բնակիչների գործով դատական երկրորդ նիստը: Նշենք, որ բնակիչները դիմել էին դատարան պահանջով՝ կասեցնել շինարարությունը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանը ինքնաբացարկ է հայտարարել այս գործով դատավոր Արգիշտի Ղազարյանին: «Խոստացել ենք, որ իր դատական նիստերին չգնանք: Եթե ինքնաբացարկի միջնորդությունը բավարարեց մենք այդ դատավորի հետ չենք աշխատի: Իսկ եթե ոչ, ապա մենք հայցից կհրաժարվենք եւ նորից մուտք կանենք ուրիշ տեղ, որ ուրիշ դատավոր լինի: Քանի որ դատավորը հստակ ցույց է տալիս իր տրամադրվածությունը: Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը ոչ մի դիրքորոշում չի ներկայացնում: Ընդհանրապես փաստաբանն իրավունք չունի էմոցիաներ ցույց տալու, բայց ես չկարողացա զսպել»,- բացատրեց փաստաբանը:

 

ՓՆՏՐՈՒՄ ԵՆ
Կուտակային կենսաթոշակների դեմ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով աշխատանքից ազատված Երեւանի մետրոպոլիտենի երեք աշխատակիցները դեռ շարունակում են աշխատանք փնտրել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ գործազուրկ դարձած Անդրանիկ Գեւորգյանից. «Մեր աշխատանքային գրքույկում նշված է, որ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 6-րդ կետի հիման վրա ենք ազատվել: Դրա համար էլ ոչ մի հիմնարկ մեզ աշխատանքի չի ընդունում: Ստիպված շինարարությունում ենք աշխատանք փնտրում, որովհետեւ միայն այնտեղ է, որ նման երեւույթների վրա ուշադրություն չեն դարձնում»: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Երեւանի մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատողներ դուրս էին եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի: Ակցիային մասնակցած երեք աշխատակիցների՝ Անդրանիկ Գեւորգյանին, Գագիկ Գալստյանին եւ Սեւակ Հովհաննիսյանին ակցիայից օրեր անց Մետրոպոլիտենի տնօրինությունն ազատել էր աշխատանքից: Ինչից հետո վերջիններս դիմել են դատարան: Այս գործով դատական առաջին նիստը տեղի կունենա մայիսի 6-ին:

 

ՆՎԱԶԵԼ Է
Վերջին օրերին Երեւանի մանկապարտեզներում նվազել է երեխաների հաճախելիության թիվը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառը հանրապետությունում տարածված սուր շնչառական վարակներն են եւ գրիպը: «Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանից փորձեց պարզել, թե տեղյակ են արդյոք` ինչն է հաճախելիության նվազման պատճառը: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փոխանցեցին, որ երեխաների հաճախելիության թվի նվազումը պայմանավորված չէ սուր շնչառական վարակների եւ գրիպի հետ. «Այն պայմանավորված է վերջին օրերի ձյան առատ տեղումներով: Հարկ ենք համարում նաեւ նշել, որ այսօրվա դրությամբ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների հաճախելիությունը նորմայի սահմաններում է»:

 

ԱՍՏՂԵՐՈՎ ԵՆ ԽԱԲՈՒՄ
«Կյանքի խոսք»-ը շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հովանավորելով` սովորական մարդկանցից է գումար կորզում: Այս մասին երեկ լրագրողներին ասել է Տեր Եսայի քահանան: Նրա փոխանցմամբ` երբ իրենք հարցնում են մարդկանց, թե ինչո՞ւ են միանում «Կյանքի խոսք»-ին, նրանք պատասխանում են, թե այնտեղ հայտնի մարդիկ են՝ դրա համար»: Armlur.am-ի հարցին, թե Սուրբ Երրորդություն եկեղեցի այցելե՞լ են արդյոք շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր նախկինում եղել են «Կյանքի խոսք»-ից, քահանան պատասխանել է. «Իհարկե ոչ բոլորը, սակայն մի քանիսն աստղերից այնտեղ այցելում են միայն հովանավորվելու համար, բայց աղանդին լուրջ չեն վերաբերվում: Կոնկրետ մարդկանց անուններ չգիտեմ, ովքեր դուրս են եկել»։

 

 

 

 
ԲԼԹ

«Ապրիլի 9-ը թող լինի իմ ինքնաուրացման ու հոգեհանգստի օր»:

Րաֆֆի Հովհաննիսյան armlur.am

Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին իսկապես ունեցավ ինքնաուրացման եւ հոգեհանգստի օր, վաղուց բոլորին հայտնի է: «Ժառանգության» ղեկավարը ստանալով կես միլիոնից ավելի ձայն, հազարավոր մարդկանց իրականում հուսախաբ արեց՝ Սերժ Սարգսյանի նստավայրում հետաքրքրվելով միայն «դիգին Ռիտայի» որպիսությամբ: Դրանից առաջ էլ ծիծեռնակաբերդյան աղոթքով ոչնչացրեց եւ ինքնաուրացավ: Բայց ամեն դեպքում չի կարելի չգնահատել Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ նա ազնիվ գործիչ է. նա խոստովանել է ճշմարտությունը: Այսօր ոչ բոլորն են ինքնախոստովանություն անում:

 

 
«Որեւէ մեկը չի կարող բռնություն ցուցաբերել, որ նա աշխատի, եթե վարչապետն անձամբ չի ուզում»:

Սուքիաս Ավետիսյան 1in.am

Այո, իհարկե, Հայաստանն էլ բացարձակապես անկախ եւ ինքնիշխան պետություն է, Ռուսաստանի հետ էլ հավասար գործընկեր է, այլ ոչ թե վասալի կարգավիճակում եւ նույնիսկ Ռուսաստանը վերեւից ոչինչ չի կարող պարտադրել, էլ չենք խոսում Սերժ Սարգսյանի մասին… Հանրապետական պատգամավորներին որ լսես՝ իրենք Տիեզերքի կենտրոնն են, եւ ամբողջը պտտվում է իրենց շուրջ: Պարզապես երկիրն է, չգիտես ինչու, թշվառ եւ ողորմելի վիճակում, ընդամենը 3 միլիոն բնակչության չեն կարողանում պահել… Իսկ թե այս երկրում ինչպես են բռնություններ ցուցաբերում, վաղուց արդեն տեսել ենք:

 

 

 

 

«Դա ողբերգություն չէ: 4.5 միլիարդը տնտեսական իմաստով ծանր վիճակ չէ, չպետք է մոռանանք, որ դա առաջին հերթին առաջացել է տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի պատճառով, դրա հետեւանքով էլ երկու անգամ ավելացել է»:

Մկրտիչ Մինասյան 1in.am

Ինչպես կարող է ՀՀԿ-ական ծերակույտի կարկառուն ներկայացուցչի համար 4,5 միլիարդ դոլար կազմող՝ Հայաստանի արտաքին պարտքը ողբերգություն լինել, եթե նա շատ լավ գիտի, որ արդյունքում միեւնույն է՝ այդ 4,5 միլիարդը ժողովրդի քթից են բերելու, ժողովրդից են քամելու, իրենց ոչինչ չի սպառնում: Ի վերջո, հենց Մկրտիչ Մինասյանի թիմակիցների ջանքերով է այդ պարտքը հասել նման չափերի: Իսկ թե ինչպես են ծախսվել այդ գումարները, կարելի է դատել նրա թիմակիցների շքեղ դղյակներից, մեքենաներից, այլ ունեցվածքից, կազինոներում տանուլ տված գումարների չափից:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս