ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԿԴԱՌՆԱ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի՝ վերջին ամիսների քայլերը վկայում են մեկ բանի մասին. քաղաքական դաշտում նա մնացել է մենակ, նրա իշխանությունը սկսել է կազմաքանդվել: Ու հիմա Ս.Սարգսյանը փորձում է ամենատարբեր մեթոդներով պահպանել եղածն ու հնարավորինս երկարաձգել պաշտոնավարման ժամկետը: Այս առումով պատահական չէին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երեկվա նիստում նրա հայտարարությունները:

«Հրաշալի քառյակ»-ի խոստացած եռօրյա շուրջօրյա հանրահավաքներից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարությանը զոհաբերելուց հետո Սերժ Սարգսյանը երեկ էլ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում հրապարակավ խոստացել է. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:
Այս օրերին, երբ քաղաքական դաշտն անհամբեր սպասում է, թե ով է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ անցկացնելն ու այնտեղ նման հայտարարություններ անելը, թերեւս, պատահական չէին: Առավել եւս, երբ Սահմանադրական փոփոխություններն իշխանությունները ցանկանում են իրականացնել 2015-16 թվականներին, ասել է թե՝ մինչ այդ հսկայական ժամանակ կա: Ակնհայտ է, որ սրանով Սերժ Սարգսյանը նախ եւ առաջ փորձում է շեղել հասարակության ուշադրությունը «հրաշալի քառյակ»-ից ու Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ՝ կառավարության հրաժարականի թեմայից:
Մյուս կողմից՝ նման հուզական հայտարարություններով Ս.Սարգսյանը փորձում է հասարակությանը, ինչպես նաեւ «հրաշալի քառյակ»-ին հեռակա կարգով համոզել, թե՝ «ավել բան չեմ ուզում. թողեք ժամկետս ավարտվի, գնամ»: Միայն թե, Սերժ Սարգսյանը, հայտարարելով, որ ինքը չի զբաղեցնի ՀՀ նախագահի ու վարչապետի պաշտոնը, «պատահաբար» մոռացել է թվարկել նաեւ ԱԺ նախագահի պաշտոնը: Այլ կերպ ասած, Ս.Սարգսյանը չի զբաղեցնի նախագահի ու վարչապետի պաշտոնը, բայց ԱԺ նախագահ դառնալուն այնքան էլ դեմ չի լինի:
Սա, թերեւս, պատահական չէ. բանն այն է, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկ հրապարակել է նոր հայեցակարգի նախագիծը, եւ այնտեղ ուշագրավ դրույթներ կան. «Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: …Նրա հիմնական առաքելությունը կլինի Սահմանադրության պահպանմանը հետեւելը, հակակշռող եւ զսպող լիազորությունների արդյունավետ գործադրումը, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա չունի ուղղակի ներգրավվածություն քաղաքական ընթացիկ խնդիրներում, վերկուսակցական է, անաչառ եւ կատարում է, առաջին հերթին, հաշտարարի ու միջնորդի դեր՝ ունենալով երկրի զարգացման դինամիկ հավասարակշռությունն ապահովելու կարեւոր առաքելություն», «Վարչապետը պաշտոնն ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձեւավորվում է վարչապետի կողմից եւ պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջեւ»: Այլ կերպ ասած` ԱԺ նախագահն ի պաշտոնե դառնում է երկրի փաստացի ղեկավարը:
Ու հիմա, Սերժ Սարգսյանը, հայտարարելով, որ այլեւս չի առաջադրվի նախագահի պաշտոնում, ոչ էլ կլինի վարչապետ, այնուամենայնիվ, չի բացառում ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հավանականությունը: Թեեւ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունները դեռ չեն նշանակում, որ նա, այնուամենայնիվ, վերջնականապես հրաժարվել է այդ մտքից. ցանկացած պահի նա կարող է վերանայել իր մտադրությունները: Ի վերջո, 1998թ. հեղաշրջումից հետո Ռոբերտ Քոչարյանն էլ էր բացառում նախագահի պաշտոնում իր առաջադրվելը, բայց այդ ասուլիսից մի քանի օր անց, նա, չունենալով Սահմանադրությամբ պահանջվող ՀՀ 10 տարվա քաղաքացիություն, այնուամենայնիվ, առաջադրվեց ու զբաղեցրեց նախագահի պաշտոնը:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. Սերժ Սարգսյանն, ըստ էության, հայտարարում է, որ դեմ է Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելուն, բայց, այնուամենայնիվ, համաձայն է, որպեսզի սահմանադրական փոփոխությունների ժամանակ այդ տարբերակը դրվի քննարկման: Սա տարօրինակ է: Թեեւ մյուս կողմից՝ նա փորձում է ցույց տալ, թե ինքն այնքան ժողովրդավար է, որ համաձայնվել է իր համոզմունքներին դեմ տարբերակի: Ընդ որում, խոսքն այն տարբերակի մասին է, որին կողմնակից են «հրաշալի քառյակ»-ի կուսակցություններից առնվազն երկուսը՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն: Սրանով նա փորձում է իր կողմը գրավել այդ ուժերին. բայց դատելով երեկվա արձագանքներից՝ ապարդյուն: Առավել եւս, երբ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ հայտարարել է, թե իրենց առաջարկն ամենեւին էլ չի նշանակում անցում խորհրդարանական կառավարման: Ավելին՝ ԲՀԿ-ն արդեն իսկ հայտարարել է, որ իրենք դեմ են Սահմանադրական փոփոխություններին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾԱՐԱՐԸ ԳԻՇԵՐ ՈՒ ԶՕՐ ԱՂՈԹՈՒՄ Է

ՀՀ Շիրակի մարզում գործող «Իգիթ» կաթնամթերքի արտադրամասում այս ամիսներին զգալիորեն կրճատվել են արտադրանքի ծավալները: Նմանատիպ վիճակ է նաեւ պանրի արտադրությամբ զբաղվող մյուս ընկերություններում: Պատճառն այն է, որ այս սեզոնին կաթը քիչ է, ինչի արդյունքում էլ հանրապետությունում նկատվում է պանրի որոշակի դեֆիցիտ:

-Կաթը քիչ է, քանի որ անասուններն արոտ դուրս չեն եկել: Մայիսի կեսերին նոր կաթը կավելանա:
-Գազի եւ էլկտրաէներգիայի սակագների բարձրացումն ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ Ձեր ընկերության վրա:
-Պետք է արդեն սկսենք կաթնամթերքի գները վերանայել: Չգիտե՞ս, թե մեր երկրում այս պայմաններում ոնց ենք աշխատում. ինչքան հնարավոր է սեղմվում ենք, ծախսերը քչացնում, կամ էլ՝ քիչ շահույթով ենք աշխատում:
-Դժվա՞ր է այդպես աշխատել:
-Դժվար է, բա ինչ է: Մենք այսքան տարիների ընթացքում ներդրում ենք արել, ահագին աշխատել ենք, չարչարվել, ուղղակի չենք կարող նման հասարակ բաներից փակել արտադրությունն ու թողնել գնալ: Պետք է հարմարվենք, ի՞նչ անենք, մեր երկիրն է ու մենք:
-Բազմաթիվ գործարարներ այս վեց ամսվա ընթացքում աշխատողներին կրճատեցին: Դուք ինչպե՞ս եք վարվելու:
-Ես վարկային մեծ պարտավորություններ ունեմ: Պետք է այդ վարկերը փակեմ ու քիչ շահույթով կարողանամ այս արտադրությունը պահել: Աշխատողներ դեռ չեմ կրճատել, բայց աշնանը սպասվում է:
-Պարոն Իգիթյան, Հայաստանում ե՞րբ սկսեց վատանալ գործարարի վիճակը:
-Ռոբերտ Քոչարյանից հետո, երբ իշխանությունը փոխվեց: Բոլորս էլ հավատացինք, որ երկրում վիճակը կլավանա ու սկսեցինք մեծ ներդրումներ անել: Տիգրան Սարգսյանն էլ եկավ եւ ուրիշ քաղաքականություն տարավ: Ինքն արտադրությունից հեռու մարդ էր:
-Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, հիմա ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում:
-Ախր, վարչապետով չէ միայն որոշվում: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց մեր ազգից մեղք ազգ չկա: Կոմունիստներն ունեին անփոխարինելի բաներ, բայց հիմա չես հասկանում, թե հանցագործը, թալանչին ինչու չեն պատժվում: Այսպիսի դեմոկրատիա կլինի՞:
-Իսկ ինչպիսի՞ նոր վարչապետ կցանկանաք տեսնել:
-Թող էն մարդը գա, ով պատկերացնում է արտադրությունը, այլ ոչ թե նստի հաշվիչի մոտ ու զարկի, թե՝ էսքան տոկոս ունիս վճարելու: Մենք գիշեր ու զօր աղոթում ենք, որ նորմալ իշխանություն գա: Մեր երկիրը չդատարկվի: Վերջը գիտենք, որ լավ կլինի:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԿՎՃԱՐԵՆ 50%-Ը
Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը հայտարարել է, որ այս տարի ցրտահարությունից տուժած գյուղացիներն օժանդակության կարգով կազատվեն հողի հարկից, իսկ ջրի վարձը կվճարեն 50%-ով: Նա նշել է, որ ցուցակներ կկազմվեն, որտեղ նշված կլինեն, թե ինչ օժանդակություն է ցույց տրվելու տուժած կարիքավորներին: Բացի այդ մարզային եւ տեղական իշխանությունները պետք է կազմեն շահառուների ցուցակները, որոնք տեղադրվելու են մարզպետարանների կայքերում, իսկ ջրի օժանդակության ծրագրի շահառուների ցուցակը հասանելի կլինի Ջրտնտպետկոմի կայքում: 2014թ. վարձավճարները փոխհատուցելու նպատակով ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմին հատկացվել է 487 մլն դրամ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ անցած տարի կարկուտից տուժածներին սոցիալական գծով հատկացվել է 120 մլն դրամ: Այս տարի նախատեսվել է 150-200 մլն դրամ աջակցություն ցուցաբերել: Սերմացու ձեռք բերելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվեհամարից օգտագործել 85 մլն դրամ: Նույն ՊՈԱԿ-ի միջոցով սերմացուն տրամադրվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետարաններին, որոնք 10-օրյա ժամկետում համայնքների ղեկավարների միջոցով սերմացուն ըստ բաշխացուցակի հասցնելու են հողօգտագործողին:

 

ԿՄԵՂՄՎԻ՞
Երեկ կառավարությունում քննարկվել է Ազգային ժողովում բարձրացված տրանսպորտային միջոցների երթեւեկության կարգը եւ տուգանքների չափը կանոնակարգող օրենքի նախագիծը: Եթե ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություններ կատարվեն, ապա նվազ վտանգավորություն ունեցող մի շարք խախտումների դիմաց գործող աստղաբաշխական տուգանքների չափը փոքր-ինչ կմեղմվի: Գործադիրի հաղորդագրությունում նշվում է, որ «ՀՀ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ ներկայացված նախագծի ընդունմանը», թեեւ խորհրդարանից ստացված առաջարկի վերաբերյալ ավելի որոշակի վերաբերմունք արտահայտելու համար գործադիրը ժամանակ է խնդրել: Առաջարկվող նախագծով, օրինակ, լուսացույցի արգելող ազդանշանի առկայութան դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման պահանջները չկատարելու համար սահմանված տուգանքի չափը ներկայումս 10 հազար դրամ է: ԱԺ-ն առաջարկում է այն միանգամից կիսով չափ կրճատել ու թողնել 5000 դրամ: Տուգանքները մեղմող բազմաթիվ այլ տրամաբանական ու անհրաժեշտ փոփոխություններ նույնպես կարելի է գտնել, բայց, ըստ երեւույթին, նախագծի հեղինակ պատգամավորներն առայժմ փոփոխությունների փոքր փաթեթ են ներկայացրել գոնե դրանք կյանքի կոչելու ու հետո նոր մյուսներին անցնելու նպատակով:




Լրահոս