ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին կարող ենք կառավարության «պապաներից» մեկը համարել, որովհետեւ նա այս պաշտոնը ստանձնել է 2001թ., այսինքն՝ 11 տարվա նախարար է ու իր կողքին էլ չունի մեկին, որը կարող է նման «ստաժ» ներկայացնել:
Իշխանության հնաբնակներից մեկը լինելով` Արմեն Մովսիսյանը կարողացել է «լեզու» գտնել ինչպես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, այնպես էլ վարչապետեր Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի հետ: Նա չի համարվում Տիգրան Սարգսյանի սիրելի նախարարներից, բայց, ինչպես նշում են մեր իրազեկ աղբյուրները, վարչապետը շատ զգուշավոր հարաբերություններ ունի նրա հետ, երբեք նրան դիտողություն չի անում, անգամ վախենում է: Դե, ինչպե՞ս կարող է չվախենալ, երբ Մովսիսյանը համարվում է «նախագահի մարդը», երկրի կարեւորագույն ոլորտներից մեկի պատասխանատուն, որն իր «հարաբերությունները» կառուցում է ոչ թե վարչապետի, այլ նախագահի հետ:
Կառավարության «ընենց» (բառը Տիգրան Սարգսյանինն է) հրաժարականից հետո Արմեն Մովսիսյանը որեւէ անհանգստություն եւ մտավախություն չունի իր պաշտոնավարման հեռանկարի համար, ուստի այս «հրաժարականը» մեկնաբանեց «փիլիսոփայորեն»` իբրեւ Սահմանադրության պահանջ: Այսինքն՝ թե՛ Արմեն Մովսիսյանը, թե՛ նախարարության աշխատակազմի շատ անդամներ, ում հետ մենք զրուցեցինք, համոզված են, որ սա ընդամենը ձեւական մի բան է, որ Արմեն Մովսիսյանը «հա~ եղել ու լինելու է նախարար»: «Իրենից բացի` մեկ ուրիշին չենք պատկերացնում, իր գործի արհեստավարժն է, հրաշալի կազմակերպիչ, լավ մարդ է»,-ասաց վարչություններից մեկի պետը:
Զրուցեցինք նախարարության ենթակայության տակ գտնվող մի քանի կառույցի ղեկավարների հետ: Հենց իմացան մեր ով լինելը, սկսեցին գովել ու փառաբանել իրենց նախարարին, խոսել նրա անփոխարինելիության մասին: Բայց… եղան նաեւ «ջղայնացած» կարծիքներ ու գնահատականներ: Մասնավորաբար Արմեն Մովսիսյանի «չուզողներից» մի քանիսը, որոնք զբաղվում են մասնավոր հէկ-երի գործունեությամբ, նշեցին, թե նախարարի երկարակեցության գաղտնիքը նրա սերտ հարաբերությունն է Սերժ Սարգսյանի հետ, նաեւ ասացին, որ նախարարը հավասար վերաբերմունք չունի տնտեսվարողների նկատմամբ: Հատկապես սյունեցիները Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ օգտվում են նրա «բարեհաճ» վերաբերմունքից, իսկ ահա «օտարները» միշտ հանդիպում են խոչընդոտների: Ցանկացանք զանգել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կարծիքն իմանալ նախարար Մովսիսյանի մասին: Մեր զանգերին պատասխանեց մեկը, որը ներկայացավ մարզպետի օգնական ու ասաց, որ մարզպետն Արմեն Մովսիսյանին շատ բարձր է գնահատում, հարգում է եւ համարում հայ ժողովրդի պանծալի զավակներից մեկը: Ա՛յ այսպես, մեր կողքին պանծալի զավակներ են ապրում, իսկ մենք մեր «չուզողությամբ» երբեմն «քլնգում ենք» նրանց:
Իհարկե, շատ կուզենայինք, որ մեր կարծիքն էլ համահունչ լիներ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության այն մոտ մեկ տասնյակ աշխատակիցների կարծիքներին, որոնք ուղղված էին նախարարին փառաբանելուն: Բայց մեր կարծիքը շատ ավելի մոտ է նրանց, որոնք օր առաջ ցանկանում են նախարարի պաշտոնանկությունը, որովհետեւ Արմեն Մովսիսյանը հիմնական սկզբունքը դարձրել է ճահճացումը, կադրերին բաժանել է յուրայինների եւ ոչ յուրայինների, էներգետիկայի ոլորտը հիմնականում վերածել հակաժողովրդականի, որը գործում է ընդդեմ հայաստանցիների, իսկ բնական պաշարների տնօրինությունն էլ հանձնել մի խումբ «ձեռներեցների», որոնց մեջ մեծ թիվ են կազմում պատգամավորները, նախագահի աշխատակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, իրենց օլիգարխ հռչակածները: Արմեն Մովսիսյանը կարողացել է հզոր պատնեշ ձեւավորել իր շուրջ` կազմված իր «լավություններից» օգտվող մարդկանցից: Վերջիններս էլ պաշտպանում են նրա` համոզված, որ մեկ ուրիշ նախարարի դեպքում գուցե երերուն դառնան իրենց հենարանները…
Արմեն Մովսիսյանի երկարակեցության գաղտնիքներից մեկն էլ այն է, որ երբեք չի ընդդիմանում նախագահին, երբեք սեփական կարծիք չի հայտնում, երբեք չի պաշտպանում մեր երկրի շահերն ու հետաքրքրությունները: Նրան ինչ ասում են, լռելյայն կատարում է ու հպատակվում: Նա սերտ կապեր է հաստատել Հայաստանում գործող օտարերկրյա կառավարիչների հետ եւ համաձայնում է նրանց առաջարկած սակագներին ու ծառայությունների վարձերին:
Որոշ ժամանակ առաջ Արմեն Մովսիսյանը հպարտանում էր, որ լուծել է նոր ատոմակայանի կառուցման հարցը, որ գտել է մեծ թվով ներդրողների, սակայն պարզվում է՝ նախարարը ոչինչ էլ չի արել, որովհետեւ առայժմ, բացի Ռուսաստանից, որը պատրաստ է մեկ միլիարդ դոլար եւ արտոնյալ վարկ տրամադրել, այլ ներդրողներ ի հայտ չեն եկել: Բայց դրա համար նրան պաշտոնանկ չեն անի, որովհետեւ շատերն են ինչ-որ խոստումներ տալիս, ազգափրկիչ ծրագրերից խոսում, ապա ոչինչ չանելով` շարունակում վայելել իրենց պաշտոնները, ամենաերկարակյաց նախարարը` առավել եւս, մանավանդ որ նա նախագահի սիրելին է: Իսկ մարդուն սիրում են ոչ միայն գեղեցիկ աչքերի, այլեւ այն բանի համար, որ նա երբեք «քաղցած» չի թողնում իշխանության վերնաշերտում գտնվողներին: Ժամանակին խոսակցություններ կային, որ միայն էներգետիկայի ոլորտից տարեկան մոտ 50 միլիոն դոլար բաժին է հասնում իշխանական բուրգը ներկայացնողներին: Իսկ այդ գումարներն էլ անցնում են Արմեն Մովսիսյանի ձեռքի տակով եւ «ապաստանում» ապահով տեղերում…
ՀՆԱԲՆԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ` ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ