ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՍԽԱԼՎՈՒՄ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

70-ականների վերջերին առաջ եկան գենային ինժեներիայի արագ եւ արմատական միջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր է ներմուծել նոր, օտարածին գեներ: Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) համարվում են բոլոր այն օրգանիզմները, որոնք առաջացել են  ոչ թե բնական սելեկցիայի, այլ գենետիկական ինֆորմացիայի փոփոխման, մոլեկուլային կենսաբանության միջամտությամբ:
Արդյոք ԳՄՕ-ները մարդու համար անվտանգ են: «Այսօր դժվար է ասել, թե ինչ քանակությամբ ենք օգտագործում ԳՄՕ պարունակող սնունդ: Քանակական առումով կան դրական արձագանքներ, չէ՞ որ բնակչության աճի հետ անհրաժեշտ է ապահովել սնունդը: Երկրագնդում ապրում է շուրջ 7 մլրդ բնակչություն, որից 1/3-ը  թերսնված է: Ավելին, մարդու կերաբաժնին անհրաժեշտ 50% սպիտակուցներից 15-20% է ապահովված: Ինչ ազդեցություն կարող են ունենալ այդ փոփոխված օրգանիզմները մարդու առողջության վրա՝ չենք կարող ասել, որովհետեւ դրանց ազդեցությունը մինչեւ վերջ ստուգված չէ: Մենք չենք կարող ասել՝ որն է ավելի վտանգավոր մարդու առողջության համար՝ բնության մեջ բնական խաչասերումից ստացված տեսակների՞, թե՞ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող սննդամթերքի օգտագործումը: Այն ավելի գլոբալ եւ վտանգավոր կարող է լինել գենոֆոնդի, էկոհամակարգի վրա բացասական ազդեցության առումով»,-հարցի առնչությամբ իր մտահոգությունն է հայտնում բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Արտաշես Զիրոյանը:
Հետաքրքիր է, որ 1990-ականների վերջին աշխարհում առաջին նախադեպեր համարվող գենետիկորեն փոփոխված լոլիկն ու կարտոֆիլը գրեթե միաժամանակ թափանցեցին Հայաստան: Այդ ժամանակ հումանիտար մեծ օգնություններից կախված Հայաստանը գրեթե բաց շուկա էր եւ մինչ օրս էլ շարունակում է այդպիսին լինել նորարարությունների համար: «Մենք իրավունք չունենք վստահելու մի բանի, որն ամբողջությամբ ուսումնասիրված չէ: Վերջապես, մենք գործ ունենք մարդու առողջության հետ, եւ միայն նրա համար, որ հաճոյանանք որեւէ արտադրողի կամ ներկրողի, չենք կարող ողջունել երեւույթը: Մեր ծառայության կողմից գաղտնիության սկզբունքով կատարվում է տնտեսվարողի կողմից հանրապետություն ներկրվող սննդամթերքի փորձաքննություն: ԳՄՕ պարունակության առկայության դեպքում տնտեսվարողին պարտադրվում է կատարել համարժեք մակնշում: Վստահեցնեմ, որ  ծառայությունը հետեւողական է լինելու եւ ոչ մեկի բիզնեսը կանխամտածված առաջ չի տանելու: Սննդի ոլորտում յուրաքանչյուր խախտում, համապատասխան մակնշման բացակայություն  հայտնաբերման դեպքում պատժվելու է: Փաստեմ, որ հայաստանյան շուկայում հայտնաբերված է ԳՄՕ-ներ պարունակող բազմատեսակ սննդամթերքի շրջանառություն եւ սպառում»-նշում է ՀՀ սննդի անվտանգության ծառայության լրատվության բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:
Ի հավելումն վերոնշյալի՝ «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիայի վարիչ Կ. Դարբինյանը նույնպես փաստում է, որ կատարվել են բազմաթիվ փորձարարական ուսումնասիրություններ տարբեր կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց առաջարկով, եւ շուրջ 59 տեսակի մթերքի մեջ հայտնաբերվել են ԳՄՕ-ներ: Ի հավաստումն այս ամենի` վերջինս ներկայացրեց արդեն կազմված արձանագրությունների փաթեթը, որտեղ առկա էին մասնավորապես նրբերշիկի, սառեցված հավի մսի, ձկան կերի եւ այլնի մեջ ԳՄՕ պարունակության դրական արդյունքները:
Նշենք, որ այս խնդրի դեմ պայքարում Հայաստանը սկսնակ է, միայն 2004թ-ին է մեր երկիրը միացել Կենսաանվտանգության մասին կարթագենյան արձանագրությանը, որը ԳՄՕ-ների տրանսսահմանային տեղաշարժը կարգավորող իրավական առաջին փաստաթուղթն է: Արձանագրության նպատակն է ապահովել ժամանակակից կենսատեխնոլոգիայից բխող` կենդանի վերափոխված օրգանիզմների անվտանգ փոխանցման, մշակման եւ օգտագործման ոլորտում պաշտպանության համապատասխան մակարդակ՝ հաշվի առնելով նաեւ մարդկանց առողջությանը սպառնացող վտանգը, հատուկ ուշադրություն դարձնելով անդրսահմանային փոխադրումներին:
Ամփոփելով՝ ասենք, որ շատերը չգիտեն, թե ինչ է նշանակում ԳՄՕ: Առայժմ մեր խանութներում գրեթե չեն հանդիպում մթերքներ, որոնց վրա նշված լինի ԳՄՕ պարունակության մասին: Դա սպառողի իրավունքի խախտում է: Եվրոպական երկրների սպառողը, ի տարբերություն մեզ, ունի ընտրության  հնարավորություն:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս