Երևանի քաղաքապետարանը 2015 թ. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ դեկտեմբերի 6-ից մինչև 2015 թվականի հունվարի 6-ը ներառյալ Հյուսիսային պողոտայում կազմակերպում է արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը:
Հյուսիսային պողոտայում շուրջ 30 տասնյակ ինքնատիպ և տոնական ձևավորված հատուկ տաղավարներում կներկայացվեն Ամանորին և Սուրբ Ծննդյան օրվան նվիրված խորհրդանիշեր, տոնական զարդարանք և հուշանվերներ, քաղցրավենիքի լայն տեսականի՝ ամանորյա հրուշակեղեն, շոկոլադի տեսականի, տարբեր մրգերից պատրաստված անուշահամ չրեր, տաք գինի: Կվաճառվեն նաև գրքեր, բացիկներ ու այլ գրենական պիտույքներ: Տոնավաճառի այցելուները ականատես ու նաև մասնակից կդառնան տոնավաճառի տարածքում կազմակերպված տարաբնույթ այլ միջոցառումների ու վիկտորինաների` լրացուցիչ լիցքեր հաղորդելով տոնավաճառի ուրախ մթնոլորտին:
Տոնավաճառը կգործի դեկտեմբերի 5-ից մինչև 2015 թվականի հունվարի 6-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 13:00-ից 22:00-ը: